Հրայր Թովմասյանի դեմ արդեն կարող է քրեական գործ հարուցվել, սակայն նա դեռ շարունակելու է պաշտոնավարել" />

Հայաստանում շարունակվում է իշխող կուսակցության պայքարը Սահմանադրական դատարանի ղեկավարի դեմ

Հրայր Թովմասյանի դեմ արդեն կարող է քրեական գործ հարուցվել, սակայն նա դեռ շարունակելու է պաշտոնավարել

Հայաստանի Սահմանադրական դատարան, Հրայր Թովմասյան, Իմ քայլը, Հայաստանի Սահմանադրություն

Իշխող «Իմ քայլը» կուսակցությունը կարծում է, որ Սահմանադրական դատարանի ղեկավար Հրայր Թովմասյանը չի կարող գլխավորել բարձր դատարանը։ Նրան պաշտոնանկ անելու ակտիվ քայլերը սկսվեցին, երբ խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրական դատարան դիմեց։ Դիմումը վերաբերվում էր Թովմասյանին լիազորություններից զրկելուն։ Սակայն Սահմանադրական դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել Ազգային ժողովի դիմումը, քանի որ դրանում պահպանված չէ ընդունված կանոնակարգը»։

Սահմանադրական դատարանի այս դիրքորոշումը նշանակում է, որ կառույցի ղեկավար Հրայր Թովմասյանը շարունակելու է պաշտոնավարել, և գործը նույնիսկ դատական նիստի չի հասնելու։

Խորհրդարանի դիմումի մեջ նշվում էր, որ, մասնավորապես, Թովմասյանը զգալի խախտումներ է թույլ տվել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության քննման ընթացքում, որը վերաբերում էր նրա դեմ առաջադրված մեղադրանքի հոդվածների սահմանադրաակնությանը։ Երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ և կալանքի տակ է գտնվում։

Այսպես կոչված «Մարտի 1»-ի գործը, որով մեղադրվում է նախկին նախագահն, առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի նոր, հետհեղափոխական իշխանության համար և նրա ուշադրության կենտրոնում է գտնվում։

Թովմասյանին պաշտոնանկ անելու համար պայքարը շարունակվում է։ Ինչո՞ւ, ինչո՞ւմ է մեղադրվում Սահմանադրական դատարանի գործող նախագահը։ Բոլոր մանրամասները՝ ստորև։

 • «Հայաստանի բանտերում արտոնյալ բանտարկյալներ կան»

Վերջին իրադարձությունները

Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրվել Սահմանադրական դատարանի ղեկավարի երկու դուստրերը։ Նրանց հետ զրույցի մանրամասները չեն հաղորդվում։

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այցելել են նաև Հրայր Թովմասյանի հայրական տուն։ Թովմասյանի հայրը հաղորդել է, որ նրանք իր տանը մնացել են մոտ մեկ ժամ։ Հարցերը վերաբերել են տան շինարարությանը․

 «Նրանք իրենց հետ մասնագետներ էին բերել՝ ստուգելու համար, թե երբ է կառուցվել տանիքը։ Ես համաձայնեցի, որ նրանք ստուգեն»։

ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են անցկացրել նաև Հայաստանի նախկին իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակում, որի անդամ էր Հրայր Թովմասյանը մինչև 2015թ-ը։

Ինչի՞ համար է մեղադրվում ՍԴ ղեկավարը

Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արման Բաբաջանյանը հանցագործության մասին  հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Այն վերաբերում է Սահմանադրական դատարանի ղեկավարի կողմից «իշխանության բռնազավթմանը»։ Պատգամավորը պնդում է, որ Թովմասյանն օրենք է խախտել 2018թ-ին այդ պաշտոնին անցնելիս։

Բաբաջանյանը կարծում է, որ Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները 2018թ-ին դադարեցվել են՝ ոչ գործող կարգի համաձայն։ Հետևաբար, նա չէր կարող զբաղեցել Սահմանադրական դատարանի ղեկավարի պաշտոնը։

Այդ հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել մի խումբ անձանց կողմից իշխանությունը յուրացնելու հատկանիշով։

