Ռուսաստանի շահն էլ այս հարցում այն էր, որ Հայաստանին միջազգային ցանցից հեռու պահի" />

Հայաստանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման մեջ մեղադրում են ոչ միայն Ադրբեջանին

Ռուսաստանի շահն էլ այս հարցում այն էր, որ Հայաստանին միջազգային ցանցից հեռու պահի

Հայաստանում շարունակում են քննարկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հարցը: Քաղաքական և հասարակական շրջանակները փորձում են հասկանալ՝ ինչպես ստացվեց, որ Ադրբեջանը կարողացավ վետո դնել գրասենյակի գործունեության երկարացման վրա:

Ինչպես հայտնել էին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի գրասենյակից, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նախատեսվում է փակել եկող ամիսներին: Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ն այլևս ներկայացված չի լինի, որովհետև Հայաստանը տարածաշրջանում միակ պետությունն է, որտեղ ԵԱՀԿ-ն դեռ ներկայություն ունի: Իսկ գրասենյակի փակման պատճառը՝ մանդատը չերկարաձգելու մասին որոշումն է, որին, ըստ գրասենյակի հայտարարության, դեմ է եղել Ադրբեջանը: Հաղորդագրության համաձայն՝ ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան ու Ավստրիան ջանքեր են գործադրել պահպանելու այս միակ հարթակը տարածաշրջանում, բայց Ադրբեջանը դրան չի համաձայնել:

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի փակվելը մի քայլ է միայն Ադրբեջանի մեծ խաղում, սակայն չմանրամասնեց, թե ինչ քայլեր են, իր կարծիքով, հաջորդելու դրան: Ամեն դեպքում, նա համոզված է, որ գրասենյակի փակվելը Հայաստանին ուղղակի վնաս չի պատճառի, ՀՀ և ԵԱՀԿ համատեղ ծրագրերը կիրականացվեն այլ ուղով:

Տեր-Գրիգորյանը կարծում է, որ հայկական կողմը կարող էր ավելին անել, որպեսզի թույլ չտար գրասենյակի փակումը, և դրա համար հարկավոր էր նախապես գործել՝ աստիճանաբար կանխելով սպառնալիքը:

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի գլխավոր տնօրենը ասել է նաև, որ Ռուսաստանն էլ այստեղ իր շահն ուներ. հեռու պահել Հայաստանին միջազգային ցանցից: Իսկ ՀՀ-ն սա չկանխատեսեց, չնայած ՌԴ-ն մինչ այդ փակեց Վրաստանում ԵԱՀԿ գրասենյակը:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Ադրբեջանում պետք է զգան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հետևանքները, իսկ դրա համար հարկավոր է, որ Հայաստանն այսօրվանից պատրաստվի ԵԱՀԿ մյուս վեհաժողովին և հանդես գա Ադրբեջանի «ոչ կոնստրուկտիվ քայլերը» դատապարտող հայտարարությամբ:

Ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը ևս մտածում է, որ Հայաստանի և ԵԱՀԿ-ի հարաբերությունները քաղաքական առումով չեն տուժի, բայց համաձայն չէ, որ Հայաստանը ամեն քայլ չի ձեռնարկել գրասենյակի փակումը թույլ չտալու համար: Նրա կարծիքով, «Ադրբեջանը համառել է և գնացել է մինչև վերջ»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում