Դեպի զոհերի հուշահամալիր ուղևորվեց նաև անհնազանդության շարժման մասնակիցների խաղաղ շարասյունը, որը դեռ երեկ ակցիաներ էր իրականացնում փողոցում և պահանջում վարչապետի հրաժարականը" />

Հայաստանում նշում են հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը

Դեպի զոհերի հուշահամալիր ուղևորվեց նաև անհնազանդության շարժման մասնակիցների խաղաղ շարասյունը, որը դեռ երեկ ակցիաներ էր իրականացնում փողոցում և պահանջում վարչապետի հրաժարականը

Այսօր Հայաստանում նշում են հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը:

Ապրիլի 24-ը Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակման պաշտոնական օրն է: Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում 1915թ-ին տեղի ունեցած կոտորածն է: Մինչ այդ Օսմանյան կայսրության տարածքում մոտ երկուսուկես միլիոն հայ էր բնակվում: Սպանությունների և զանգվածային արտաքսման հետևանքով նրանց կեսից ավելին զոհվեց:

 

Հայաստանն ու որոշ արևմտյան երկրներ և կազմակերպություններ այդ իրադարձություները պաշտոնապես որպես ցեղասպանություն են ճանաչում: Թուրքիան այդ ձևակերպումը կտրականապես մերժում է:

Առավոտից դեպի Ցեղասպանության հուշահամալիր են գնում Հայաստանի բնակիչներն ու սփյուռքի հազարավոր հայեր, որոնք յուրաքանչյուր տարի այս օրը Հայաստան են գալիս՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված նախնիների հիշատակին:

Երևանի գլխավոր հրապարակից այսօր դեպի հուշահամալիր շարժվեց նաև դիմադրության շարժման մասնակիցների շարասյունը: Դեռ երեկ նրանք փողոցներ էին փակում և պահանջում վարչապետի հրաժարականը: Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը կատարեց նրանց պահանջը:

Եվ այսօր ցուցարարների շարասյունը շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ նույնպես ուղևորվեց դեպի հուշահամալիր: Նրանք Երևանով քայլեցին ծաղիկներով և լուռ՝ առանց որևէ կարգախոսի:

Առավոտյան հուշահամալիր, ավանդույթի համաձայն, ծաղիկներ տարան նաև պաշտոնատար անձինք, այս անգամ՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Հրաժարական տված վարչապետ Սերժ Սարգսյանը պաշտոնատար անձանց թվում չէր:


Կարդալ ավելին JAMnews-ում