Պետեկամուտների կոմիտեն պնդում է, որ «Սպայկան» 15 մլն դոլարի հարկ չի վճարել։ Իսկ աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում, աջակցելով իրենց ղեկավարին" />

Հայաստանում կալանավորվել է բեռնափոխադրող խոշոր ընկերության ղեկավարը

Պետեկամուտների կոմիտեն պնդում է, որ «Սպայկան» 15 մլն դոլարի հարկ չի վճարել։ Իսկ աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում, աջակցելով իրենց ղեկավարին

«Սպայկա» ընկերությունը, որը բեռնափխադրումների շուկայի առաջատարն է, մեղադրվում է 7 մլրդ 35 մլն դրամի հարկ չվճարելու համար։ Դրա ղեկավար Դավիթ Ղազարյանն իր մեղքը չի ընդունում։ Սակայն դատարանն արդեն նրան կալանավորելու վճիռ է կայացրել։

Հայաստանի ամենախոշոր սուպերմարկետներից մեկը տարիներ շարունակ խուսափել է հարկերի վճարումից

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն 8 ամսում բյուջե է վերադարձրել մոտ 20 մլն դոլար

Ինչո՞ւմ է մեղադրվում ընկերությունը

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն ստուգումներ է անցկացրել և պարզել, որ «Սպայկան» 2015-2016թթ-ին Հայաստան տարբեր ապրանքներ է ներկրել՝ դրանք ձևակերպելով այլ ապրանքների անվան տակ, որոնք ազատված են ԱԱՀ-ից և մաքսային տուրքերից։ Արդյունքում՝ ընկերությունը պետբյուջե չի վճարել ավելի քան 7 մլրդ դրամ։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի տվյալների՝ այդ բոլոր բեռնափոխադրումները ձևակերպվում էին «Գրինպրոդուկտ» ընկերության անունով, որն իրականում կառավարվում էր «Սպայկայի» ղեկավարության կողմից։

Անցյալ տարի «առանձնապես խոշոր չափի հարկեր չվճարելու» նույն հոդվածով քրեական գործ էր հարուցվել «Սպայկայի» դեմ։ Այն ժամանակ ընկերությունը պետբյուջե էր վերադարձրել մոտ 2 մլրդ դրամ (ավելի քան 4 մլն դոլար)։ Դրա ղեկավարը այժմ պարզաբանեց, որ ընկերությունը համաձայն չէր մեղադրանքներին, սակայն վերահաշվարկ չի պահանջել և վճարել է նշված գումարն իր աշխատանքը կաթվածահար չանելու համար։ Եվ այժմ, ըստ Դավիթ Ղազարյանի, Պետեկամուտների կոմիտեն որոշել է կրկնել փորձը և ընկերությանը ստիպել էլ ավելի մեծ գումար վճարել։

Ինչպե՞ս է այժմ արձագանքել ընկերությունը

Հարկերը չվճարելու մասին Պետեկամուտների կոմիտեի հաղորդագրությունից հետո «Սպայկա» ընկերութան հիմնադիր և ղեկավար Դավիթ Ղազարյանը շտապ մամուլի ասուլիս էր հրավիրել և հայտարարել, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Նա ասել է, որ ընդհանուր ոչինչ չունի «Գրինպրոդուկտ» ընկերության հետ, և այս քրեական գործը դավադրություն է «Սպայկայի» դեմ։

«Պետեկամուտների կոմիտեն ստուգումներ է անցկացրել «Գրինպրոդուկտ» ընկերությունում և որոշել մեզ կապել դրա հետ։ Նրանք պնդում են, թե մենք ենք․․․ դրա իրական սեփականատերերը։ Դա սուտ է»։

«Սպայկայի» ղեկավարն ասել է նաև, որ ընկերությունը քրեական գործի պատճառով զրկվում է Եվրասիական զարգացման  բանկի 100 մլն դոլար ներդրումից։ Եվ այդ գումարով, ըստ Ղազարյանի, իրենք պլանավորում էին լրացուցիչ մի քանի հարյուր աշխատատեղ ստեղծել․

 «Ինձ երեկ գիշերը զանգահարել են Եվրասիական զարգացման բանկից։ Ինձ հաղորդեցին, որ ժամանակավորապես կասեցնում են ֆինանսավորումը, քանի որ մեր դեմ քրեական գործ է հարուցվել»։

Դավիթ Ղազարյանը հայտարարել է նաև, որ իրեն կալանավորելու դեպքում ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը, սակայն ֆերմերներից ծիրան չի մթերելու։ Ինչպես գրում են լրավտամիջոցները, «Սպայկան» գործնականում մոնոպոլիզացրել է հայկական ծիրանի արտահանման շուկան։ Մթերման սեզոնը մոտենում է, և բեռնափոխադրող ընկերության ղեկավարի հայտարարությունը հայ ֆերմերներին լրջորեն անհանգստացրել է։

Մամուլի ասուլիսից հետո դատարանը քննել է Դավիթ Ղազարյանի կալանքի մասին ՊԵԿ միջնորդությունն ու որոշել բավարարել այն։

«Սպայկայի» աշխատակիցների արձագանքը

Հարկերի չվճարման և ընկերության ղեկավարի կալանքի մասին միջնորդության վերաբերյալ ՊԵԿ հաղորդագրությունից անմիջապես հետո ընկերության հարյուրավոր աշխատակիցներ հայտարարել են, որ չեն ուզում կորցնել իրենց աշխատատեղերն ու սատարում են իրենց ղեկավարին։

Բողոքի հզոր ակցիան անցկացվում էր դատարանի շենքի մոտ, որտեղ Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշում էր կայացվում։ Դրա մասնակիցները փակել էին ճանապարհն ու հարցի այլ լուծում էին պահանջում։

Այն բանից հետո, երբ դատարանն այնուամենայնիվ ընկերության ղեկավարին կալանավորելու վճիռ կայացրեց, «Սպայկայի» աշխատակիցները տեղափոխվեցին կառավարության շենքի մոտ։ Նրանք հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ընկերության մասին

«Սպայկան» այսօրվա դրությամբ բեռնափոխադրումների ամենախոշոր ընկերությունն է Հայաստանում։ Երկար տարիներ այն առաջատար դիրքեր է զբաղեցնում այդ ոլորտում։

Ընկերությունը հիմնել էր նաև ջերմոցային միրգ-բանջարեղենի և պանիրների արտադրություն։

Հայկական լրատվամիջոցները բազմիցս գրել են, որ «Սպայկան» պատկանում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Տեղեկությունների էին շրջանառվում, որ ընկերությունում իր մասնաբաժինն ունի նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։

Ընկերության ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ հերքեց այդ լուրերը։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում