Նրանք անգամ փակել են Երևան-Գյումրի գլխավոր մայրուղին, որպեսզի ստանան իրենց վաստակած գումարն ու Ամանորին պատրաստվեն" />

Հայաստանում «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարները պահանջում են իրենց աշխատավարձերը

Նրանք անգամ փակել են Երևան-Գյումրի գլխավոր մայրուղին, որպեսզի ստանան իրենց վաստակած գումարն ու Ամանորին պատրաստվեն

Հայաստանում «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարները փակել են Երևան-Գյումրի մայրուղին։ Չորս ժամ տևած գործադուլից հետո երթևեկությունն, այնուամենայնիվ, վերականգնվել էր, սակայն պահանջները դեռ չեն կատարվել։

Ի՞նչ են պահանջում բանվորները

Շինարարները պնդում են, որ օգոստոսից աշխատավարձ չեն ստացել։ Նրանց խոսքով՝ իրենք չեն կարողացել հանդիպել պատասխանատու անձանց հետ, այդ պատճառով էլ նման արմատական քայլի են դիմել։

Մայրուղին փակելու որոշումը որոշ շինարարներ բացատրեցին նաև նրանով, որ շուտով Ամանոր է, սեղան գցելու փող չունեն։ Նրանց թվում կան նաև ուսանողների ծնողներ, որոնք պետք է ուսման վարձ վճարեն։ Շինարարներից ոմանք վարկերի տոկոսների մարման պարտավորություններ ունեն։ Նրանցից մեկն ասում էր․

«Բանկում վարկ ունեմ, որը չեմ կարողանում վճարել աշխատավարձիս բացակայության պատճառով։ Ամանորի տոներից հետո գործը դատարան են ուղարկելու, և ես ստեղծված իրավիճակից ոչ մի ելք չեմ տեսնում։ Բանկին հետաքրքիր չէ, թե ինչ պատճառով եմ ես անվճարունակ դարձել։ Ես մեղք չունեմ, այս բոլոր ամիսներին բարեխղճորեն աշխատել եմ, և աշխատանքիս դիմաց պետք է վարձատրվեմ»։

Կառավարության անդամներին հանդիպելու պահանջը չի կատարվել։ Դրա փոխարեն ցուցարարների հետ հանդիպման էր եկել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, որը շինարարներին կոչ էր արել խնդիրը լուծել դատարանի միջոցով։ Մարզպետը հաղորդել էր, որ աշխատավարձ չի ստացել 700 բանվոր։ Պատճառն այն է, որ ենթակապալառուները գումար չեն ստացել կապալառուից՝ իսպանական ընկերությունից։

Հայաստանի նոր կառավարությունը կշարունակի «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունը

• Կյանքը հայ-ադրբեջանական սահմանին խորհրդային ժամանակներից մինչև այսօր

• Ռուսաստանն, Ադրբեջանն ու Իրանը ներկայացրել են «Հյուսիս-հարավ» միջանցքը

Ի՞նչ է իրենից ններկայացնում «Հյուսիս-հարավը»

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին անկախ Հայաստանի ամենախոշոր տրանսպորտային նախագիծն է։ Ճանապարհը պետք է երկրի հյուսիսը կապի հարավի հետ։ Այն հյուսիսում կմիացնի Հայաստանը Վրաստանին և կապահովի ելք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ։ Հարավում մայրուղին միանում է Իրանին։ Շնորհիվ նախագծի՝ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ։

Շինարարական աշխատանքները սկսվել են 2012 թ-ին, սակայն մինչև այսօր շահագործման է հանձնվել հինգ հատվածներից միայն մեկը։ Իշխանությունները պետք է ֆինանսավորում գտնեն շինարարությունն ավարտին հասցնելու համար և, ըստ ամենայնի, այդ գումարը կստացվի միջազգային վարկատուներից։

Հայաստանի նոր իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են շարունակել ճանապարհի շինարարությունը։ Այն դեպքում, որ փորձագետներն այս նախագիծը չափազանց ծախսատար են համարում և առաջարկում են միջոցները ներդնել ռազմավարական այլ ծրագրերում, որոնք ավելի մեծ տնտեսական արդյունք կտան։ Նույնիսկ ամենահամեստ հաշվարկներով 490 կմ երկարությամբ մայրուղին ավելի քան երկու միլիարդ դոլար կարժենա։

Հայաստանի կառավարության դիրքորոշումը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ընդունում է, որ աշխատավարձերի ուշացման խնդիր իրոք կա։ Նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը պատրաստվում է հանդիպել կապալառու ընկերության հետ՝ թեման քննարկելու համար։

Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ շինարարական աշխատանքներ իրականացնող մասնավոր ընկերության հանդեպ իր բոլոր ֆինանսական պարտավորությունները կատարել է և ոչ մի կապ չունի աշխատավարձերի ուշացման հետ։

Ինչո՞վ ամեն ինչ ավարտվեց

Չորսժամյա գործադուլից հետո շինարարներն, այնուամենայնիվ, համաձայնեցին բացել ճանապարհը։ Նրանց խոսքով, այդպիսի ակցիաները շարունակվելու են, եթե խնդիրը չլուծվի։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում