Ազգային անվտանգության ծառայությունը հետաքննում է հերթական կոռուպցիոն սխեման, որին մասնակցել են բժիշկներ և զինկոմիսարիատի աշխատակիցներ " />

Հայաստանում նորակոչիկների մոտ կեղծ հիվանդություններ են ախտորոշվել, և նրանք ազատվել են բանակում ծառայելուց

Ազգային անվտանգության ծառայությունը հետաքննում է հերթական կոռուպցիոն սխեման, որին մասնակցել են բժիշկներ և զինկոմիսարիատի աշխատակիցներ

Հայաստանում 2018թ-ին ավելի քան 40 նորակոչիկ տարկետում է ստացել կամ ազատվել է բանակում ծառայելուց կաշառքի դիմաց: Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ հանցավոր սխեմայի հիմնական գործող անձը պաշտպանության նախարարության հանրապետական հավաքակայանի նախկին զինծառայող Կոլյա Քոսակյանն է: Նա օգտագործել է զինկոմիսարիատների աշխատակիցների և բժիշկների շրջանում իր կապերը:

«Պատանիներին գոյություն չունեցող ախտորոշումներ են արվել՝ հետաձգելով կամ ազատելով նրանց ծառայությունից», – ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Մինչև 14 հազար դոլար կաշառքի դիմաց Քոսակյանն իր նորակոչիկներին ապահովել է քաղաքացիական հիվանդանոցների ուղեգրեր, որտեղ նրանց կեղծ ախտորոշում են դրել:

Կոլյա Քոսակյանին և նրա թիմի անդամներին օգնել են տարբեր բուժկենտրոնների բժիշկներ, զինկոմիսարիատների նախկին և գործող աշխատակիցներ, որոնք ստացել են գումարի մի մասը:

Հարուցվել է քրեական գործ, տասնյակ մարդիկ են հարցաքննվել, ավելի քան 20 խուզարկություն է անցկացվել: Արդյունքում՝ հաջողվել է հայտնաբերել նորակոչիկների բժշկական քարտերն ու քննության համար այլ կարևոր փաստաթղթեր, ինչպես նաև որոշակի գումար:

Այժմ մեղադրանք է առաջադրվել հանցավոր սխեմայի արդեն 3 մասնակցի: Նրանք կալանավորված են: Նախաքննությունը շարունակվում է բոլոր հանգամանքները պարզելու և բոլոր հանցակիցներին հայտնաբերելու համար:


Կարդալ ավելին JAMnews-ում