Փորձագետները հարց են բարձրացնում. շենգեն վիզա ստանալու համար տրամադրվող անձնական տվյալների պաշտպանությունը երաշխավորվա՞ծ է " />

Հայաստանում դժգոհում են. եվրոպական երկրներիներ մուտքի վիզաների դիմումներն ընդունելու է ռուս-թուրքական ընկերությունը

Փորձագետները հարց են բարձրացնում. շենգեն վիզա ստանալու համար տրամադրվող անձնական տվյալների պաշտպանությունը երաշխավորվա՞ծ է

Հայաստանում մտահոգված են, որ ապրիլի 3-ից Գերմանիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրք, Ավստրիա և Շվեդիա մուտք գործելու շենգենյան վիզաների դիմումները կընդունի VisaMetric կազմակերպությունը: Նախկինում այս գարծառույթն իրականացնում էր Գերմանիայի դեսպանատունը:

VisaMetric-ը ռուս-թուրքական կոնսորցիում է, որի «հոլդինգ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում»: Այս տեղեկատվությունը հաստատել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: Նա ասել է նաև.

«Այս ընկերությունը… մասնակցել է հայտարարված մրցույթին և շահել է մի շարք վայրերում, այդ թվում՝ Միջին Ասիայում… Մրցույթի արդյունքների ամփոփման հարցում դեր չի ունեցել, թե ընկերությունը որ երկրում է գտնվում»։

Մաթիաս Քիսլերն հավաստիացրել է, որ վիզաների դիմումների վերաբերյալ որոշումները այսուհետ էլ կայացվելու են Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից։

Մարդիկ անհանգստացած են, որ շենգեն վիզա ստանալու համար իրենց կողմից տրամադրվող անձնական տվյալներին տիրապետելու է Թուրքիան, մի երկիր, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ: Եվ փորձագետները կիսում են նրանց մտահոգությունը:

«Սա շատ վտանգավոր է, երբ քո երկրի բնակիչների անձնական տվյալները հայտնվում են այլ պետության ձեռքում: Տեսականորեն ոչ ոք չի կարող բացառել, որ Թուրքիան մեր քաղաքացիների անձնական տվյալներից, օրինակ, ճանապարհորդության երթուղին՝ կոնկրետ ճանապարհորդելու ամսաթվերով չի օգտագործի ինչ-որ անձի դեմ, եթե, օրինակ, թուրքական հատուկ ծառայություները նշված երկրներում ինչ-որ հատուկ օպերացիա-գործողություններ ծրագրեն այդ անձի դեմ՝ նրան հավաքագրելու, մահափորձ անելու և այլ դեպքերում:

Նաև հաշվի առնենք այն հանգամանքը, որ Թուրքիան նույն Գերմանիայում ունի իր ամենամեծ համայնքը: Չենք խոսում անգամ այն կանխավարկածի մասին, որ Թուրքիան այդ տվյալները կարող է փոխանցել Ադրբեջանին»,– ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ կարծում է, որ տվյալ պարագայում Հայաստանը երբեք չի կարող իմանալ, արդյոք այդ կազմակերպությունը փոխանցե՞լ է անձնական տվյալները Թուրքիային, թե՞ ոչ: Ըստ նրա՝ որևէ երաշխիք չկա, որ նման բան տեսականորեն լինել չի կարող, թեև Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն այսպիսի հայտարություն է արել.

«Անձնական տվյալների անվտանգությանը վերաբերող մտավախությունների մասով կարող եմ հավաստիացնել, որ դրանց պահպանությունը մեզ համար բարձր արժեք է, և մենք կարող ենք երաշխավորել. որևէ տվյալ արտաքին օգտագործողների չի հասնի։ Գրասենյակը ղեկավարելու է հայ ներկայացուցիչը և աշխատակազմում բացառապես ՀՀ քաղաքացիներ են լինելու»։ 


Կարդալ ավելին JAMnews-ում