Էդուարդ Գրիգորանը մասնակցել էր 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի զավթմանը, որի պատվիրատունները դեռ հայնտնի չեն " />

Հայաստանում մահացել է ցմահ դատապարտված ահաբեկիչը, ով բացահայտումներ էր խոստացել

Էդուարդ Գրիգորանը մասնակցել էր 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի զավթմանը, որի պատվիրատունները դեռ հայնտնի չեն

Մահացել է 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը: Այդ օրը մասնագիտությամբ բժիշկ Էդուրադ Գրիգորյանը ահաբեկչությունը գլխավորող Նաիրի Հունանյանի և մի  խումբ այլ անձանց հետ զինված մուտք էր գործել Ազգային ժողով: Խումբը գնդակահարել էր 8 պաշտոնյայի, որոնց թվում էին Հայաստանի վարչապետը, խորհրդարանի նախագահն ու նրա տեղակալները, պատգամավորներ:

Էդուարդ Գրիգորյանը անցյալ տարի խոստացել էր հանրությանը ներկայացնել այն, ինչ հոկտեմբերի 27-ի գործով «համառորեն և բավական փնթի ձևով փորձում են թաքցնել հասարակությունից»:

Քրեակատարողական հիմնարկից երեկ մամուլին հայտնեցին, որ Էդուարդ Գրիգորյանը գիշերը սրտի շրջանում սուր ցավեր է ունեցել,  նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է։

Սակայն, Էդուարդ Գրիգորյանի հայրը՝ Գարեգին Գրիգորյանը, համոզված է, որ որդուն սպանել են:

«Դատապարտյալները մեզ հետ կապ հաստատեցին և տեղեկացրին, որ Էդուարդը երեկ գիշեր երկու անգամ սրտի ուժգին նոպաներ է ունեցել։ Նրան հիվանդանոց են տեղափոխել առավոտյան, երբ նորից է վատացել: Հասցրել են հիվանդանոց, արդեն հիվանդանոցում մահացել է։ Ես այդ ամենը իմացել եմ նրա հետ նստած ընկերներից։

Սա նշանակում է, որ նրան սպանել են, եթե շուտ տանեին հիվանդանոց, կարող էր փրկվել։ Համենայն դեպս, սա նրանց անփույթ վերաբերմունքի հետևանքն է։ Շտապօգնության բժիշկը ասել է՝ պետք է տանել հիվանդանոց, իրենք ասել են, որ բանտի պետը թույլ չի տալիս»,- հայտարարել է Գարեգին Գրիգորյանը։ 

Նա նշել է, որ դիահերձումից հետո պարզ կլինի, թե ինչից է մահացել Էդուարդ Գրիգորյանը, բայց նշել է, որ իր կարծիքով՝ որդին սրտի իշեմիկ հիվանդություն է ունեցել ու արագ ինֆարկտ է զարգացել:

Էդուարդ Գրիգորյանի սրտի փականը վիրահատել էին 2013թ.-ին, որի համար ֆինանսական օգնություն էր ցուցաբերել Հայաստանի նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Էդուարդ Գրիգորյանը 9-րդ մարդն է, ով մահացավ հոկտեմբերի 27-ի գործի շրջանակներում դատապարտվածներից և վկաներից: Հայկական մեդիան այսօր հրապարակել է կասկածելի հանգամանքներում մահացած մյուս մասնակիցների և վկաների ցուցակը։

2000 թ.-ին քրեակատարողական հիմնարկում, իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, էլեկտրահարումից մահացել է գործում որպես կասկածյալ ներգրավված Նորայր Եղիազարյանը, ով մասնագիտությամբ էլեկտրիկ էր: Ըստ դատաբժշկական փորձաքննության, Եղիազարյանը մահացել էր 220 վոլտ հոսանքից: Իսկ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Նորայր Եղիազարյանի գլխին հարվածի հետքեր էին հայտնաբերվել, ինչը սակայն պաշտոնապես չի հաստատվել:

Մահվան մյուս դեպքը տեղի է ունեցել 2004 թ.-ին: Կրկին իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, ինքնասպան է եղել հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը: Դատաքննության ընթացքում Վռամ Գալստյանը պարբերաբար հայտարարել էր, որ իրեն հոգեմետ դեղեր են ներարկում, ամեն ինչ անում են, որ ինքնասպան լինի, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի:

2010թ-ի մայիսին նույն քրեակատարողական հիմնարկում, իր անկողնում հայտնաբերվել է հոկտեմբերի 27-ի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանի դին, ում պատժի ժամկետը լրանալու էր 2 տարի անց: Ըստ նախնական եզրակացության, 57-ամյա Համլետ Ստեփանյանի մահվան պատճառ էր հանդիսացել սրտի կաթվածը: Բայց նրա պաշտպանները նշել էին, որ Ստեփանյանը նախկինում սրտի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել:

Հոկտեմբերի 27-ի գործով որպես վկա անցնող լրագրող, Նաիրի Հունանյանի հետ նախկինում հարաբերություններ ունեցած, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը սպանվել է 2002 թ.-ին Երևանում՝ ծնողների տանից դուրս գալիս։

2004թ.-ին Ապարան-Երևան ավտոճանապարհին վթարի ենթարկվեց հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված Աժ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը: Վթարից հետո նա մի քանի վիրահատության է ենթարկվել, սակայն, գիտակցության չգալով, մահացել է:

Նույն 2004թ.-ին կրկին ավտովթարից ԱՄՆ-ում մահացել է գործով որպես վկա անցնող ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը, որը զինված հարձակման օրը խորհրդաանում էր գտնվել:

2004 թ.-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում կախվել է խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհի 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը, ով նույնպես այս գործով վկաների ցուցակում էր:

2014թ.-ին ԱՄՆ-ում մահացել է կարևորագույն վկաներից ևս մեկը` 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը, ով ահաբեկչության օրը գնացել էր Ազգային ժողովի դահլիճ և մոտ երկու ժամ զրուցել զինված խմբի ղեկավարի հետ:


Կարդալ ավելին JAMnews-ում