Դրանից դժգոհ են նաև միջինից բարձր աշխատավարձ ստացողները, շահել են միայն ցածր վարձատրությամբ աշխատողները" />

Հայաստանում եկամուտների հարկման նոր մեխանիզմը հարվածում է միջին խավին

Դրանից դժգոհ են նաև միջինից բարձր աշխատավարձ ստացողները, շահել են միայն ցածր վարձատրությամբ աշխատողները

Գրանցված աշխատողների աշխատավարձերը Հայաստանում փոխվելու են 2018 թվականի հունվարի մեկից ուժի մեջ մտնող հարկային փոփոխությունների արդյունքում: Մինչև 150.000 դրամ աշխատավարձ ստացողները այսուհետ կվճարեն ավելի փոքր գումար, քան նախկինում: Այս դեպքում եկամտահարկը նախկին 24,4 տոկոսից նվազել է՝ դառնալով 23 տոկոս:

Սակայն ավելի բարձր վարձատրվող աշխատողների համար եկամտահարկի տոկոսը բարձրացել է, դառնալով.

150,000 – 2,000,000 միլիոն դրամ աշխատավարձի դեպքում՝ 28 տոկոս (նախկինում՝ 26 տոկոս):

2,000,000 դրամից ավելի աշխատավարձի դեպքում 36 տոկոս եկամտահարկի չափը պահպանվել է:

Որոշակի փոփոխոթյուն է կատարվել նաև շեմերի մասով՝ օրինակ, նախկինում մինիմալ շեմը մինչև 120,000 դրամն էր, որը հիմա բարձրացել է մինչև 150,000:

Բացի եկամտահարկից, բոլոր աշխատողները վճարում են նաև 1000 դրամ (մոտավորապես 2 դոլար)՝ զինծառայողների ֆոնդի համար: Իսկ 1974 թվականի հունվարի մեկից հետո ծնվածները պետք է վճարեն նաև պարտադիր սոցիալական վճար կենսաթոշակային ֆոնդի համար՝ ևս 5 տոկոսի չափով:

Արդյունքում, նրանք, օրինակ, 150,000 դրամ աշխատավարձի պարագայում կստանան 107,000 դրամ, վճարելով հետևյալ հարկերը.

  • 34500 դրամ՝ եկամտային հարկ,
  • 7500 դրամ՝ սոցիալական վճար կուտակային կենսաթոշակային ֆոնդին,
  • 1000 դրամ՝ զինծառայողների ֆոնդին:

Այս փոփոխություններին առաջին հերթին դեմ են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները, քանի որ հիմնականում հենց այս ոլորտում են գրանցվում առավել բարձր աշխատավարձերը: Նրանք ասում են, որ իշխանությունները, ըստ էության,  դրդում են օրինական աշխատողներին անցնել անօրինական դաշտ:

«Սպիտակ աշխատողներին ստիպում են գնալ «սև» դաշտ: Ի՞նչ է նշանակում, ծրագրավորողն աշխատում էր նորմալ դաշտում, դու իրեն ճորտացնում ես՝ եկամտահարկը սարքում ես 36 տոկոս: Պետությունն ասում է՝ եկեք ճորտացնենք այս մարդկանց: Մենք մարդկանց ճնշում ենք՝ ասելով. երկրից գնացեք: Բայց այդ մարդկանց վրա է հիմնված այս ոլորտը: Մարդը կամ կարող է դիմանալ, կամ էլ նեղանալ ու գնալ: Պետությունն արհեստականորեն խնդիրներ է ստեղծում աշխատող մարդկանց համար»,- ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը:

Իսկ կառավարությունում կարծում են, որ հարկային բեռը այս նոր մեխանիզմով հավասարապես է բաշխվում. քիչ աշխատավարձ ստացողները վճարում են քիչ, շատ ստացողները՝ շատ: Ավելին, ակնկալվում է, որ ընդհանուր հարկահավաքությունը ոչ միայն չի կրճատվի, այլև մոտ 6 տոկոսով կաճի:

Տնտեսագետներն էլ կարծում են, որ առաջիկայում սպասվող գնաճի ֆոնին, վնաս է հասցվելու միջին շերտի գրպանին՝ մարդկանց գնողունակությունը նվազելու է:

«Ամբողջ տնտեսական քաղաքականության սուրը ուղղված է եղել միջին խավին, որպեսզի չձևավորվի։ Սա քաղաքական նպատակ է հետապնդում։ Հակառակ դեպքում միջին խավը միշտ այդ ամեն ինչից դուրս կլիներ, միշտ ինքն է լոկոմոտիվը տնտեսության։ Ինքնաշարժիչ ուժը՝ նորմալ, ժողովրդավարական տնտեսության։ Իսկ նման ավտորիտար համակարգերում ինքը միշտ խանգարող է լինում, որովհետև իր ակտիվությունը միշտ իշխող համակարգին խանգարում է, դրա համար սլաքը ուղղվում է իրեն, որ ինքը երբևիցե չկարողանա մեջքն ուղղի, եկամուտները շատացնի և ինքը նաև քաղաքական տեսակետներ, մոտեցումներ և նպատակներ իր առջև դնի», – գտնում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:


Կարդալ ավելին JAMnews-ում