Երևանի պետհամալսարանի ուսանողներն ու դասախոսները դասադուլ են հայտարարել այդ բոլոր առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ" />

Հայաստանում փորձում են պաշտպանել հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունը նախարարական նոր նախագծից

Երևանի պետհամալսարանի ուսանողներն ու դասախոսները դասադուլ են հայտարարել այդ բոլոր առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ

Արայիկ Հարությունյան, հայոց լեզու, Երևանի պետական համալսարան, գործադուլ, ոչ պարտադիր առարկաներ, բարձրագույն կրթություն, բուհ

Հայաստանում Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները նոյեմբերի վեցի առավոտից գործադուլ էին հայտարարել։ Նրանք դեմ են ներկա պահին մշակման փուլում գտնվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագծի որոշ կետերին։

Մասնավորապես, նոր օրինագծի համաձայն, «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը ոչ հումանիտար ֆակուլտետների ուսանողների համար կդադարի պարտադիր լինել։

Ուսանողների և հայագետ-դասախոսների ակցիային, որոնք համաձայն չեն նման որոշման հետ, դեռ չեն միացել Հայաստանի գլխավոր բուհի մյուս ֆակուլտետները։ Սակայն արդեն ցերեկը Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ, որում ասվում էր․

«Նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդ կարող է որոշում կայացնել, որ այս առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում»։

Լեզվի պետական կոմիտեն դժգոհ է Հայաստանում մայրենի լեզվի դասավանդման մակարդակից

Հայոց լեզուն Վրաստանում․ այն պետական լեզու դարձնելու «դեմ» և «կողմ» փաստարկներ

«Հայոց լեզուն նախարարի սեփականությունը չէ»

Ակցիայի մասնակիցներին անհանգստացնում է նաև, որ «ոչ պարտադիր» առարկաների դասավանդումը բուհերում առանց այդ էլ պատշաճ մակարդակի վրա չէ․

«Սակայն խնդիրը շրջանցելը դրա լուծման լավագույն տարբերակը չէ։ Կարող ենք նոր մեխանիզմներ մշակել, հանրային լսումներ կազմակերպել, մասնագիտական խորհուրդ ձևավորել։ Թե չէ տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մեկը երազ է տեսել և առավոտյան որոշել է պատմել այն։ Մենք դեմ ենք դրան, քանի որ «Հայոց լեզու» առարկան նախարարի սեփականությունը չէ։ Նա պետք է հաշվի նստի նաև ուսանողների և պրոֆեսիոնալների հետ։ Սակայն նրանք անտեսվել են», – հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից մեկն՝ ուսանող Գևորգ Ղալումյանը։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներից մեկը՝ լեզվաբան Վարդան Պետրոսյանն ուսանողների նախաձեռնությունը տեղին է անվանել․

«Այն ուղղված է հայոց լեզվի՝ որպես ազգային լեզվի շահերի պաշտպանությանը»։

Հայ գրականության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանը կարծում է, որ այս օրինագիծը մայրենի լեզվի կորստի սպառնալիք է․

«Մեր ֆակուլտետի գիտական խորհուրդն օրինագծի վերաբերյալ իր բացասական դիրքորոշումն է հայտնել։ Բոլորը պատկերացնում են, թե ինչ է նշանակում մեր փոքր ազգի համար XXI դարում մայրենի լեզվի կորուստը»։

Գործընկերոջ հետ համակարծիք է հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը։ Նոր օրինագիծն, ըստ Դիլբարյանի, կվատթարացնի ոչ հումանիտար ֆակուլտետների ուսանողների առանց այդ էլ ոչ կատարյալ լեզվի իմացությունը․

«Բժիշկները խոսում են ռուսերեն, IT մասնագետներն՝ անգլերեն։ Հիմա էլ որոշել են հայոց լեզուն հանել։ Ոչ հումանիտար ֆակուլտետների համար առանց այդ էլ հայերենով մասնագիտական գրականություն չկա։ Ո՞վ է այն թարգմանելու տասը տարուց»։

Գործադուլի մասնակիցները հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են դասերը տարիներով բոյկոտել։

 Փորձագիտական կարծիք

Նոր օրինագծին արդեն դեմ է արտահայտվել կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Եթե Հայաստանի բուհերում «Հայոց լեզու» առարկայի դասավանդման մեթոդաբանությունը շատերին դուր չի գալիս, դա չի նշանակում, որ այն պետք է բացառել ուսումնական պլաններից և պարտադիր առարկաների ցանկից», – նշել է Խաչատրյանը։

Բանասեր Սերժ Սրապիոնյանը նոր օրինագիծը բնորոշել է որպես «գոտկատեղից ներքև հարված»․

«Այդ ծրագրերը հստակ հակահայկական ուղղվածություն ունեն»։

Նրա կարծիքով՝ Ազգային ժողովի 132 պատգամավորներից երեքն անգամ չի կարող իր մտքերը գրագետ հայերենով արտահայտել․

«Եվ առաջարկում են հայոց լեզուն հանել պարտադիր առարկաների ցանկի՞ց»։

Այս կարծիքների հետ համաձայն չէ Ա․ Ալիխանովի անվան Ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) գիտական ղեկավար Արփինե Փիլոյանը։ Նրա խոսքով, բուհերում մասնագիտացված ուսուցումը չափից դուրս ծանրաբեռնված է երկրորդական առարկաներով, և հայոց լեզվի ուսուցումն օգտակար կլիներ, եթե դասավանդման այլ մեթոդիկաներ կիրառվեին․

