Վերջին 4 տարիներին ընդհանուր առմամբ ավելացել է երկրի Եվրոպական կոմնորոշմանը հակվածների թիվը" />

Հայաստանում կանայք Եվրամիության կողմնակիցն են, իսկ տղամարդիկ՝ Եվրասիական տնտեսական միության

Վերջին 4 տարիներին ընդհանուր առմամբ ավելացել է երկրի Եվրոպական կոմնորոշմանը հակվածների թիվը

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի, JAMnews և Մեդիա Կենտրոնի

Հայաստանում վերջին 4 տարիների ընթացքում ավելացել է Եվրամիության և նվազել Եվրասիական տնտեսական միության կողմնակիցների թիվը: Այս մասին այսօր հայտարարել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ նախագահ Ռուբեն Սարգյսյանը: Նրանք ներկայացրել են իրենց կազմակերպություների կողմից համատեղ իրականացված հարցման արդյունքները:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է 2015թ.-ից: Դրան անդամակցելու հեռանկարը Հայաստանի համար բացվել է 2013թ.-ի սեպտեմբերի 3-ին, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. Հայաստանը հրաժարվում է Եվրամիության հետ 3.5 տարի բանակցված Ասոցացման և դրա բաղկացուցիչ Խորը ու Համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրերը ստորագրելուց և որդեգրում է Մաքսային միությանը միանալու ճանապարհը:

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ նախագահ Ռուբեն Սարգյսյանն ասել է, որ 2014թ.-ին ԵԱՏՄ-ին կողմ են արտահայտվել հարցվածների 38 տոկոսը, իսկ 2017թ.-ին՝ միայն 32 տոկոսը: Հարցման իրականացման տարիների ընթացքում ամենից շատ Եվրամիությանը կողմ են արտահայտվել 2016թ.-ին՝ 44 տոկոսը: Նույն 2016-ին ԵԱՏՄ-ին կողմ են արտահայտվել հարցվածների միայն 25 տոկոսը:

«Պատճառը, մեր կարծիքով, 2016թ.-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկա տրամադրելու փաստն է եղել»,- մանրամասնել է Ռուբեն Սարգսյանը:

Հետազոտությունից պարզ է դառնում նաև, թե բնակչության որ շերտերն են կողմ ԵԱՏՄին և ԵՄին:

Եվրամիության կողմնակիցները հիմնականում 18-45 տարեկան մարդիկ են, մեծամասնությունը՝ կանայք, որոնք բնակվում են հիմնականում մարզերի քաղաքային բնակավայրերում և Երևանում, ստանում են 150 հազար դրամ և ավելի բարձր աշխատավարձ:

Եվրասիական տնտեսական միության կողմնակիցները 45 տարեկանից բարձր մարդիկ են, հիմնականում՝ տղամարդիկ, որոնք բնակվում են գյուղերում և ամսական մինչև 150 հազար դրամ եկամուտ ունեն:

Բնակչության կողմնորոշումների վրա, կարծես թե, ազդեցություն են ունեցել նաև զանգվածային լրատվության միջոցները: Եվրասիական միությանն են կողմ հեռուստատեսություն դիտողները, իսկ ԵՄ-ին են կողմ՝ տպագիր և էլեկտրոնային մամուլ ընթերցողները:

Հարցումն իրականացվել է չորս տարի շարունակ՝ 2014-2017թթ.-ին ամեն ամիս: Դրան մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերի և մայրաքաղաքի 18 տարեկանից բարձր բնակիչներ, հավասարաչափ՝ կանայք և տղամարդիկ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշել է, որ հարցման նպատակն էր պարզել հանրային տրամադրության փոփոխությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ժամանակաշրջանից սկսած:


Կարդալ ավելին JAMnews-ում