Առողջապահության նախարարությունը հրապարակել է հանրային վայրերում ծխելու համար բարձր տուգանքներ սահմանող օրենքի նախագիծը" />

Հայաստանում սրճարանում կամ վերելակում ծխելու համար մտադիր են տուգանել 250 հազար դրամ

Առողջապահության նախարարությունը հրապարակել է հանրային վայրերում ծխելու համար բարձր տուգանքներ սահմանող օրենքի նախագիծը

Հայաստանում հանրային վայրերում ծխելը կարգելվի: Օրինախախտների համար նախատեսվում են բարձր տուգանքներ: Առողջապահության նախարարությունն արդեն համապատասխան նախագիծը հրապարակել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Հանրային տարբեր վայրերում ծխելու համար տուգանքի տարբեր չափեր են նախատեսվում.

  • վերելակում, սրճարանում, գրասենյակում 250.000 դրամ (520 $)
  • մեքենայում 50.000 դրամ (104 $)
  • տրանսպորտում, տաքսիում 100.000 դրամ (208 $):

Նախատեսված են նաև տուգանքներ նրանց համար, ովքեր ծխախոտ կվաճառեն

  • հատով վաճառքի դեպքում՝ 300,000 դրամ (624 $),
  • դպրոցին 100 մետրից մոտ վաճառքի՝ 500,000 դրամ (1040 $):

Ծխելն արգելող նշաններ չտեղադրելու համար տուգանքը սահմանված է 100.000 դրամ (208 $): Այն ղեկավարներին, որոնք աշխատողներին չեն արգելի ծխել, նախագիծը 500.000 դրամ (1040 $) տուգանք է նախատեսում:

Բացօթյա տարածքներում ծխելու համար նախատեսվում է հատուկ վայրեր հատկացնել, որոնք համապատասխան ձևով կահավորված կլինեն:

Ծխելու դեմ պայքարի նոր ռազմավարությունը կառավարությունն ընդունել է անցած տարվա օգոստոսին: Այս բոլոր քայլերի նպատակն է կրճատել ծխողների թիվը 30-ից 40 տոկոսով:

«Հայաստանում ծխում է չափահաս տղամարդկանց ավելի քան 55, իսկ կանանց՝ 3 տոկոսը: Դրա համար մենք առաջարկում ենք արգելել հանրային վայրերում ծխելը: Ռեստորաններում չեն լինելու առանձին խցիկներ չծխողների համար, քանի որ պայքարի նպատակը ոչ թե չծխողների մոտ չծխելն է, այլ՝ ընդհանրապես չծխելը», – ավելի վաղ ասել է առոջապահության նախարար Լևոն Ալթունյանը:


Կարդալ ավելին JAMnews-ում