Բացատրում ենք, թե ինչու է ճգնաժամ առաջացել, ինչ փոփոխություններ սպասել և ինչ շանսեր ունեն իշխանության ձգտող քաղաքական ուժերը " />

«Հայաստանում հեղափոխությունը շարունակվում է, և տեղի է ունենում իշխանության տարանցում». փորձագետներ

Բացատրում ենք, թե ինչու է ճգնաժամ առաջացել, ինչ փոփոխություններ սպասել և ինչ շանսեր ունեն իշխանության ձգտող քաղաքական ուժերը

2018թ-ի հոկտեմբերի սկիզբը Հայաստանում նոր քաղաքական ճգնաժամի սկիզբ դարձավ:

Մինչ այս երկրի ղեկավարման մեջ երկու հակադիր խմբեր էին համագոյակցում՝ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ընդդիմությունից է իշխանության եկել, և խորհրդարանը, որտեղ մեծամասնություն են կազմում նախորդ իշխանությունների ներկայացուցիչները: Սակայն հոկտեմբերի 2-ին վարչապետի և խորհրդարանի միջև փաստացի դիմակայություն սկսվեց:

Խորհրդարանը դեմ գնաց արտահերթ խորհրդարանական ընտրությունները 2018-ի դեկտեմբերին անցկացնելու Փաշինյանի մտադրությանը:

Հոկտեմբերի 2-ի երեկոյան խորհրդարանը կանոնակարգի մասին օրինագծում փոփոխություններ մտցրեց, որոնք փաստացի արգելափակում են խորհրդարանը ցրելու հնարավորությունը:

Ի պատասխան վարչապետը ժողովրդին Ֆեյսբուքի միջոցով կոչ արեց փողոց դուրս գալ: Եվ մեկ ժամում հազարավոր մարդիկ արդեն շրջապատել էին Ազգային ժողովի տարածքը:

Լարվածությունը թուլացավ խորհրդարանում 3 ժամ տևած բանակցություններից հետո: Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ հավաքվածների մոտ և հայտարարեց, որ բանավոր համաձայնություն կա, և արտահերթ ընտրությունները կկայանան 2018թ-ի դեկտեմբերին:

Սակայն ավելի ուշ փոփոխություններն ընդունած քաղաքական ուժերը հայտարարեցին, որ միայն քննարկում է եղել, ոչ մի պայմանավորվածություն չկա:

Հայ փորձագետները կարծիք են հայտնում այն մասին, թե ինչու է ճգնաժամ առաջացել, ինչ փոփոխությունների սպասել և ինչ շանսեր ունեն իշխանության ձգտող քաղաքական ուժերը:

Համատեքստը

Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը շատերը բնորոշում են որպես ճգնաժամ:

Նախկին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հաջողվել է իշխանության գալ «թավշյա հեղափոխությունից» հետո, քանի որ նա ուներ երկրի տասնյակ հազարավոր բնակիչների աջակցությունը: Փողոց դուրս եկած և ընդդիմության պահանջներին միացած մարդկանց ճնշման տակ խորհրդարանը նրան վարչապետ ընտրեց:

Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ստացավ ձևավորել նախարարների իր կաբինետը՝ բաղկացած իր կողմնակիցներից և համախոհներից: Սակայն խորհրդարանում Փաշինյանը նախկինի պես աջակցություն չունի:

Այստեղ նրա գլխավորած քաղաքական ուժը մեծամասնություն չէ: 2017թ-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն էր ստացել Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Նա էլ հենց դարձավ իշխող կուսակցություն:

Հեղափոխությունից հետո Հանրապետական կուսակցությունը դադարեց իշխող լինել գործադիր մարմնում, սակայն, ըստ մանդատների քանակի, կարող է արգելակել նոր կառավարության որոշումները:

Հետևաբար, վարչապետ Փաշինյանն անհրաժեշտ է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Դա թույլ կտա նոր խորհրդարան ձևավորել, որում կփոխվի քաղաքական ուժերի բաշխումը: Հոկտեմբերի 2-ին նա հաղորդեց, որ արտահերթ ընտրություններն անցկացվելու են 2018թ-ի դեկտեմբերին:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին դրույթն առկա է կառավարության ծրագրում, որն ընդունվել է Փաշինյանի ընտրությունից հետո: Սակայն այն ժամանակ վարչապետն ասում էր, որ ընտրությունները տեղի կունենան մինչև 2019թ-ի մայիսը:

