Քաղաքական ուժը կոչ է անում շրջապատել Ազգային ժողովի շենքը, որտեղ ընտրվելու է վարչապետը" />

Հայաստանում բերման են ենթարկվել Սերժ Սարգսյանի «վերարտադրության» դեմ հանդես եկող կուսակցության անդամները

Քաղաքական ուժը կոչ է անում շրջապատել Ազգային ժողովի շենքը, որտեղ ընտրվելու է վարչապետը

Բերման են ենթարկել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2 անդամ: Ոստիկանության ներկայացուցիչները նրանց «բռնել են Երևանի կենտրոնական փողոցներից մեկում՝ հանրահավաքի մասին իրազեկման աշխատանքներ կատարելիս»: Այս մասին հայտնել է «Քաղաքացիական պայմանագրի» մամուլի խոսնակը:

Նա տեղեկացրել է, որ վերջերս բերման էին ենթարկվել իրենց ակտիվիստներից ևս երկուսը, որոնց արդեն բաց են թողել: Կուսակցության գնահատմամբ՝ այս գործողությունները հետապնդում են մեկ նպատակ. ստիպել դադարեցնել ապրիլի 13-ին մեկնարկող և «Քաղաքացիական պայմանագրի» կողմից կազմակերպվող շարունակական հանրահավաքի մասին իրազեկման աշխատանքները: Իսկ հանրահավաքը, կուսակցության ներկայացուցիչների բնորոշմամբ, վճռորոշ է լինելու Հայաստանի ապագայի համար:

Օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագրի» նախագահ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ հանրապետության տարածքով սկսել է «Իմ քայլը» արշավը: Ոտքով քայլելով հանրապետության խոշոր համայնքներով, նա տեղեկացնում է մարդկանց, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է ղեկավարել երկիրը, և կոչ անում դուրս գալ փողոց ու կանխել նրա «վերարտադրությունը»:

Սահմանադրության փոփոխությունից հետո Հայաստանը անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ երկրի ղեկավարը ոչ թե նախագահն է, այլ՝ վարչապետը: Նախագահի պաշտոնը ապրիլի 9-ին ստանձնեց իշխող մեծամասնության կողմից առաջադրված Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը: Նույն օրը իշխող «Հանրապետական» կուսակցության փոխնախագահը տեղեկացրեց. վարչապետի պաշտոնում առաջադրելու են արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» մշակել է գործողությունների ծրագիր, որպեսզի թույլ չտա Սերժ Սարգսյանին նորից ղեկավարել երկիրը:

Փաշինյանը համոզված է, որ եթե փողոց դուրս գա մարդկանց մեծ զանգված՝ երկրի տասնյակ հազարավոր բնակիչներ, ապա հնարավոր կլինի շրջափակել Ազգային ժողովի շենքը, որտեղ էլ ապրիլի 17-ին ընտրվելու է վարչապետը: Ըստ նրա՝ պատգամավորների քվեարկության վրա հոծ բազմության կարծիքը կարող է ազդել:

Նա մարդկանց բացատրում է, որ սահմանադրությունը թույլ է տալիս խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել, եթե վարչապետի քվեարկությունը երկու անգամ ինչ-ինչ պատճառներով տեղի չունենա: Ընդդիմադիր գործիչը վստահ է. այսպիսով հնարավոր է ստեղծել իրավիճակ, որպեսզի նոր, արտահերթ ընտրություններ անցկացվեն, ինչի արդյունքում կփոխվի խորհրդարանական մեծամասնությունը և Սերժ Սարգսյանը չի դառնա վարչապետ:

Հանրահավաքին միանալու և Սարգսյանի երրորդ ժամկետով իշխանավորումը թույլ չտալու կոչով  ընդդիմության ներկայացուցւչներն այսօր հանդես եկան Ազգային ժողովում: Նրանք խորհրդանշական ջահերը վառեցին, հրավիրելով մարդկանց միանալ նրանց և միասին վառել «ազատության ջահը:

Սակայն իշխանությունը ներկայացնող պատգամավորները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի այդքան մարդ հավաքել և արդյունքի հասնել: Նրանք հիշեցնում են, որ մարդիկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայն են տվել այն կուսակցությանը, որի ղեկավարը հենց Սերժ Սարգսյանն է:

Լուսանկարները՝ «Միացում ընդդեմ Սերժ Սարգսյանի» ֆեյսբուքյան էջի, hraparak.am-ի և hetq.am-ի


Կարդալ ավելին JAMnews-ում