Իշխող կուսակցության անհաջող փորձը

Պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարությունից առաջ իշխող «Իմ քայլը» կուսակցությունը Սահմանադրական դատարան դիմում էր ներկայացրել դրա ղեկավարին լիազորություններից զրկելու վերաբերյալ։ Սակայն ՍԴ-ն հրաժարվեց վարույթ ընդունել Ազգային ժողովի դիմումը։

ՍԴ պատասխանում ասվում է, որ ԱԺ դիմումի մեջ պահպանված չէ հաստատված կանոնակարգը։

ԱԺ դիմումը վարույթ ընդունելու հարցում Սահմանադրական դատարանի որոշումը նշանակում է, որ կառույցի ղեկավար Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել, գործը նույնիսկ դատական նիստի չի հասնի։

Անձամբ Թովմասյանը չի մասնակցել նիստին։ Նա հայտարարել է, որ իշխող կուսակցության հետ որևէ պայքար չկա, սակայն ինքը չի պատրաստվում լքել իր պաշտոնը․

«Ես այս պաշտոնից կհեռանամ, երբ ավարտվի իմ պաշտոնավարման օրենքով սահմանված ժամկետը»։

Իշխող «Իմ քայլը» կուսակցությունը դեռևս չի հայտարարել իր հետագա քայլերի մասին։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել սահմանադրական բարեփոխումների հավանականությունը, որոնք թույլ կտան փոխել ներկայիս կազմը և Սահմանադրական դատարանի ղեկավարին։

Իշխող դաշինքի նախաձեռնության մասին

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունն Ազգային ժողովին էր ներկայացրել իր նախագիծը սեպտեմբերի 19-ին։

Փաստաթուղթը գրեթե 100 էջ է։ Դրանում ներկայացված է Սահմանադրական դատարանի ղեկավարի լիազորությունների դադարեցման համար չորս հիմք՝ համաձայն Հայաստանի օրենսդրության և միջազգային դատարանների նախադեպերի։

Ինչպես նշվում է իշխող կուսակցության նախագծում, դրանցից մեկը այն խախտումներն են, որոնք Թովմասյանը թույլ է տվել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հոդվածների սահմանադրականության մասին գործի քննման ընթացքում։ Հայաստանի  երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ։ Եվ ՍԴ դատավորները Հրայր Թովմասյանի նախագահությամբ արձանագրել են հոդվածներից մեկի անհամապատասխանությունը երկրի գլխավոր օրենքին։

Փաստաթղթում նշվում է նաև, որ այդ որոշման ընդունման ժամանակ խախտվել է դատարանի անաչառության սկզբունքը։ Խոսքը Հայաստանի հանրապետական նախկին իշխող կուսակցությանը ՍԴ նախագահի անդամակցության մասին է։ Դրա կառավարման տարիներին Թովմասյանը տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել։ 2010թ-ին նա արդարադատության նախարար է նշանակվել, իսկ 2014թ-ին՝ դարձել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար։

Դատարանը կալանքի տակ է թողել Հայաստանի նախկին նախագահին

Թովմասյանի անաչառության վերաբերյալ կասկածների պատճառ է դարձել Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի և Քոբերտ Քոչարյանի շահերի համընկնումը «Մարտի 1»-ի քրեական գործի շուրջ։ Հենց այդ գործով է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներգրավված որպես գլխավոր մեղադրյալ։

Խոսքը 2008թ-ի իրադարձությունների մասին է, երբ ցույցը ցրելիս տասը մարդ էր զոհվել։ Ցույց էին անում նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող քաղաքացիները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրվել էր Սերժ Սարգսյանը, սակայն գործող նախագահը դեռ Քոչարյանն էր։ Այդ պատճառով էլ նա է մեղադրվում ցույցը դաժանաբար ցրելու, մարտական զենք կիրառելու և մարդկանց մահվան համար։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում էր, որ ներկայացված փաստաթուղթը բավականաչափ հիմք է դատարանի նախագահին պաշտոնանկ անելու համար․

«Մեր գնահատականով՝ մեր իրավաբանների ներկայացրած իրավական հիմքերը բավականին ծանրակշիռ են»։

Դրա հետ համամիտ չէր ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Դրա պատգամավորները հրաժարվեցին մասնակցել քվեարկությանը։ Նրանք բացատրեցին, որ իրենց որոշումը պայմանավորված է ոչ թե Հրայր Թովմասյանի անձով, այլ փաստաթղթի անկատարությամբ․

«Մեր իրավաբանների հետ նայեցինք թղթերը, որտեղ կան և՛ ժամկետների խախտումներ, և՛ թերի դրույթներ, հիմնական դրույթները իրավաբանորեն ապացուցված չեն, հիմնավորումները շատ թույլ են, և եկանք այն եզրակացության, որ չմասնակցենք քվեարկությանը․․․ ԱԺ–ն չէ որոշողը` Հրայր Թովմասյանը պետք է մնա, թե հեռանա», – հայտարարել է խմբակցության առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը։

Նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր ընդամենը 80 ձայն, որոնք, առանց այդ էլ, ուներ իշխող «Իմ քայլը» դաշինքը։ Սակայն, ըստ Մակունցի, «դատական համակարգի բարեփոխումները, դատական համակարգի անկախությունն ու դրա հանդեպ վստահությունը նաև այլ քաղաքական ուժերի՝ որպես մանդատ ունեցողների պատասխանատվությունն է»։

Թովմասյանը քննարկմանը չէր ներկայացել, թեև հրավիրվել էր։

132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 101-ը։ 98 պատգամավոր կողմ էր քվեարկել Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը և միայն մեկն էր դեմ եղել։ Երկու քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել։

 Ինչո՞վ է հայտնի Հրայր Թովմասյանը 

Հայաստանում ոչ միայն իշխող կուսակցությունն է Հրայր Թովմասյանին վերաբերվում որպես նախկին իշխանության ներկայացուցչի, այլ նաև շատ հասարակ քաղաքացիներ։

Թովմասյանը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է եղել և զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ։

Նա հայտնի է նրանով, որ 2015թ-ին հողինակել է սահմանադրական փոփոխությունների տեքստը։ Եվ դեկտեմբերին հանրաքվե էր կայացել, որի արդյունքում Հայաստանը կառավարման նախագահական համակարգից անցել էր խորհրդարանականի։

Այն ժամանակ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ մտադիր չէ այլևս երկրի բարձրագույն պաշտոններին հավակնել։ Սակայն արդեն 2018թ-ի ապրիլին, երբ խորհրդարանական մեծամասնությունն իր առաջնորդ Սերժ Սարգսյանին ընտրեց որպես նոր վարչապետ, հաստատվեց կրկին իշխանությունում հայտնվելու նրա ցանկությունը։

Սահմադրությունում ներառված փոփոխություններից առաջ նա արդեն երկու ժամկետ նախագահի պաշտոնն էր զբաղեցրել և չէր կարող երրորդ անգամ դա անել։ Փոփոխությունները նրան հնարավորություն տվեցին իշխանության վերադառնալ՝ այժմ արդեն որպես վարչապետ, այսինքն՝ կրկին երկրի կառավարման բարձրագույն պաշտոնում։

Նա հրաժարական տվեց իր ընտրվելուց մի քանի օր անց մարդկանց ճնշման տակ, որոնք փողոց էին դուրս եկել 2018թ-ի գարնանը տեղի ունեցող «թավշյա հեղափոխության» օրերին։

Դրա առաջնորդ Փաշինյանի խոսքով՝ Թովմասյանը Սահմանադրության տեքստը գրել էր «Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելով․․․, որպեսզի Սահմանադրական դատարանի նախագահ մնա մինչև 2035թ․»։

«Մեզ պետք է ուրիշ Սահմանադրական դատարան։ Ստացվում է, որ․․․ Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի [ՍԴ նախկին ղեկավար – JAMnews] օգնությամբ սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը ինչպես մի նոտարական գրասենյակ։ Եվ այսօր մենք ունենք իրողություն, որ ունենք 2019 թվականի Հայաստան՝ բառի թե՛ բուն, թե՛ փոխաբերական իմաստով, թե՛ սահմանադրական, թե՛ հեղափոխության, թե՛ ժամանակի իմաստով, բայց ըստ էության ունենք 1995-ի Սահմանադրական դատարան», – հայտարարել էր  Փաշինյանը։


Կարդալ ավելին JAMnews-ում