Հոկտեմբերի 2-ին՝ մոտ ապագայում անցկացվելիք ընտրությունների մասին տեղեկատվությունից հետո ՀՀԿ պատգամավորները հապճեպ արտահերթ խորհրդարանական նիստ անցկացրին: Նրանք օրինագիծ ընդունեցին, որը խոչընդոտում է խորհրդարանը ցրելուն:

Քվեարկությանը մասնակցում էր խորհրդարանում ներկայացված չորս ուժերից երեքը: Քվեարկությանը չէին մասնակցում միայն «Ելք» խմբակցության ներկայացուցիչները, որը վարչապետ ընտրվելուց առաջ գլխավորում էր Նիկոլ Փաշինյանը:

«Ծառուկյան» խմբակցության և «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչները սատարեցին ՀՀԿ-ի նախաձեռնությունը ու, ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, դարձան հակահեղափոխության մի մաս:

Փորձագիտական գնահատական

Հայ փորձագետները նշում են, որ երկրում «իշխանության տարանցում» է տեղի ունենում, և արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի խմբակցությունների հետ դիմակայության պետք էր սպասել.

«Պատկերացնել գործադիր և օրենսդիր իշխանությունների քառամյա համատեղ աշխատանք այնտեղ ներկայացված մարդկանց հետ այնպիսի քաղաքական համակարգում, ինչպիսին մերն է, չափազանց բարդ է։ Մի բան պետք է լիներ։ Վաղ թե ուշ պետք էր ենթադրել այն, ինչ տեղի ունեցավ։ Այս ամենն օրինաչափ է»։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ կատարվածը հեղափոխության շարունակությունն է, որը դեռ չի ավարտվել.

«Այն կավարտվի միայն Ազգային ժողովի ընտրություններից հետո, երբ նորացվի ոչ միայն կառավարությունն, այլ նաև խորհրդարանը։ Այնպես որ, քաղաքական ճգնաժամը Հայաստանում շարունակվում է»։

Ինչո՞ւ են պատգամավորները դեմ արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ քաղաքական ճգնաժամի խորացումը կապված է իր «քաղաքական կյանքը երկարացնելու նախկին իշխող կուսակցության ձգտման հետ»։

Ինչ վերաբերում է քաղաքական այլ ուժերին, որոնք աջակցել են օրինագծին, ապա այդ ուժերը նույնպես անհարմարություն են զգացել երկրում վերջերս անցկացված ընտրություններից հետո։

Երևանում Ավագանու ընտրություններ են անցկացվել։ Դրա արդյունքները հաստատել են որ երևանցիների մեծ մասն աջակցում է նոր վարչապետին և նրա թիմին։ Ընտրողների 80 տոկոսից ավելին քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին, որին աջակցում է Նիկոլ Փաշնյանը։ Դա անսպասելի էր ընտրությունների մյուս մասնակիցների համար։

«Վերջին 20 տարվա ընթացքում կայացել են առաջին արդար ընտրությունները, երբ զանգվածային ընտրակեղծիքներ չեն եղել, իշխանությունների կողմից ընտրական համակարգի վրա ճնշում չի եղել։ Սակայն խորհրդարանական ուժերը չեն հավաքել այնքան ձայն, որքան սպասում էին, և նրանց մոտ մտավախություններ են առաջացել, որ այդ իրավիճակում նրանք խորհրդարան չեն մտնի։ Այդ պատճառով էլ որոշել են նոր խորհրդարանական ընտրություններին դեմ հանդես գալ», – նշում է Ստեփան Գրիգորյանը։

Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Ազգային ժողովի ներկայիս խմբակցությունները նոր ընտրությունների դեպքում չեն կարողանա պահպանել իրենց դիրքերը։

«Դաշնակցությունն» ընդհանրապես ընտրազանգված չունի։ Ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ նրանք պարզապես խորհրդարան չեն անցնի։ «Բարգավաճ Հայաստանը» կարծում է, որ մանդատների այն քանակը, որ նա ունի հիմա, ընտրություններից հետո չի ունենա, անգամ եթե հայտնվի խորհրդարանում։ Այսինքն՝ այն դերը, որը նրանք խաղում են քաղաքականությունում, չեն կարողանա պահպանել»։

Փորձագետը կարծում է նաև, որ այդ ուժերը ցանկանում են իշխանությունը պահպանել որոշ ժամանակահատվածում՝ հույս ունենալով, որ Փաշինյանի վարկանիշը կնվազի։ Այդ պատճառով էլ ժամանակ են ձգում։

Ինչո՞ւ է Փաշինյանն ուզում ընտրությունները դեկտեմբերին անցկացնել

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ձգտումը Նիկոլ Փաշինյանը փաաստարկում է տնտեսական խնդիրներով։ Նա հայտարարում է, որ ներդրողները կայունության են սպասում, և մինչև ընտրություններ չանցկացվեն, նրանք ներդրումներ չեն անի Հայաստանի տնտեսությունում։

Ստեփան Գրիգորյանն այդ դրդապատճառը հիմնավոր է համարում.

«Ներդրողները, դոնորները սպասում են, թե երբ է ավարտվելու հեղափոխությունը։ Առանց նոր քաղաքականության ոչ ոք ներդրումներ չի անի տնտեսությունում։ Խաղի կանոնները պետք է հասկանալի լինեն բոլորի համար»։

Սակայն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ տնտեսությունը միայն առիթ է։ Հիմնական նպատակը լիարժեք իշխանություն ունենալն է։

«Խորհրդարանի շրջապատումը, արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելը ներդրողների համար չի արվում։ Դա արվում է իշխանության համար»։

Ստեփան Գրիգորյանը մեկ այլ՝ քաղաքական փաստարկ էլ է առաջ քաշում. ներկայիս խորհրդարանը լեգիտիմ չէ և չի արտացոլում ժողովրդի լիարժեք կամքը.

«Պատգամավորներից շատերն են ասում, որ ժողովուրդն իրենց վրա ճնշում է գործադրում։ Դա բացարձակ անգրագիտություն է, չէ՞ որ պատգամավորը հենց ժողղովրդի ներկայացուցիչն է։ Բացի այն, որ այս խորհրդարանին լեգիտիմության առումով լուրջ հարցեր կան ուղղված, հիմա  էլ պարզվում է, որ այդ պատգամավորները ոչ մի կապ չունեն պատգամավորության և ժողովրդի հետ։

Երեկ պատգամավորներից ոչ ոք ժողովրդի մոտ դուրս չեկավ [հոկտեմբերի 2-ին Փաշինյանը կրկին կոչով դիմեց երկրի բնակիչներին դուրս գալ փողոց և թույլ չտալ Հանրապետական կուսակցությանը հակահեղափոխական որոշում կայացնել։ Տասնյակ հազարավոր մարդիկ արձագանքեցին և արգելափակեցին խորհրդարանի շենքը պատգամավորների վրա ճնշում գործադրելու համար – JAMnews]։ Դա նշանակում է, որ նրանք ժողովրդին չեն ներկայացնում։ Նրանք լեգիտիմ չեն»։

Ո՞րն է Փաշինյանի գլխավոր զենքը

Նիկոլ Փաշինյանը նախկին պես հույս ունի, որ մարդիկ կհետևեն իրեն։ Եվ հոկտեմբերի 2-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ հույսերն անհիմն չեն։

Ալեքսանդր Իսկանդարյանը համաձայն է, որ ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանի գլխավոր զենքը բարձր վարկանիշն է.

«Նիկոլ Փաշինյանն ունի քաղաքական կամք և զանգվածային աջակցություն։ Այդ զանգվածային աջակցությունը ստուգվեց Երևանի ավագանու ընտրություններում։ Այդ ընտրություններն, ըստ էության, սոցիոլոգիական հարցում էին։ Եվ դա Փաշինյանի ժողովրդականության գագաթնակետն էր։ Պարզ է, որ այդպիսի թվերի հազիվ թե հաջողվի կրկին հասնել։ Եվ այդ ռեսուրսը հիմա չօգտագործելը մեղք է»։


Կարդալ ավելին JAMnews-ում