Փակվող փողոցների թիվը ժամ առ ժամ ավելանում է" />

Մայիսի 8-ին Հայաստանը կունենա վարչապետ․ իշխող մեծամասնությունը որոշել է կողմ քվեարկել ԱԺ 1/3-րդի կողմից ներկայացրած թեկնածուի օգտին

Փակվող փողոցների թիվը ժամ առ ժամ ավելանում է

19։13, մայիսի 2

Իշխող Հանրապետական խմբակցությունը որոշել է «կողմ» քվեարկել այն թեկնածուի օգտին, ով կներկայացվի խորհրդարանի 1/3-րդի կողմից: Այս մասին պաշտոնապես հայտարարել է Հանրապետական մեծամասնության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ներկայացնելով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած նիստի արդյունքները։

Վերջինս հայտարարել է, որ Հանրապետականը սեփական թեկնածու չի առաջադրելու: «Մենք անուն չենք նշում, մենք կքվեարկենք «կողմ» այն թեկնածուի օգտին, ում կառաջադրի ԱԺ 1/3-րդը: Մայիսի 8-ին Հայաստանը կունենա վարչապետ»,- հայտարարել է Բաղդասարյանը:

Նշենք, որ վարչապետի համաժողովրդական թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, վայելում է խորհրդարանական 3 ուժերի աջակցությունը:

Քիչ առաջ նա հանդիպել է ԱԺ մեծամասնությամբ 2-րդ ուժի՝ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Վերջինս լրագրողների հետ զրույցում վերահաստատել է, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններում կրկին քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին:

18:03, մայիսի 2

Հրաժարական է տվել Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը։ Այս մասին անձամբ հայտնել է Ա․ Ամիրյանը՝ իջնելով գերատեսչության առաջև բողոքի ցույց անող ցուցարարների մոտ։

17։00, մայիսի 2

Վարչապետի համաժողովրդական թեկնածու Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկելու համար Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը պահանջում է իր պատգամավոր Աղվան Վարդանյանին վայր դնել մանդատը։ Խնդիրը նրանում է, որ Դաշնակցությունը հայտարարել էր Ն․ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին, իսկ Աղվան Վարդանյանը խմբակցության որոշման հակասող կեցվածք էր ցուցաբերել և դեմ քվեարկել թեկնածուին։

ՀՅԴ-ն իշխող Հանրապետական կուսակցության կոալիցիոն նախկին գործընկերն էր։ Վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՅԴ-ն հայտարարել էր կոալիցիայից դուրս գալու մասին։

16:30, մայիսի 2

Հայտնի է դարձել վարչապետի ընտրության երկրորդ փորձի օրը: Ազգային ժողովի փոխանցմամբ այն տեղի կունենա մայիսի 8-ին՝ Երևանի ժամով 12:00-ին:

JAMnews-ը տեղեկացրել էր, որ երեկ՝ մայիսի 1-ին վարչապետի ընտության առաջին փորձը տապալվեց, որովհետև պատգամավորները դեմ քվեարկեցին  միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին։

Դեռևս հայտնի չէ՝ արդյոք խորհրդարանական մյուս խմբակցությունները առաջադրելու են մեկ այլ թեկնածու, թե՞ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է մնալ այս պաշտոնի միակ հավակնորդը:

Սահմանադրության համաձայն՝ Փաշինյանի թեկնածությունը երկրորդ անգամ մերժելու պարագայում Ազգային ժողովը կցրվի և կնաշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

15:50, մայիսի 2

Մայրաքաղաքի փողոցները շարունակում են անանցանելի մնալ: Իշխանությունները հայտնում են իրենց մտահոգությունը տեղի ունեցածի առթիվ և կոչ են անում բանակցել:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պետք է առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները քաղաքական ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ:

Իսկ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն էլ դիմել է քաղաքական բոլոր ուժերին և հորդորել կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ:

«Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝ սահմանադրական ճանապարհով։ Այլ լուծում գոյություն չունի՝ ոչ տեսականորեն, ոչ պրակտիկորեն»,- նշել է Կ. Կարապետյանը:

Ժամեր առաջ

Հայաստանում վերսկսել են քաղաքացիական անհնազանդության միջոցառումները: Երեկ Ազգային ժողովը «դեմ» քվեարկեց վարչապետի համաժողովրդական թեկնածու, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի օգտին, ինչին ի պատասխան մարդիկ փակում են փողոցները, չի աշխատում հանրային տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն, ուսանողները դասադուլ են հայտարարել, իսկ ոմանք՝ գործադուլ:

Ազգային ժողովի հատուկ նիստում երեկ շուրջ 10 ժամ տևած քննարկումներից հետո դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի պգտին, ով վարչապետի միակ թեկնածուն էր: Նրա օգտին քվեարկեց 45 կողմ, դեմ 56 պատգամավոր: Քվեարկությունից հետո Ն. Փաշինյանը գնաց Հանրապետության հրապարակ, որտեղ իրեն էին սպասում հարյուր հազարավոր մարդիկ: Հանրահավաքի ժամանակ նա կոչ արեց վաղ առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

Փակվող փողոցների թիվը ժամ առ ժամ ավելանում է: Բավական լարված իրավիճակ է օդանավակայան տանող ճանապարհին: Այն ևս փակ է ակտիվիտսների կողմից: Երևանից մեկնել պատրաստվողները չեն կարողանում հասնել «Զվարթնոց» օդանավակայան, ոմանք ոտքով են գնում: Պարբերաբար մեկնողներն ու ակտիվիստները վիճում են: Որոշ տեղեկություններով՝ Հայաստանից արտերկիր իրականացվող չվերթները հետաձգվել են:

Փակ են նաև որոշ մարզերի, համայնքների փողոցներ: Վանաձոր քաղաքում, հայաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, մարդիկ փակել են քաղաքապետարանի, մարզպետարանի շենքերի մուտքերը: Գյումրի քաղաքում ևս բնակիչները բողոքի ցույց են իրականացնում: Նրանք քաղաքապետարանի և մարզպետարանի աշխատակիցներին հորդորում են միանալ իրենց:

Ազգային ժողովում այսօր նախատեսված հերթական քառօրյա նիստն էլ տեղի չի ունեցել, որովհետև ներկա է եղել միայն 29 պատգամավոր, քվորում չի ապահովվել և նիստը հետաձգվել է: Հավանաբար օրենսդիր մարմնի ներկայացուցիչներն էլ չեն կարողացել փակ փողոցների պատճառով հասնել խորհրդարան:

 


Կարդալ ավելին JAMnews-ում