«Սակայն այդ առարկայի դասավանդման ներկայիս գործընթացը դպրոցական գիտելիքներին ոչինչ չի ավելացնում։ Այսինքն այսօրվա դրությամբ ուսումնական պլաններում հայոց լեզվի պարտադիր ներառմամբ պարզապես ապահովվում է դասախոսների որոշակի խմբի զբաղվածությունը»։

Ըստ Փիլոյանի, հայոց լեզվի իմացության անհրաժեշտ մակարդակին ուսանողները պետք է տիրապետեն բուհ ընդունվելուց առաջ, իսկ բարձրագույն ուսումնական հաստատությունում պետք է պարտադիր լինեն միայն պրոֆիլային առարկաները։

Նոր նախագծի քննարկումները կառավարությունում

Այն մասին, որ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծ, հայտնի է դարձել հոկտեմբերի 22-ին։ Եվ արձագանքը դրան ոչ միանշանակ էր ոչ միայն փորձագետների, այլև կառավարության անդամների և խորհրդարանի պատգամավորների կողմից։

Մասնավորապես, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նոր օրինագիծը բնորոշել է որպես «անհանդուրժողականություն հայկականի նկատմամբ։

«Ինձ համար հասկանալի չէ հայոց լեզվի և պատմության դեմ այս պայքարի նպատակը», – հայտարարել է պատգամավորը։

Ավելին, Տոնոյանը դիմել է օրինագծի հեղինակներին և կոչ արել նույնիսկ չքննարկել այն կառավարությունում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, որ մտադրություն կա դպրոցների ավագ դասարաններում խթանել հայոց լեզվի, գրականության և պատմության ավելի որակյալ դասավանդումը։ Նախարարը նաև ավելի նպատակահարմար է համարում բուհերին թույլ տալ ուղղել ազատված ժամերը մասնագիտական առարկաների դասավանդմանը։

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը հայտարարել է, որ օրինագիծը դեռ հանրային քննարկման չի դրվել։ Նա պարզաբանել է, որ պրոֆիլային հաստատություններում նախագծի քննարկումից հետո ստացված եզրակացություններն ու փորձագիտական կարծիքներն ընդհանրացվելու են, նախագիծը լրամշակվելու է և հետո միայն ներկայացվելու է հանրության դատին։

Նորամուծությունները կարող են վերաբերել ոչ միայն բուհերին

2018թ-ի հուլիսից Հայաստանում ակտիվորեն քննարկվում է նաև դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման ճակատագիրը։

Այն ժամանակ հայկական մամուլում լուրեր հայտնվեցին, թե Հայաստանում ԱՄՆ դեսպանն իբր հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է դպրոցական ծրագրերում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի առկայությունն, ինչպես նաև դրա հետ կապված ճնշումը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ։

Հայաստանում եզդիներն ինքնուրույն են լուծում իրենց խնդիրները

Եվ կրթության նախարարը պատասխանել էր․

«Մենք իրոք այդ առարկայի առնչությամբ բողոքներ ենք ստանում։ Սակայն դիմում են նաև բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ուզում են պահպանել այն։ Մենք այս հարցը կքննարկենք և որոշում կկայացնենք դպրոցներում բոլոր առարկաների, այդ թվում՝ «Հայ եկեղեցու պատմության» նպատակահարմարության վերաբերյալ»։

Վերջերս նա կրկին մեկնաբանել է «յուրաքանչյուր առարկայի առկայության նպատակահարմարության» մասին հարցը․

«Մենք պարբերաբար հանդիպում ենք Ամենայն հայոց կաթողիկոցի և եկեղեցու ներկայացուցիչների հետ՝ դպրոցական ծրագրում այդ առարկայի ներառման հարցը քննարկելու համար։ Վերջնական ուսումնական պլանները կփոխվեն 2023 թ-ից»։

Արդյունքում՝ հարցը հասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ուսումնական ծրագրերում «Հայոց պատմություն» առարկայի առկայության պայմաններում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը զուրկ է տրամաբանությունից», – հայտարարել է կառավարության ղեկավարը նոյեմբերի 4-ին Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացման ժամանակ։

Փաշինյանը դա բացատրել է նրանով, որ աշակերտների գիտակցությունում տարանջատում է տեղի ունենում հայ ժողվրդի և Հայ Առաքելական եկեղեցու միջև, ինչն իրականում չկա։

Նա հավելել, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան «Հայոց պատմության» մեջ ներառելուց դպրոցականները միայն կշահեն, քանի որ դրա արդյունքում ծանրաբեռնվածությունը կնվազի։ Չէ՞ որ պատմականորեն եկեղեցին մեծ դեր է խաղացել երկրի պատմության մեջ, և տարանջատումը նպատակահարմար չէ։

«Հայ եկեղեցու պատմություն» առարկան ներառվել է 4-5-րդ դասարանների դպրոցական պարտադիր ծրագրում 2003-ի հունվարին, իսկ 2005-ից այն արդեն պարտադիր է դարձել 4-10-րդ դասարանի աշակերտների համար։ Որոշ դպրոցներում առարկան դասավանդվում է հոգևորականների, մյուսներում՝ պատմության ուսուցիչների կողմից։ 


Կարդալ ավելին JAMnews-ում