Ընդդիմության խոսքով՝ գործը չի բացահայտվի, մինչև Հայաստանում իշխանափոխություն չլինի" />

Հայաստանում պահանջում են բացահայտել 1999թ. Ազգային ժողովում զինված հարձակման գործը

Ընդդիմության խոսքով՝ գործը չի բացահայտվի, մինչև Հայաստանում իշխանափոխություն չլինի

18 տարի առաջ այս օրը Հայաստանի իշխանությունը գլխատվեց, երբ մի խումբ ահաբեկիչներ թափանցեցին Ազգային ժողով և գնդակահարեցին գործադիր և օրենսդիր իշխանության առաջին դեմքերին։ Ամեն տարի քաղաքական էլիտան հարգանքի տուրք է մատուցում զոհերի հիշատակին, իսկ ընդդիմությունը շարունակում է պնդել, որ գործը մինչև վերջ բացահայտված չէ, պատվիրատուները պատժված չեն:

1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի խորհրդարանի հերթական նստաշրջանի ժամանակ, երբ վարչապետն ու նախարարները օրենքով սահմանված կարգով պատասխանում էին պատգամավորների հարցերին, տեղի ունեցավ հարձակում: Զինված անձինք սպանեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, Աժ փոխնախագահներին, պատգամավորների:

Վիրավորվներն ու ողջ մնացածները մի քանի ժամ ստիպված եղան պատանդ մնալ ու տեսնել, թե ինչպես են արնաքամ լինում ղեկավարները: Սպանվածների դիակները խորհրդարանի շենքից դուրս բերվեցին միայն ուշ երեկոյան:

Մինչ այդ, ահաբեկիչները որոշակի պահանջներ էին ներկայացնում, նրանք ուզում էին հանդիպել այդ ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ի վերջո Նաիրի Հունանյանը՝ ով գլխավորում էր ահաբեկչությունը,  դեմառդեմ հանդիպեց Ռոբերտ Քոչարյանի հետ:

Մինչ օրս չկա այն հարցի պատասխանը, թե ի՞նչ են խոսել Քոչարյանն ու Հունանյանը: ԱԺ ընդդիմադիր ներկայիս պատգամավոր Արամ Սարգսյանը, ով ահաբեկչության ժամանակ սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի հարազատ եղբայրն է, իր զարմանքն է հայտնել, թե ինչպե՞ս կարող էր այդ զրույցը չձայնագրվել կամ տեսագրվել:

Պետության առաջին դեմքերին գնդակահարած ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Նրանցից մի քանիսը, պաշտոնական բնութագրումներով, տարբեր հանգամանքներում բանտում մահացան, մեկը՝ ինքնասպան եղավ, մեկը՝ հանկարծամահ:

Ընդդիմության խոսքով՝ գործը չի բացահայտվի, մինչև Հայաստանում իշխանափոխություն չլինի: Պատգամավոր Արամ Սարգսյանի կարծիքով, կան բազմաթիվ աղաղակող փաստեր, որոնց պատասխանները գտնելը բարդ չէ:

«Ինչո՞ւ առաջին իսկ օրվանից այդ տարիների նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ դա «ուչաստկովիի» գործ է, պետք է պարզել, թե ովքեր էին դահլիճում ներկա, ովքեր էին բացակա, ինչո՞ւ էին որոշ խմբակցություններ ամբողջությամբ բացակա:

Երկրի իշխանությունները գլխատված էին, մնացել էր մեկ մարդ՝ նախագահը, որը գնաց Նաիրի Հունանյանի՝ ահաբեկչությունը գլխավորողի հետ բանակցության և այդ բանակցությունները չէին վերահսկվում, չէին ձայնագրվում կամ տեսագրվում, ինչո՞ւ:  Զենքերն ինչպե՞ս էին բերվել Ազգային ժողով, իրենք հետնե՞րն են բերել խորհրդարան, թե դրանք մինչև ԱԺ մտնելն էին շենքում: Հարցերի շարանը մեծ է: Այս գործն ամբողջությամբ մութ է, բայց այդքան էլ բարդ չէ գտնել այս հարցերի պատասխանները»,- նշել է Արամ Սարգսյանը:   

Գործող իշխանությունը ներկայացնող Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ բնական է, երբ հանրությունը նման իրավիճակներում կարծում է, որ իրողությունը երբեք չի բացահայտվի, այնինչ՝ «բացահայտված են մարդիկ, որոնք դա իրականացրել են»:


Կարդալ ավելին JAMnews-ում