«Մեր քաղաքացիները պաշտպանված չեն ոչ պետական, ոչ մասնավոր հատվածում»,- կարծում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը " />

Հայաստանում հաճախակի են խախտվում աշխատողների իրավունքները

«Մեր քաղաքացիները պաշտպանված չեն ոչ պետական, ոչ մասնավոր հատվածում»,- կարծում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը

Հայաստանի քաղաքացիների աշխատանքային իրավունքները հաճախակի են խախտվում:  Նման գնահատական է տրվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարեկան հաղորդման մեջ:

Նախորդ տարվա ընթացքում գործատուները խախտել են աշխատողների մի քանի իրավունք.

– մարդկանց աշխատանքից ազատել են անհիմն,

– աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ օրենքով սահմանված ժամկետներում այդ մասին տեղյակ չեն պահել աշխատողներին,

– փորձաշրջանի դիմաց վարձատրության չեն տրամադրել,

– չեն կատարել վերջնահաշվարկ:

Իրավապաշտպանները նշում են, որ շարքը կարելի է երկար շարունակել՝ Հայաստանը հեռու է քաղաքացիներին արժանապատիվ աշխատանք ապահովելու նորմերից:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կատարած ուսումնասիրության համաձայն, աշխատողների իրավունքների խախտման դեպքերը մտահոգիչ են հատկապես սպասարկման ոլորտում։ Խոսքը սուպերմարկետների, սրճարանների, ռեստորանների, ակումբների, տաքսի ծառայությունների մասին է:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նկատում է. քաղաքացիներն առանց աշխատանքային պայմանագրերի ու օրավարձով  են  աշխատում, իսկ եթե պայմանագիր կնքվում է, ապա այն ձևական բնույթ է կրում:

Նա նշել է, որ պետական հատվածում այս կապակցությամբ ուսումնասիրություն չեն կատարել, սակայն, տեղյակ են՝ հատկապես դպրոցներում են  ոտնահարվում աշխատողների իրավունքները: Մանկավարժների հետ աշխատանքային պայմանագիր են կնքում մեկ տարով: Եվ եթե տնօրենը չի ցանկանում տվյալ աշխատակցի հետ աշխատել, ապա հեշտությամբ ազատվում է նրանից՝ պարզապես նոր պայմանագիր չկնքելով։

«Մեր քաղաքացիները պաշտպանված չեն ոչ պետական, ոչ մասնավոր հատվածում: Նրանք ամեն օր դողում են իրենց աշխատատեղերի վրա»,- կարծում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը։

Իսկ ՄԻՊ զեկույցի համաձայն, աշխատանքային իրավունքների խախտման դեպքեր են արձանագրվում նաև հենց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններում: Մասնավորապես, օմբուդսմենին հասցեագրված բողոքների հիման վրա պարզվել է, որ սխալ է հաշվարկվել երեխաների խնամքի հաստատությունների որոշ աշխատակիցների աշխատավարձը՝ ի վնաս նրանց:

JAMnews-ն այս թեմային անդրադարձել է և իր նախկին հրապարակումներում: Այստեղ կարող եք կարդալ Հայաստանում աշխատողների իրավունքների 5 ամենատարածված խախտումների մասին:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում