Հայաստանում կալանքից ազատել են երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին

Վերաքննիչ դատարանն ապօրինի է ճանաչել Քոչարյանի կալանքի մասին որոշումը

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատել են կալանքից: Վերաքննիչ դատարանն ապօրինի է ճանաչել  ավելի վաղ առաջին ատյանի դատարանի՝ նրա ձերբակալման մասին որոշումը:

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահն է եղել 1998-2008թթ-ին: Նրա կալանքը կապված էր 2008թ-ի մարտի 1-2-ի իրադարձությունների հետ: 2008թ-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո երկրում բողոքի ալիք սկսվեց. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական դաշինքի կողմնակիցները պնդում էին, որ ընտրություններում հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանն, ու պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, ըստ քվեարկության արդյունքների, հաղթող էր հայտարարել Սերժ Սարգսյանին, սակայն նա այդ ժամանակ դեռ չէր զբաղեցրել իր պաշտոնը. երկրի նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր: Նա արտակարգ դրություն մտցրեց: 2008թ-ի մարտի 1-ին ցույցը ցրելու ժամանակ մարտական զենք կիրառվեց, տասը մարդ զոհվեց՝ քաղաքացիական ութ անձ և ոստիկանության երկու աշխատակից:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողներին ասել է, որ ազատ արձակման հիմքը Սահմանադրության այն դրույթն է, որ Ռոբերտ Քոչարյանը որպես նախկին նախագահ անձեռնմխելիություն ունի:

Նա հաղորդել է նաև, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճից դուրս գալուն պես հեռացել է և ոչ ոքի հետ չի շփվել:

Նախկին նախագահի փաստաբանները նշում են, որ իրենց պաշտպանյալի հանդեպ քրեական հետապնդումն ընդհանրապես կարող է դադարեցվել՝ հաշվի առնելով անձեռնմխելիության հանգամանքը:

Քոչարյանը շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում:


Կարդալ ավելին JAMnews-ում