Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ դա խայտառակություն է Հայաստանի պես երկրի համար " />

Հայաստանում պաշտոնյաները շարունակում են իրենց տղաներին «ազատել» բանակից

Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ դա խայտառակություն է Հայաստանի պես երկրի համար

Հայաստանում որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն դադարում կաշառքի դիմաց փորձել իրենց տղաներին ազատել զինվորական ծառայությունից: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Զինվորական ծառայությունից խուսափելու վերաբերյալ գործերն ուսումնասիրվում է և ոստիկանության, և գլխավոր դատախազության, և ԱԱԾ կողմից: Ես ցավով եմ ասում՝ նախնական տվյալներով որոշ բացահայտումներով զորակոչի ոլորտում դեռևս շարունակում ենք ունենալ չարաշահումներ: Զարմանալի է, որ մեր երկրում՝ այսպիսի իրավիճակում գտնվող երկրում, կարող են նման չարաշահումներ տեղի ունենալ պաշտոնատար անձանց կողմից, սա ուղղակի խայտառակություն է»:

Փաշինյանը հավելել է նաև, որ իշխանությունները կոշտ պայքար են մղելու բանակում կոռուպցիոն երևույթների դեմ.

«Այսքան քաղաքական հայտարարություններ են հնչում, այսքան խոսում ենք այդ մասին, և ինչ-որ մարդկանց թվում է, թե կատակ ենք անում: Այդքանից հետո գնում են կաշառք տալիս, կաշառք վերցնում, վերջում ձերբակալվում, ասում են` վայ, էս ի՞նչ եղավ: Նորից պաշտոնապես հայտարարում եմ՝ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու»:

Հայկական լրատվամիջոցները գրում են, որ բանակից խուսափելու գործերով ջանասիրաբար զբաղվում է պաշտպանության նախարարությունը: Ընդ որում, ուսումնասիրվում են ոչ միայն պաշտոնատար անձանց, այլ նաև սովորական քաղաքացիների գործերը:

Իսկ այդ ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ իր որդին ծառայում է Ղարաբաղում: Եվ դա նրա ընտրությունն է եղել: Փաշինյանը պնդում է, որ ագրեսիվ ժեստ չէ, ինչպես ենթադրել են ոմանք, այլ խաղաղասիրական.

«Բոլորս էլ հասկանում ենք, որ երբ որդուս ուղարկում եմ Ղարաբաղ, չեմ ուզում, որ այնտեղ պատերազմ սկսվի: Աստված չանի, մահանա իմ որդին կամ իմ հայրենակիցների որդիները, կամ շարքային ադրբեջանցիների որդիները: Դա տրամաբանական չէ: Ես դա չեմ ուզում: Ուրախ կլինեի, եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս որդուն այնտեղ ուղարկեր ծառայելու: Եթե նրա որդի ևս այնտեղ ծառայեր, ես դա կընդունեի որպես խաղաղասիրական քայլ»:


Կարդալ ավելին JAMnews-ում