Պատճառը ցածր ծնելիությունն ու արտագաղթի չափերն են" />

Հայաստանում բնակչության թիվը կրճատվելու է. ՄԱԿ հետազոտություն

Պատճառը ցածր ծնելիությունն ու արտագաղթի չափերն են

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի, JAMnews

Հայաստանի բնակչության թվաքանակը հետագա տարիներին կրճատվելու է. այսպիսի եզրակացություն է պարունակում ՄԱԿ Բնակչության հիմնադրամի անցկացրած հետազոտությունը:

2035թ-ին Հայաստանում լավագույն դեպքում 3.2մլն բնակիչ կլինի, վատագույն դեպքում՝ 2.5-2.6մլն, կարծում են հետազոտության հեղինակները: Նախագահի վերջերս ասված խոսքերն այն մասին, որ 2040թ-ին Հայաստանի բնակչությունը կկազմի 4 մլն, հետազոտության հեղինակներն անիրական խոստումներ են համարում:

Որպես բնակչության թվաքանակի նվազման պատճառ նշվում է Հայաստանում ծնելիության կրճատումն ու երկրից մեծ թվով մարդկանց մեկնումն այլ երկրներում մշտական բնակություն հաստատելու նպատակով: Եթե այդ երկու միտումները փոխվեն, կարելի է այլ կանխատեսումներ անել, լրագրողներին ասել է ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում մոտ 3մլն մարդ է բնակվում: Վերջին 9 տարում (Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակահատվածում) Հայաստանն, ըստ պաշտոնական տվյալների, լքել է 300 հազար մարդ, ինչը կազմում է բնակչության մոտ 10 տոկոսը: Միայն 2016թ-ին Հայաստանը լքել է 48 հազար մարդ:

2017թ-ի մայիսին Հայաստանի նախագահն Ազգային ժողովում ելույթ ունենալիս հայտարարել է, որ 2040թ-ին Հայաստանի բնակչությունը կհասնի 4 մլն-ի:

«Որպեսզի բնակչության թիվն աճի, մարդիկ պետք է սոցիալապես և տնտեսապես ապահովված լինեն, և այդ ժամանակ նրանք երեխաներ կունենան», – ասել է ՄԱԿ Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչը:

Միաժամանակ, ասել է նա, խնդիր է այն, որ տղամարդիկ կանանց թույլ չեն տալիս աշխատել, և դա նաև ֆինանսական խնդիրներ է առաջացնում ընտանիքներում:

«Դեռևս 2009թ-ին մենք տնային տնտեսությունների շրջանում հետազոտություն ենք անցկացրել: Տղամարդկանց 7-9%-ն ասել է, որ թույլ չեն տա իրենց կանանց աշխատել: Սակայն կարծում եմ, որ այդպես մտածող տղամարդիկ ավելի շատ են, և դա թաքնված փոքր խնդիր չէ», – ասել է Գարիկ Հայրապետյանը:


Կարդալ ավելին JAMnews-ում