Նրանց մեծ մասը կանայք են" />

Հայաստանում ավելի քան 90 հազար մարդ աշխատանք է փնտրում

Նրանց մեծ մասը կանայք են

Աշխատատեղերի բացակայությունը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր խնդիրներից մեկը:

Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ 2017թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 91 532 մարդ. սա 5 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում:

Նույն տվյալների համաձայն, աշխաանք որոնողներից 76 624-ը առհասարակ գործազուրկ են: Եվ պարզվում է, որ կանայք ավելի շատ են աշխատանք փնտրում, քան՝ տղամարդիկ: Ըստ ԱՎԾ տվյալների, 59 515-ը կանայք են և միայն 32 017-ը՝ տղամարդիկ: Ամենաշատը աշխատանք  են փնտրում մայրաքաղաք Երևանում՝ 15 125 մարդ, իսկ ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 1 973 մարդ:

Աշխատաշուկայում ամենապահանջված մասնագիտությունների ցանկում են բարձրագույն կրթություն ունեցող բժիշկները, դասավանդողները, համակարգչային մասնագետները, ճարտարագետները, ֆինանսների և առևտրի բնագավառների աշխատողները, վաճառողները:

Ֆ եյսբուքյան օգտատերերը հիմնականում կասկածանքով են մոտեցել ԱՎԾ հայտնած ցուցանիշներին, նրանք կարծում են, որ աշխատանք փնտրողների թիվն ավելին է: Իսկ այն օգտատերերը, ովքեր աշխատանք են փնտրում, «+1» մեկնաբանությամբ գրառումներ են կատարել:

«Ուռա, դեռ այսքան մարդ հույս ունի, որ Հայաստանում աշխատանք է գտնելու»:

«Մի 6 անգամ քիչ եք գրել ոնց որ թվերը»:

«Կարո՞ղ ա մի զրո պակաս են գրել»:

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասել է, որ գործազրկությունը արտագաղթի պատճառներից հիմնականն է ու օբյեկտիվը:

«Մարդը կենդանի էակ է և ուտել է ուզում: Եթե չկա աշխատատեղ, մարդը տեղափոխվելու է այնտեղ, որտեղ կա աշխատանք»,- ասել է Քոչարյանը:


Կարդալ ավելին JAMnews-ում