Փորձի հեղինակը նույն բժշկական կենտրոնի տնօրենն է " />

Հայաստանում թեյ են հանձնել մեզի փոխարեն, ու լաբորատորիան մեզի անալիզի պատասխան է տվել

Փորձի հեղինակը նույն բժշկական կենտրոնի տնօրենն է

Հայաստանի քաղաքային հիվանդանոցներից մեկում լաբորատորիայի աշխատակիցները մեզի փոխարեն ստացել են թեյի գույն ու տվել պատասխան:

Փորձը կազմակերպել է նույն բուժհիմնարկի նորանշանակ տնօրենը: Նունե Ավանեսյանն ընդամենը 8 ամիս է, ինչ ղեկավարում է Մասիսի բժշկական կենտրոնը: Նա պատմել է, որ  անալիզների անցկացման որակի վերաբերյալ բազմաթիվ բողոքներ է ստացել, ինչից հետո էլ որոշել է անձամբ ստուգել իր աշխատակիցների բարեխղճությունն ու պրոֆեսիոնալիզմը:

ԲԿ տնօրենը տարայի մեջ կանաչ թեյ է լցրել, որը գույնով շատ նման է իսկական մեզին և, ի զարմանս իրեն, ստացել «իրական» պատասխաններ:

«Ստացել եմ մեզի պատասխան, որում բոլոր կոմպոնենտները՝ լեյկոցիտները, էրիթրոցիտները և էպիթելերը հաշված գրել էին: Դրանք պրակտիկորեն չեն կարող թեյի գույնի մեջ լինել: Տվել են մոտավորապես պիելոնեֆրիտով հիվանդ մարդու հետազոտությունների արդյունք», – ասել է Նունե Ավանեսյանը:

Լաբորատորիայի աշխատակիցները նշում են, որ «բոլորի հետ էլ նման բան կարող է պատահել»: Ավելին, նրանք կասկածում են, որ տնօրենն իրենց զննությանը միայն թեյ չէ հանձնել:

«Ի՞նչ իմանանք, գուցե մեզ էլ խառնած լինեն: Մենք փորձաճագարներ չենք, սա ի՞նչ է, ես էլ մասնագետ եմ, կարող եմ տարբեր լաբորատորիաներում կեղտ գտնել»,-  ասել է նրանցից մեկը:

Հիվանդանոցի տնօրենը հիշեցնում է՝ այս մասնագետները մարդկանց առողջության հետ գործ ունեն: Փոխտնօրենն էլ խոստովանում. սարսափում է մտածելիս, որ հնարավոր է բազմաթիվ հիվանդների սխալ բուժում նշանակած լինեն լաբորատոր զննության այս տեսակ արդյունքների հիման վրա:

ԲԿ տնօրեն Նունե Ավանեսյանն իր կատարած փորձի արդյունքները պարզելուց հետո ժողով է հրավիրել: 15 աշխատակիցներից 8-ն աշխատանքից դուրս գալու դիմում են ներկայացրել:

Ի դեպ, ԲԿ տնօրենը հայտնել է լրատվամիջոցներին, որ աշխատակիցներին ստուգելու համար նաև արյան անալիզ է հանձնել: Ինքն անձամբ արյուն է հանձնել երեք այլ անձանց անունով ու ստացել միանգամայն տարբեր պատասխաններ: Նրա խոսքով, երեք պատասխաններն էլ այնքան տարբեր են, կարծես, իսկապես տարբեր մարդկանց արյան զննության արդյունքներ լինեն:

Տեղի ունեցածի վերաբերյալ արդեն գնահատական է տվել առողջապահության նախարարը:

«Հիվանդանոցի տնօրենը կոչված է նրա համար, որ վերահսկի բժշկական կենտրոնի որակը։ Միանշանակ կրեատիվ մոտեցում է», – ասել է նախարար Լևոն Ալթունյանը:

Լրագրողները հարցին. «Արդյոք անհանգստացած չե՞ք այն հանգամանքով, որ լաբորատորիայում ոչ մասնագետներ են աշխատում», – Լևոն Ալթունյանն արձագանքել է. «Ամեն ինչ էլ կարող է պատահել»:


Կարդալ ավելին JAMnews-ում