30 տարի առաջ կատարված իրադարձությունների վարկածները Հայաստանից և Ադրբեջանից" />

Հայաստանում ոգեկոչել են Բաքվի 1990 թվականի ջարդերի զոհերի հիշատակը

30 տարի առաջ կատարված իրադարձությունների վարկածները Հայաստանից և Ադրբեջանից

Երևանում նշվեցին Բաքվում հայերի ջարդի տարելիցը։ 30 տարի առաջ՝ հունվարի 13-20-ն, «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» շարժման մի քանի հազար կողմնակիցներ ազգային հատկանիշով զանգվածային ջարդեր են իրականացրել Ադրբեջանի մայրաքաղաքում։ Ըստ տարբեր գնահատականների՝ զոհվել է 50-100 մարդ։ Հայաստանում կարծում են, որ զոհերն ավելի շատ են եղել։

Ադրբեջանում ջարդերի փաստը պաշտոնական մակարդակով չի հերքվում, սակայն այդ իրադարձությունների մասին ընդունված չէ խոսել։ Ինչպես պատմում են ականատեսներն Ադրբեջանում, ջարդերը թեժացող ղարաբաղյան հակամարտության ֆոնին ազգամիջյան սրացման և Հայաստանից փախստականների հոսքի հետևանք էին, և դրանք շարունակվում էին ընդամենը երկու օր։

Իրադարձությունների վարկածները Հայաստանից և Ադրբեջանից։

Ղարաբաղ․ ինչո՞ւ են հայերը մզկիթ վերականգնում

Ղարաբաղում տեղի ունեցած «ապրիլյան պատերազմից» երեք տարի անց։ Ի՞նչ է այն փոխել՝ փորձագիտական կարծիք Բաքվից և Երևանից

Ինչպե՞ս են այդ օրը նշել Հայաստանում

Հայաստանի իշխանություններն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ միասին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։

Բաքվում հայկական ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ վարչապետի պաշտոնական կայքում ուղերձ է հրապարակվել, որում, մասնավորապես, ասվում է

«Դեպքերից 30 տարի անց Ադրբեջանում գոյություն չունի Բաքվի հակահայկական ջարդերի զոհերի հանդեպ որևէ հարգանք և կարեկցանք: Այն սակավաթիվ ձայները, որոնք քաջություն են ունեցել անգամ գրական ստեղծագործություններում հիշատակել Բաքվի հայերին բաժին հասած ողբերգությունը, գամվել են անարգանքի սյունին և պաշտոնապես հռչակվել դավաճան»։

Այնուհետև Փաշինյանը հայտարարել է, որ թույլ չի տալու հայերի բնաջնջման և բռնագաղթեցման նոր փորձեր։

Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն նույնպես հայտարարությամբ է հանդես եկել, որում դատապարտել է «ադրբեջանական իշխանությունների կողմից ցեղասպան գործողությունների շարունակական ժխտումը և դրանք իրականացնողների հերոսացումը, ինչը դարձել է Բաքվի՝ քսենոֆոբիայի և հայատյացության քարոզչության քաղաքականության բաղկացուցիչ մասը»։

Ի՞նչ է կատարվել Բաքվում 30 տարի առաջ․ վարկած Հայաստանից

1990 թ-ի հունվարի 13-20-ը Բաքվում հայկական բնակչության ջարդեր են տեղի ունեցել։ Թեև, չնայած որոշ աղբյուրների, զոհեր են եղել նաև ազգային այլ փոքրամասնությունների թվում, մասնավորապես, ռուսների։

Ըստ իրադարձությունների ականատեսների՝ 1990 թ-ի հունվարի 13-ին 17:00-ին Լենինի հրապարակում անցկացված հանրահավաքից հետո մի քանի հազար մարդ է խմբերի բաժանվել և սկսել տուն առ տուն «մաքրել» Բաքուն հայերից։

Հայաստանում ընդունված է համարել, որ Բաքվում այդ օրերին սպանվել է 150-300 մարդ։

Սպանվածների հստակ թիվը պարզել անհնար է, քանի որ այս գործով հետաքննություն չի իրականացվել։ Կատարվածի համար պատասխանատվություն ոչ ոք չի կրել։

1990 թ-ի հունվարի 18-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել արտգործնախարարների Եվրոպական խորհրդին և Եվրախորհրդին սատարել հայերին և նրանց հարցը բարձրացնել ԽՍՀՄ կառավարության հետ շփումների ընթացքում։

Այդ նույն օրն ամերիկյան մի խումբ սենատորներ նամակ են ուղղել Միխայիլ Գորբաչովին, որում մտահոգություն են հայտնել Բաքվի ջարդերի առնչությամբ։

Արդյունքում՝ հունվարի 20-ին քաղաք են մտցվել Խորհրդային բանակի ստորաբաժանումները։

Վարկած Ադրբեջանից

Ադրբեջանի լրատվամիջոցներն ու պաշտոնական կառույցները լռությամբ շրջանցում են 1990 թ-ի Բաքվի ջարդերը։ Այնուամենայնիվ, ոչ ոք դրանք չի էլ հերքում պաշտոնական մակարդակով։ Հայտնի է ջարդարարների դեմ մի քանի դատական գործընթացի մասին։ Նրանցից մի քանիսն ազատազրկման են դատապարտվել, սակայն ազատ են արձակվել Ղարաբաղում ռազմական գործողությունների մեկնարկից հետո։

Ականատեսները պատմում են, որ այդ օրերին Բաքվում «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» շարժման կազմակերպած հանրահավաքներին կարգախոսներ էին հնչում, որոնք կոչ էին անում «վերականգնել արդարությունը»։ Նկատի ունեին Հայաստանից տեղափոխված փախստականներին, որոնք Բաքու էին հորդել ղարաբաղյան հակամարտության սրացման ժամանակ։ Եվ դա այն դեպքում, երբ Բաքվում դեռ հայեր էին ապրում։ Հանրահավաքի կազմակերպիչները կորցրել էին վերահսկողությունը թեժացած ամբոխի նկատմամբ, իսկ խորհրդային ոստիկանությունը ոչինչ չէր արել նրանց կանգնեցնելու համար։

Ըստ բրիտանացի լրագրող Թոմաս դը Վաալի՝ զոհվել է շուրջ 90 մարդ։

Երկու օր անց՝ հունվարի 16-ին, Բաքվի հայերին լաստանավով տարհանել էին Կրասնովոդսկ քաղաք։

Հունվարի 20-ին խորհրդային զորքերը մտել էին քաղաք, որպեսզի ճնշեն Ադրբեջանում սկսված շարժումը՝ Խորհրդային Միությունից դուրս գալու համար։


Կարդալ ավելին JAMnews-ում