Ռուսաստանի դեսպանատան դիմաց այդ պահանջով ակցիա է անցկացվել, որից անմիջապես հետո տեղի է ունեցել հայ կոմունիստների ակցիան՝ «Հավետ Ռուսաստանի հետ» կարգախոսով" />

Հայաստանում ցուցարարները պահանջել են երկրից դուրս բերել ռուսական ռազմաբազան

Ռուսաստանի դեսպանատան դիմաց այդ պահանջով ակցիա է անցկացվել, որից անմիջապես հետո տեղի է ունեցել հայ կոմունիստների ակցիան՝ «Հավետ Ռուսաստանի հետ» կարգախոսով

Երևանում Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ մեկը մյուսի հետևից երկու ակցիա տեղի ունեցավ։ Առաջինի մասնակիցները ցույց էին անում Հայաստանում պաշտոնական Մոսկվայի քաղաքականության դեմ և պահանջում երկրից դուրս բերել ռուսական ռազմաբազան։ Երկրորդ ակցիան անցկացնում էին կոմունիստները, որոնք աջակցություն էին հայտնում Ռուսաստանին։

Ինչո՞ւ էին մարդիկ հավաքվել Ռուսաստանի դեսպանատան մոտ

Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ցույցի կազմակերպման առիթը Գյումիրում մի կնոջ սպանությունն էր։ Ըստ նախնական տվյալների, հանցագործությունը կատարել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը։

Սպանության մանրամասները

57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը բռնության հետքերով տեղափոխվել էր Գյումրիի հիվանդանոց դեկտեմբերի 3-ին։ Նա Գյումրիի Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնում աշխատում էր որպես հավաքարար։ Կնոջ վրա հարձակվել էին վաղ առավոտյան աշխատանքի գնալիս և դաժանաբար ծեծել։ Ստացած վնասվածքներից նա մահացել էր, սակայն մինչ այդ հասցրել էր պատմել, որ իր վրա հետևից են հարձակվել։

Կնոջ մահվան մասին լուրից անմիջապես հետո հայկական լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ նրան սպանել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը։ Թե ինչ է ձերբակալված զինծառայողի անունն ու որն է եղել հանցագործության պատճառը, դեռ հայտնի չէ։

Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողը կասկածվում է կնոջ սպանության համար

Գյումրի․ թե ինչպես է ռուսական բազան կործանում տեղի բնակիչներին

Ռուսական ռազմաբազան Հայաստանում․ պաշտպանությո՞ւն, թե՞ սպառնալիք

Ակցիայի մասնակիցների պահանջները

Ցուցարարները պահանջում էին ռուս զինծառայողին հայկական կողմին փոխանցել։

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ վրդովված են «ռուս զինծառայողների վարքով, որը սպառնում է Հայաստանի քաղաքացիների անվտանգությանը»։ Այդ կապակցությամբ նրանք պահանջում էին Հայաստանի տարածքից դուրս բերել ռուսական ռազմաբազան։

Իրենց պահանջը նրանք հիմնավորում էին ոչ միայն վերջին սպանությամբ, այլև Ավետիսյանների ընտանիքի ողբերգությամբ։ 2015թ-ին բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը սպանել էր այդ ընտանիքի յոթ անդամներին, այդ թվում, նորածին երեխային։

Սակայն հայտնի են նաև բազմաթիվ այլ պատմություններ այն մասին, թե ինչպես են ռուս զինվորականները ոչ սթափ վիճակում վիճաբանություն, հրաձգություն սարքել, որոնց զոհ են դարձել տասնյակ խաղաղ բնակիչներ։

Հավաքվածների կարծիքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները Ռուսաստանի հանդեպ նույն քաղաքականությունն են շարունակում, ինչ նախորդները։

«Մենք ձևավորում ենք Հայաստանի քաղաքական նոր օրակարգը, և սա մեր քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է։ Այո, սա քաղաքական հարց է։ Սա Հայաստանի քաղաքացիների կյանքի և անվտանգության հարցն է, քանի որ մենք չգիտենք, թե երբ, որտեղ և ում կհանդիպի ռուս զինվորն ու ինչ չարագործություններ կանի», – հայտարարել էր ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ լրագրող Նարինե Մկրտչյանը։

Ռուսաստանի շահերի պաշտպանություն

Առաջին ակցիայից անմիջապես հետո Ռուսաստանի դեսպանատան մոտ հավաքվեցին Հայաստանի կոմունիստները՝ «Ոչ՝ Հայաստանում հակառուսական սադրանքներին» և «Հավետ Ռուսաստանի հետ» կարգախոսով։ Նրանք հայտարարեցին, որ 102-րդ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում