Խորհրդարանը հակածխախոտային օրինագիծ է ընդունել՝ չնայած բացասական տնտեսական հետևանքների մասին ընդդիմադիրների նախազգուշացումներին " />

Հայաստանում հանրային վայրերում ծխողները խոշոր տուգանք կվճարեն

Խորհրդարանը հակածխախոտային օրինագիծ է ընդունել՝ չնայած բացասական տնտեսական հետևանքների մասին ընդդիմադիրների նախազգուշացումներին

Հայաստանի խորհրդարանը հակածխախոտային օրինագիծ է ընդունել, որն արգելում է ծխել հանրային տրանսպորտում, փակ տարածություններում, բուժհաստատություներում։ Օրենքը խախտողները խոշոր տուգանքներ կվճարեն։

Ընդդիմությունը դրա ընդունմանը դեմ է հանդես եկել՝ մատնանշելով տնտեսության վրա հնարավոր բացասական հետևանքները։ Սակայն որոշումն ընդունվել է իշխող կուսակցության այն հիմնավորմամբ, որ հասարակության առողջությունը տնտեսական շահից թանկ է։

Հայաստանում սպասվում է ծխախոտի գների կտրուկ աճ

Հայաստանում ակտիվորեն խոսում են ծխախոտը մարիխուանայով փոխարինելու մասին

Որտե՞ղ այժմ չի կարելի ծխել

Օրենքի պաշտոնական հրապարակումից տասն օր անց արդեն չի թույլատրվելու ծխել հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում, մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում, մանկական խաղահրապարակներում, վարչական շենքերում և մշակութային հուշարձանների տարածքում։

Որոշ դրույթներ ուժի մեծ կմտնեն ավելի ուշ։ Օրինակ, հյուրանոցներում, առողջարաններում ծխելը կարգելվի 2020 թ–ի մայիսի 1–ից։ 2022 թ–ի մարտի 15-ից կարգելվի ծխելը ռեստորանների, բարերի և սրճարանների փակ տարածքներում, իսկ 2024 թ–ի մայիսի 1–ից՝ նաև կիսափակ տարածքներում։

Վաճառքի կանոնների մասին

2021 թ–ի հունվարից կարգելվի ծխախոտը ցուցափեղկերում ցուցադրել, խանութներում գովազդել պաստառների և բաներների օգնությամբ։ Գնորդները ստիպված կլինեն վաճառողներից հատուկ ցուցակ ուզել՝  իրենց նախընտրած ծխախոտն ընտրելու համար։ Այդ սահմանափակումները չեն տարածվելու միայն օդանավակայանի Duty-free խանութների վրա։

Ծխելու վնասակարության մասին զգուշացնող տեքստի մեծությունը ծխախոտի տուփի վրա այժմ պետք է զբաղեցնի ողջ տուփի 30%–ն, իսկ 2022 թ–ի հունվարից՝ ոչ պակաս, քան 50%–ը։

Որքա՞ն պետք է տուգանք վճարել օրենքի խախտման համար

Օրինախախտները տուգանք կվճարեն նվազագույն աշխատավարձի 50–պատիկի չափով։ 2020 թ–ի հունվարի 1–ից այն կազմում է 68 հազար դրամ ($143)։

Օրենքն առանձնապես խիստ է նրանց նկատմամբ, ովքեր կխախտեն օրենքն իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում։ Նրանց սպառնում է տուգանք նվազագույն աշխատավարձի 100–200-պատիկի չափով։ Եթե որևէ մեկը երեք ամսում խախտի օրենքը երկու անգամ, ստիպված կլինի կրկնակի տուգանք վճարել։

Խորհրդարանում «կողմ» և «դեմ» կարծիքներ

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ հաշվի չեն առնվել օրենքի ընդունման տնտեսական հետևանքները։

«Մենք փաստացի խնդիրներ ենք ստեղծում տնտեսվարողների, արտադրողների համար: «Գրանդ Տոբակոն» առաջին հարկատուն է մեզ մոտ, նույնիսկ «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից» ավելի շատ հարկ է վճարում: Ունե՞նք ուրիշ նման ոլորտ կայացած, տնտեսության ճյուղ, չունենք, եկեք ուրիշը զարգացնենք, նոր սրան գոնե սկսենք խփել, հարգելինե՛րս, սրա հաջորդը գալիս է պղնձամոլիբդենը», – ասել է այդ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Իմ քայլն» իշխող խմբակցության պատգամավորները հակադարձել են, որ մարդկանց կյանքը տնտեսական եկամուտից թանկ է։

«Երբ մեր հարազատները, բարեկամները հիվանդանում են, մենք մտածո՞ւմ ենք փողի մասին, մենք մեր առողջության մասին մտածելիս փողի, տնտեսական շահավետության մասին մտածո՞ւմ ենք երբևիցե, չենք անումб չէ՞: Մեզանից ո՞ր մեկը կվաճառի իր երիկամը, որ գնի ավտոմեքենա, ոչ ոքб չէ՞, ոչ ոք նման բան չի անում: Ինչո՞ւ ուրեմն մենք դա պիտի անենք պետության մասշտաբով, վաճառենք առողջությունը, որ գնենք ինչ-որ նյութական բարիքներ, դա, կներեք, անտրամաբանական է», – ասել է պատգամավոր Արման Եղոյանը։

Արդյունքում՝ դեմ են քվեարկել հիմնականում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Հակածխախոտային արշավն ավելի վաղ էր սկսվել

Ծխելու դեմ պայքարը ձեռնարկվել էր 2017 թ–ի օգոստոսին։ Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը հայտարարել էր ծխողների թիվը 30-40 տոկոսով կրճատելու մտադրության մասին․

«Հայաստանում ծխում է չափահաս տղամարդկանց ավելի քան 55, իսկ կանանց՝ 3 տոկոսը: Դրա համար մենք առաջարկում ենք արգելել հանրային վայրերում ծխելը: Ռեստորաններում չեն լինելու առանձին խցիկներ չծխողների համար, քանի որ պայքարի նպատակը ոչ թե չծխողների մոտ չծխելն է, այլ՝ ընդհանրապես չծխելը»։

2018 թ–ի «թավշյա հեղափոխությունից» հետո նրան փոխարինած Արսեն Թորոսյանը շարունակեс պայքարը հակածխախոտային օրենքի ընդունման համար։ Նա պնդում էր, որ անհրաժեշտ է ծխախոտի գների կտրուկ բարձրացնել ՝ 45 տոկոսով։ Արսեն Թորոսյանը վստահեցնում էր, որ դա կկանխի 88 հազար մահ, կշահեն նրանք, ովքեր կթողնեն ծխելը կամ չեն սկսի։

Թորոսյանը հայտարարում էր, որ Հայաստանը պետք է գնա դեպի ծխախոտի սպառման լիակատար արգելում։ Սակայն վարչապետն ավելի սահուն անցման մտադրություն ունի։

«Ժամանակի մեքենա եք ուզում, ասում եք՝ եկեք միանգամից այսպես անենք։ Սակայն այդպես չի լինում։ Այդ ուղին աղետի է տանում», – հակադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Կարդալ ավելին JAMnews-ում