Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը կասկածվում է 14 միլիոն դոլար կաշառք ստանալու համար" />

Հայաստանում հերթական կոռուպցիոն սկանդալն է հասունանում: Խորհրդարանի պատգամավորին կալանք է սպառնում

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը կասկածվում է 14 միլիոն դոլար կաշառք ստանալու համար

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել խորհրդարան։

Գործի մանրամասները

Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Արամ Հարությունյանն անցնում է դեռևս 2015 թվականին հարուցված քրեական գործով, որը վերաբերում էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու փաստին:

Գլխավոր դատախազությունն ապացույցներ է ստացել, որ Արամ Հարությունյանը, զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ պահանջել և ստացել է 14 միլիոն դոլար։ Դրա դիմաց Արամ Հարությունյանը Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերի գունավոր մետաղների 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ է տրամադրել:

Վեց միլիոն դոլարը նրան առձեռն է փոխանցվել, իսկ մնացած գումարը՝ բանկային փոխանցման միջոցով: Նախաքննությունը պարզել է նաև, որ այդ գումարն Արամ Հարությունյանը «լվացել է» արտասահմանում:

Գլխավոր դատախազությունը հրապարակել է նաև Արամ Հարությունյանին պատկանող անշարժ գույքի ցանկը՝ առանձնատներ և բնակարաններ Երևանում, յոթհարկանի շենք Հանրապետության հրապարակում, ռեստորանային համալիր, 427 միլիոն դրամ արժողությամբ հասարակական նշանակության շինություն, գյուղատնտեսական նշանակության հողեր:

Խոշոր կոռուպցիոն բացահայտում Հայաստանում․ հայտնի պատգամավորը ենթադրաբար գրպանել է զինվորական մթերաբաժինը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ Հայաստանի նոր կառավարության առաջին քայլերը

Հայաստանում արձանագրվել է հեղափոխությունից հետո առաջին կաշառակերության դեպքը

Քանի՞ տարվա ազատազրկում է սպառնում Հարությունյանին

Գլխավոր դատախազությունը պատրաստվում է մեղադրանք առաջադրել Ազգային ժողովի պատգամավորին․

  • առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար (պատժվում է յոթից տասներկու տարվա ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց բռնագրավման)
  • փողերի լվացման համար (պատժվում է վեցից տասներկու տարվա ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց բռնագրավման):

Պատգամավորն ամեն դեպքում զրկվելու է անձեռնմխելիությունից

Անգամ եթե Հայաստանի ներկայիս խորհրդարանը չհասցնի քննարկել Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, միևնույն է, մոտ ժամանակներս նա կզրկվի դրանից: Վեցերորդ գումարման Ազգային ժողովն օրենքով արդեն արձակվել է, սակայն շարունակում է կատարել իր պարտականությունները։

Հայաստանում դեկտեմբերի 9 արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը, որի անդամ է Արամ Հարությունյանը, մասնակցում է ընտրություններին, սակայն Հարությունյանը կուսակցության ցուցակում չկա:

Նիկոլ Փաշինյանն՝ Արամ հարությունյանի մասին

Առաջին անգամ կոռուպցիոն սխեմայի մասին, որի մեջ ներքաշված է Արամ Հարությունյանը, խոսել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա դեպքը որակել է որպես «ամենախոշոր կոռուպցիոն բացահայտում Երրորդ հանրապետության պատմության մեջ».

«Ժողովրդից թալանվածը միանշանակ պետք է վերադարձվի կոպեկ առ կոպեկ: Քանի դեռ Հայաստանում կա պատգամավոր, որը մտածում է, որ կարող է կաշառք ստանալ, Հայաստանում իշխանափոխության մասին խոսք չի կարող լինել»:

Գլխավոր դատախազության հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է այս գործին և դրա օրինակով փորձել բացատրել, թե ինչու են կուռուպցիոն բացահայտումներն այդքան երկար հետաքննվում.

«Ես գիտեմ, որ կան հարցեր, և շատ կարևոր է, որպեսզի մենք պատկերացնենք գործընթացի բոլոր մանրամասները: Այս գործի վերաբերյալ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, քաղաքացու տված հայտարարությունը  եղել մոտ 4 ամիս առաջ, կարող է անգամ 5 ամիս առաջ:

Քանի որ այդ գործողություններն, ըստ քրեական նյութերի,  կատարվել էին օտարերկրյա բանկի միջոցով, քրգործի քննություն պատշաճ ձևով չէր կարող շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ օտարերկրյա պետություններից մեկից պատասխան չէր ստացվել»։

Արամ Հարությունյանը դեռևս չի մեկնաբանել իր հասցեին գլխավոր դատախազության հնչեցրած մեղադրանքները:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում