Պաշտոնական վարկածով, դա անհրաժեշտ է ռուսական ռազմակայանում կարգուկանոն հաստատելու նպատակով: Ընդդիմությունը բոլորովին այլ կարծիքի է" />

Հայաստանում ռուսական ռազմական ոստիանության ստորաբաժանումներ կտեղակայվեն

Պաշտոնական վարկածով, դա անհրաժեշտ է ռուսական ռազմակայանում կարգուկանոն հաստատելու նպատակով: Ընդդիմությունը բոլորովին այլ կարծիքի է

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի, JAMnews

Հայաստանում քննարկում են ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայման հարցը: Խոսք է գնում, որ դրանք կտեղակայվեն Գյումրի քաղաքում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի և Երևանի զինվորական կայազորի տարածքում:

Ռուսական պաշտոնական աղբյուրը՝ Հարավային զինվորական օկրուգի լրատվական ծառայությունը, Հայաստանում ռուսական ռազմական ոստիկաններ տեղակայելու մասին խոսում է որպես փաստ: Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ռազմական ոստիկանության ստորաբաժոնումներ տեղակայելու շուրջ դեռ որևէ փաստաթուղթ չկա:

Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետական» կուսակցության անդամ, պատգամավոր Միհրան Հակոբյանը հաստատել է միայն, որ իշխանությունների հետ ներկայումս նման քննարկումներ են ընթանում:

Իսկ ռուսական կողմն արդեն հայտարարել է, թե երբ ռազմական ոստիկանները կսկսեն աշխատել Երևանում:

Հայաստանի ընդդիմադիր գործիչներն այս կապակցությամբ մտավախություն ունեն, որ հնարավոր է նախ ռազմական ոստիկանները գան Հայաստան, դրանից հետո միայն երկու կողմերը պայմանագիր ստորագրեն:

Փորձագիտական որոշ շրջանակներ ահազանգում են, որ ռուսական ռազմական ոստիկանության ներկայացվածության համար հիմքեր չկան: Ռուսական կողմն այս կապակցությամբ նշում է, որ ռազմական ոստիկանությունը գործելու է Հայաստանում գտնվող ռազմաբազայի ու զինվորական կայազորի ենթակայության ներքո:

Հայաստանից հակադարձում են, որ 1995թ.-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պաշտպանության և ռազմական համագործակցության ոլորտի պայմանագրերում ոչինչ չի ասվում Երևանում և Գյումրիում ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ տեղակայելու մասին:

«Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը որևէ իրավասություն Հայաստանի Հանրապետության տարածքում չունի: Այսինքն, Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը նույնքան իրավասություն ունի, որքան, չգիտեմ, Սենեգալի ռազմական ոստիկանությունը: Ես կարծում եմ, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում շատ քիչ են հետաքրքրված, թե ինչ է գրված միջպետական պայմանագրերում»,- հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Իշխանությունը ներկայացնող պատգամավոր Միհրան Հակոբյանը ևս չի հերքել, որ այդ պայմանագրերում Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանություն տեղակայելու մասին կետ չկա և չէր էլ կարող լինել: ՌԴ-ում ռազմական ոստիկանությունը ստեղծվել է 2011թ.-ին, իսկ պայմանագիրը ստորագրվել է՝ 1995թ.-ին, երբ նման կառույց դեռ չկար:

Հակոբյանը միաժամանակ ասել է, որ պայմանագրում կա կետ նոր պայմանագիր կնքելու մասին՝ չբացառելով, որ ըստ էության ռուսական ռազմական ոստիկանության տեղակայման համար կարող է փոխվել ողջ պայմանագիրը, որով կարգավորվում է Հայաստանում ռուսական բազայի ներկայությունը:

«Մենք գտնվում ենք այս քննարկումների փուլում, որ հասկանանք, թե ինչ կարգավիճակ է ունենալու ռազմական ոստիկանությունը: Կարծում եմ, որ ՌԴ-ն պետք է ունենա ռազմական ոստիկանության ստորաբաժանում, որ զբաղվեն իրենց ներքին կարգ ու կանոնով, զինվորի պահվածքով, մենք չէ, որ պետք է մտնենք 102-րդ ռազմաբազա, որ զբաղվենք այս հարցերով»,– ասել է Միհրան Հակոբյանը:

Ըստ ռուսական պաշտոնական աղբյուրի, Ռազմական ոստիկանների գործառույթը կլինի

  • ռուսական ռազմակայանում կարգուկանոն պահպանելը,
  • ռազմաբազայի օբյեկտների պահպանությունը,
  • ճանապարհային երթևեկության անվտանգությանը հետևելը:

Նախկինում այս գործառույթն իրականացնում էին առանձին պարեկային խմբեր, սակայն նոր ստեղծվող ստորաբաժանումները կազմված կլինեն հատուկ պատրաստություն անցած զինվորականներից՝ պայմանագրային սպաներից, սերժանտներից և զինվորներից, ովքեր զինված կլինեն ոչ միայն ստանդարտ սպառազինությամբ, այլ նաև ոստիկանական հատուկ միջոցներով։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով ևս՝ ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ տեղակայելու անհրաժեշտությունը պայմանավորված է Գյումրիի 102-րդ ռազմակայանում եղած կարգապահական խնդիրներով։

JAMnews-ն իր հրապարակումներում բազմիցս անդրադարձել է ռուսական ռազմակայանի ծառայողների կողմից կարգուկանոնի խախտման միջադեպերին  և ընդհամուր առմամբ Հայաստանում նրանց վարքագծին:

Սակայն Հայաստանի ընդդիմությունը կարծում է, որ կարգուկանոն հաստատելու փոխարեն ուժային այս կառույցի տեղակայումը՝ հերթական քայլն է երկրի ինքնիշխանության նվազեցման ուղղությամբ:

«Իրական արժեքներ ունեցող ու սեփական անկախությունը հարգող երկրի պարագայում էդ երկրի արտգործնախարարությունը պիտի նոտա ներկայացներ Ռուսաստանին․․․ Նախ, էդ պիտի քննարկվի: Երկրորդ, մեր երկրում պիտի լինի համապատասխան օրենսդրական դաշտ, այսինքն՝ մեր օրենսդրական դաշտը պիտի համապատասխանեցվի դրան: Որից հետո նոր կարող են իրանք գալ:

Պիտի հետաքրքրվեմ դրանով, պիտի տեսնեմ, թե աշխարհի էլ որ երկրում է, որ օտարերկրյա ռազմական ոստիկանություն է գործում, և ինչպիսի օրենքներով է գործում»,- հայտարարել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ մեկ այլ մտահոգություն է հայնտել: Նա հիշեցրել է 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած լայնածավալ ռազմական գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Նրա  կարծիքով, Ռուսաստանի իշխանությունները լուրջ եզրակացություններ են արել ապրիլյան պատերազմից հետո․

«Հենց այն կոնտեքստով, որ եթե վաղը Ռուսաստանը ուզենա, որ մենք լուրջ զիջումների գնանք հօգուտ Ադրբեջանի, իրենք գիտեն, որ կարող են ճնշել մեր իշխանություններին՝ լծակներ ունեն, բայց հասարակության վրա, հասարակ մարդկանց վրա չունեն: Ահա՝ լծակներից մեկը կարող է լինի այս ոստիկանական ստորաբաժանումները»:


Կարդալ ավելին JAMnews-ում