Փորձագետները ենթադրում են, թե ում կարող են գտնել ներկայիս իշխանությունները, ընդդիմությունը պատրաստ է ներկայացրել նախագահի իր թեկնածուին " />

Հայաստանում փնտրում են օտար լեզուների իմացությամբ, հեղինակություն վայելող, անկուսակցական նախագահի թեկնածու

Փորձագետները ենթադրում են, թե ում կարող են գտնել ներկայիս իշխանությունները, ընդդիմությունը պատրաստ է ներկայացրել նախագահի իր թեկնածուին

Հայաստանում ակտիվ քննարկում են, թե ով է լինելու երկրի հաջորդ նախագահը, թեև 4-րդ նախագահը չի ունենալու այն լիազորությունները, որոնք ունեին նախորդները:

Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների համաձայն, 2018 ապրիլից երկրի ղեկավար կլինի վարչապետը, իսկ նախագահը կունենա սահմանափակ լիազորություններ, նրա դերը կլինի ներկայացուցչական, ինչը բնորոշ է խորհրդարանական մոդելով կառավարվող պետություններին:

Որքան էլ նախագահն ունենա խորհրդանշական դերակատարում, քաղաքական ու հասարակական շրջանակները ակտիվ քննարկում են, թե ով է զբաղեցնելու այս պաշտոնը: Ապրիլի 9-ին ավարտվում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները և քաղաքական ուժերը կներկայացնեն նախագահի իրենց թեկնածուին, որը կընտրվի Ազգային ժողովի կողմից:

Հայաստանի 4-րդ նախագահի իդեալական կերպարը

Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հանդիպել է մտավորականների հետ ու նրանց պատմել, թե իր պատկերացմամբ ինչպիսին պետք է լինի երկրի հաջորդ նախագահը.

  • ճանապարհ անցած,
  • երկրի ներսում ու դրսում ճանաչում ունեցող անձ, որը պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն, կներկայացնի Հայաստանն արտերկրում,
  • օտար լեզուների տիրապետող,
  • սփյուռքում, Հայաստանում լայն կապեր ունեցող,
  • հեղինակություն վայելող,
  • անկողմնակալ մարդ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:

Նման իդեալական մարդու նկարագրին համապատասխանող անձ փորձագետներն առայժմ չեն մտաբերում: Նրանց կարծիքով, ամենևին պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե հաջորդ նախագահը պետք է լինի մեկը, ով քաղաքականությամբ երբևէ չի զբաղվել: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը «խաղից հանել է» որոշ անձանց անուններ, ովքեր շրջանառվում էին որպես թեկնածուներ:

Մինչ այս փորձագիտական շրջանակներում խոսում էին այս երեք թեկնածուների մասին.

  • արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան,
  • Սահմանդարական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյան,
  • Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյան:

Միաժամանակ վերլուծաբանները նշում են, որ Հայաստանի հաջորդ նախագահը չի կարող շատ հեռու լինել քաղաքականությունից:

«Որքան էլ նախագահը արարողակարգային դեր ունենա, խորհրդանշական, նա չի կարող քաղաքականությամբ զբաղված անձ չլինել, չզբաղվել քաղաքական գործընթացներով: Սա տրամաբանական չէ: Հայաստանում երևի մեcկը չկա, ով քաղաքականությամբ չի զբաղվել: Հասարակական գործունեությունն էլ քաղաքական է, դիվանագիտական աշխատանքն էլ: Ի՞նչ է՝ հավաքարարի պետք է ընտրեն, որ քաղաքականության հետ կապ չունենա՞»,- ասել է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Սերժ Սարգսյանի կուսակիցները հավաստիացնում են, որ իրենք նախագահի թեկնածուների հարցը դեռ չեն քննարկել և միայն քննարկումներից հետո կորոշեն, թե ով է զբաղեցնելու այս պաշտոնը:

«Այնպես չէ, որ պետք է լինի նախագահի միայն մեկ թեկնածու, և մենք մի թեկնածուի շուրջ այդ քննարկումը ծավալենք: Հնարավոր է, որ մի քանի թեկնածուներից ընտրենք մեկ թեկնածուի»,– ասել է իշխող «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀԿ խոսնակը հայտարարել է, որ նախագահի թեկնածուի անունը հայտնի կլինի առաջիկայում: Այդ թեկնածուի օգտին ամենայն հավանականությամբ հանդես կգա նաև իշխանական կոալիցիայում ընդգրկված Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը:

Ավելին, իրեն ընդդիմադիր հռչակած, իր մեծությամբ խորհրդարանական երկրորդ ուժը՝ «Ծառուկյան» դաշինքը, հնարավոր է ևս սատարի իշխանության կողմից ներկայացված նախագահի թեկնածուին: «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանը օրերս չի բացառել այդ հնարավորությունը՝ ասելով, որ քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է:

Ընդդիմությունն ունի նախագահի թեկնածու, բայց չունի բավարար մանդատներ

Հայաստանի խորհրդարանական ընդդիմադիր մյուս ուժը՝ «Ելք»-ը, ներկայացրել է  նախագահի իր թեկնածուին: Նրանց թեկնածուն պատգամավոր և իրավաբան Արտակ Զեյնալյանն է:

Սակայն, Արտակ Զեյնալյանի թեկնածությունը առաջադրելու համար «Ելք» կուսակցությունների դաշինքի ձայները բավարար չեն: Ըստ սահմանադրթության, թեկնածու կարող է առաջադրել խորհրդարանում մանդատների քառորդն ունեցող քսղաքական ուժը: Բավարար մանդատների քանակ ստանալու համար «Ելք»-ն արդեն նամակով դիմել է «Ծառուկյան» դաշինքին՝ նախագահի այլընտրանքային թեկնածուին աջակցելու խնդրանքով: Բայց ընդդիմադիր գործընկերներից դրական արձագանք չի ստացել:

Սահմանադրության համաձայն՝ նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով և իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ: Եվ նույն անձը այդ պաշտոնը կարող է զբաղեցնել միայն մեկ անգամ:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում