Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ այդ կառույցների ղեկավարների հեռախոսների գաղտնալսումը կազմակերպել են հայրենիքի դավաճանները" />

Հայաստանում հերթական սկանդալն է: Համացանցում է հայտնվել Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության ղեկավարների մասնավոր զրույցի ձայնագրությունը

Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ այդ կառույցների ղեկավարների հեռախոսների գաղտնալսումը կազմակերպել են հայրենիքի դավաճանները

Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի և Հատկուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Ձայնագրության մեջ Վանեցյանն ու Խաչատրյանը քննարկում են Մարտի 1-ի քրեական գործը, որով անցնում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: ՀԱՊԿ-ը Ռուսաստանի հովանու ներքո գործող կազմակերպություն է, որի մեջ մտնում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը Ղրղըզստանը և Տաջիկստանը:

2008թ. մարտի 1-ի իրադարձությունները կապված են 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հետ: Դրանց արդյունքների հրապարակումից հետո երկրում սկսվեցին վողոքի ակցիաներ: Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական դաշինքի կողմնակիցները պնդում էին, որ ընտրություններում հենց նա է հաղթել, և պահանջում էին վերանայել քվեարկության արդյունքները:

ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտություններում հաղթել է Սերժ Սարգսյանը: Այդ ժամանակ երկրի նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր: Նա երկրում արտակարգ դրություն մտցրեց: 2008թ. մարտի 1-ին ցույցը ցրելու ժամանակ կիրառվեց մարտական զենք, զոհվեց 10 մարդ՝ 8 քաղաքացիական անձ և ոստիկանության 2 աշխատակից:

Քննչական ծառայության ղեկավար Խաչատրյանը ձայնագրության մեջ պատմում է, որ պատրաստվում է մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և դատարանից նախկին նախագահին ձերբակալելու թույլտվություն ստանալ: Նա նաև ասում է, որ նույն գործով պատրաստվում է որպես մեղադրյալ ներգրավել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Ի պատասխան՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը առաջարկում է ձեռք չտալ Խաչատուրովին, այլապես դա կարող է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Նա ՀԱՊԿ-ի շեֆն է, պետք չէ նրան ձեռք տալ, խայտառակ կլինենք: Գոնե չհեռանալու մասին ստորագրություն»,- ասում է Վանեցյանը:

«Չփակե՞նք նրան: Նա արդեն մեզ մոտ է: Այդ դեպքում խոսի՛ր վարչապետի [Փաշինյանի] հետ, որովհետև ես նրան ասել եմ, որ խափանման միջոց կընտրվի կալանքը»,- պատասխանում է ՀՔԾ ղեկավարը:

Հեռախոսազրույցի ձայնագրությունը տեղադրվել է Youtube-ում՝ ամբողջ երկխոսության անգլերեն թարգմանությամբ: Սոցցանցերի օգտատերերն արդեն նկատել են, որ հայկական անուններն ու ազգանունները ենթագրերում նշված են ռուսական արտասանությամբ, այն դեպքում, երբ անգլերենում կան հայերենին հնչյուններին համապատասխանող տառերը:

Ձանյագրության տարածումից անմիջապես հետո ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց, որ պետք է հայտնաբերել գաղտնալսման կազմակերպիչներին:

Մի քանի ժամ անց մամուլի ասուլիս հրավիրեցին Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը: Նրանք հաստատեցին, որ ձայնագրությունն իրական է, ընդ որում արվել է այն ժամանակ, երբ ԱԱԾ տնօրենը գտնվում էր արտասահմանում:

«Նման խոսակցություն իսկապես եղել է: Դա անհանգստացնող փաստ է, որի առիթով կանցկացվի մանրամասն քննություն: Կպարզվեն ձայնագրության աղբյուրները և նա, ով դա արել է: Եթե չեմ սխալվում, քրեական գործ այդ փաստով արդեն հարուցվել է և փոխանցվել դատախազությանը»,- ասել է Արթուր Վանեցյանը:

Նա նաև պարզաբանել է, խոսակցությունը եղել է աղմկոտ Մարտի 1-ի գործի վերաբերյալ, դատարանի առջև պետք է կանգնեին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Հայաստանի երկրորդ նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, հետևաբար «անհրաժեշտ էր համոզվել, որ գործում 100%-ով որևէ թերություն չկա»:

Ե՛վ Վանեցյանը, և՛ Խաչատրյանը հայտարարել են, որ այդ ձայնագրության հրապարակումը նպատակ է հետապնդում թուլացնել իրենց կառույցները և խոչընդոտել Մարտի 1-ի գործի բացահայտմանը:

Հարցին՝ արդյոք պատրաստվում են հրաժարական տալ, Վանեցյանը և Խաչատրյանը պատասխանեցին, որ առայժմ նման մտադրություն չունեն:

«Ես կառչած չեմ այս պաշտոնին: Ես այս պաշտոնը զբաղեցրել եմ մեծ պատասխանատվությամբ, և դեռ շատ աշխատանք կա անելու: Բայց եթե հանրությունը կամ քաղաքական ղեկավարությունը նման պահանջ դնեն, ես պատրաստ եմ հեռանալ»,- ասել է Վանեցյանը:

Երեկոյան վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ մեկնաբանել է հրապարակված ձայնագրությունը: Նա հայտարարել է, որ գաղտնալսման կազմակերպիչները հայրենիքի դավաճաններ են.

«Հատուկ ծառայությունների ղեկավարներին գաղտնալսելը դավադրություն է, հանցագործություն հայկական պետականության հանդեպ: Ես հանձնարարել են Ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը ամենակարճ ժամկետներում գտնել դավադիրներին և նրանց ամենախիստ պատասխանատվության ենթարկել: Բոլոր այդ «հատուկ ծառայությունները» և անօրինական զինված խմբավորումները պետք է հայտնաբերվեն և ոչնչացվեն»:

Փաշինյանը, ինչպես նաև սկանդալի կենտրոնում հայտնված հատուկ ծառայությունների ղեկավարները ենթադրում են, որ այդ միջադեպը կարելի է գնահատել որպես փորձ՝ կանգնեցնելու կոռուպցիոն բացահայտումները: Վերջին շրջանում Վանեցյանի և Խաչատրյանի գլխավորած կառույցները հայտնել են բազմաթիվ կոռուպցիոն գործերի բացահայտումների մասին:

Վարչապետը հրահանգել է Հայաստանը ոստիկանության և ԱԱԾ ղեկավարներին ռեյդեր անցկացնել օլիգարխների և բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորների դեմ:

«Այսպես կոչված թիկնապահներին պառկեցնել ասֆալտին և բոլորին զինաթափել: Երկու ժամ անց ԱԾԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պետք է ինձ զեկուցեն կատարված աշխատանքի և արձանագրած արդյունքների մասին: Ոչ մեկ չի կարող պլստալ արդարադատությունից: Մենք ունենք ոստիկանություն և ԱԱԾ, ես նրանցից պահանջում եմ կարգուկանոն հաստատել Հայաստանում: Եթե տեսնեմ, որ նրանք դա չեն կարողանում անել, ապա ես գիտեմ ինչպես: Դարձյալ կոմուֆլյաժ կհագնեմ, և կարգուկանոն կհաստատենք ամբողջ Հայաստանում. փողոց առ փողոց, տուն առ տուն»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում