Հարցը քննարկվում է խորհրդարանում, չնայած որ ռուսական ալիքների հեռարձակումը նախատեսված է միջպետական համաձայնագրով " />

Հայաստանում վտանգ են տեսնում ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակման մեջ, բայց արգելել չեն պատրաստվում

Հարցը քննարկվում է խորհրդարանում, չնայած որ ռուսական ալիքների հեռարձակումը նախատեսված է միջպետական համաձայնագրով

Հայաստանում վերահեռարձակվող ռուսական հեռուստաալիքները հաճախ տարածում են «ռասիստական կոչեր, կրոնական բռնություն», բայց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը թույլատրված սխալների համար պատժի մեխանիզմներ չունի: Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցը քննարկվել է Հայաստանի խորհրդարանում՝ չնայած նրան, որ ռուսական ալիքների հեռարձակումը նախատեսված է միջպետական համաձայնագրով:

Ազատություն Կովկասում. Հայաստանում բարելավում, Վրաստանում՝ հետընթաց, Ադրբեջանում վատ է. Freedom House

Ռուսաստանի մասին՝ միայն լավը. Ինչպե՞ս են ֆինանսավորվում և կառավարվում ռուսական լրատվամիջոցներն արտասահմանում

Ո՞րն է վտանգը

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել է, որ Հայաստանը ստիպված է թույլատրել օտարերկրյա հեռուստաընկերությունների ներկայությունը հանրային մուլտիպլեքսի հարթակում, ինչը, նրա կարծիքով, որոշակի սպառնալիք է առաջացնում:

«Աշխարհում ոչ մի երկիր թույլ չի տալիս արտասահմանյան հեռուստաընկերություններին միանալ հանրային մուլտիպլեքսին: Դրա պատճառները տարբեր են՝ և՛ տեխնիկական, և՛ քաղաքական, և՛ գաղափարական՝ հաշվի առնելով ինչպես ազգային լեզվի պահպանման, այնպես էլ տեղեկատվական անվտանգության ապահովման հարցը»:

Հայաստանում այժմ վերահեռարձակվում է արտասահմանյան հինգ հեռուստաալիք. երեք ռուսական՝ «Առաջին ալիք», «Ռոսիա», «Ռոսիա Կուլտուրա», ինչպես նաև միջպետական «Միր» հեռուստաալիքը և ամերիկյան CNN-ը: Դրանք այն 27 հեռուստաընկերությունների շարքում են, որոնք գործում են հանրային մուլտիպլեքսի շրջանակում: Այսինքն դրանցից հինգը հեռարձակվում են ոչ հայերենով: Բայց կան նաև անհանգստության այլ պատճառներ, մասնավորապես, կապված ռուսական հեռուստահաղորդումների բովանդակության հետ:

«Մեզնից ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նրանք կարող են իրենց թոք-շոուների ընթացքում հեռարձակել ռասիստական, կրոնական կամ այլ բնույթի կոչեր, որտեղ հաճախ առկա է նաև խտրականություն»,- ասել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը:

Տիգրան Հակոբյանին մտահոգում է այն, որ Հայաստանը չունի այդ հեռուստաալիքների վրա ներգործության լծակներ, չկան մեխանիզմներ, որոնք թույլ կտային նման դեպքերում տուգանել նրանց կամ պատասխանատվության ենթարկել:

«Այդ արտասահմանյան ընկերությունների նկատմամբ այս կամ այն խախտման դեպքում չի կարելի կիրառել այն պատժամիջոցները, որոնք նախատեսված են մեր օրենսդրությամբ»:

Սահմանափակման մասին առաջարկ

Ռուսական հեռուստաալիքների գործունեությունը սահմանափակելու թեման ակտիվորեն քննարկվում է ինչպես հասարակության մեջ, այնպես էլ խորհրդարանում:

Նախօրեին իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանն առաջարկել էր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին սահմանափակել «Միր», «Ռոսիա» և «Առաջին ալիք» հեռուստաալիքների որոշ հաղորդումների հեռարձակումը:

Նա այդ առաջարկը պատճառաբանել էր նրանով, որ այդ ռեսուրսները հակահայկական բովանդակություն ունեն:

«Հնարավո՞ր է, չնայած համաձայնագրի առկայությանը, սահմանափակել կամ անջատել որոշ հակահայկական կամ հայերի նկատմամբ ատելություն սերմանող ծրագրեր»:

Ի պատասխան՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը ասել էր, որ դա քաղաքական հարց է, և Հայաստանին Վրաստանի և Ուկրաինայի փորձառությունը պետք չէ ձեռք բերել:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես համաձայն չէ այդ առաջարկի հետ:

«Ցանկացած հեռուստաալիք և ցանկացած պետություն պետք է հստակ գիտակցեն, որ գոյություն ունեն կոռեկտության որոշ սահմաններ: Եվ այդ սահմաններին պետք է հետևել: Բայց ոչ ոք չի պատրաստվում սահմանափակել որևէ մեկի՝ իր կարծիքն արտահայտելու իրավունքը»:

Ինչ են գրում սոցցանցերում

Սոցցանցերում ռուսական ալիքների գործունեությունը սահմանափակելու առաջարկը ոչ միանշանակ ընդունվեց:

Օգտատերերի մի մասը կարծում է, որ ռուսական հեռուստաալիքների եթերի սահմանափակման մասին առաջարկը բացատրվում է այն հանգամանքով, որ դրանք հաճախակի են քննադատում Հայաստանի նոր կառավարությունը: Facebook սոցցանցի օգտատերերի մի մասն էլ ենթադրում է, որ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը պետք է դադարեցնել, քանի որ դրանք հաճախ են պատրաստում հակահայկական բովանդակությամբ նյութեր:

Ահա մեկնաբանություններից մի քանիսը.

«Ինչպես հասկանում եմ, խնդիրն այն է, որ ռուսական լրատվամիջոցները ուղղակիորեն քննադատում են Հայաստանի իշխանություններին: Եվ նրանց եթերի սահմանափակումը գրաքննություն սահմանելու փորձ է»:

«Արգելքներն անիմաստ են: Մարդիկ միևնույն է, նույն հեռուստաալիքները կարող են դիտել առցանց»:

«Ես իմաստ չեմ տեսնում դիտելու ռուսական հեռուստաալիքներ: Բացի «Կուլտուրայից»՝ բոլոր ռուսական ալիքները պետք է փակել»:

«Ի՞նչ կապ ունեն ռուսական լրատվամիջոցները խոսքի ազատության հետ: Ինչո”ւ՞պետք է մենք նրանց հնարավորություն տանք մեզ մոտ տարածել իրենց քարոզչությունը»:


Կարդալ ավելին JAMnews-ում