Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ վավերացվի Եվրամիության անդամ բոլոր պետությունների կողմից" />

Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին համագործակցության մասին համաձայնագիրը

Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ վավերացվի Եվրամիության անդամ բոլոր պետությունների կողմից

19:20

Այսօր Հայաստանն ու Եվրամիությունը երկրորդ փորձից ամրագրեցին հարաբերությունների ընթացքն ու դրանց զարգացման ուղենիշները: Բրյուսելում տեղի ունեցած Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիր, որով Հայաստանը պարտավորվում է բարեփոխումներ իրականացնել, իսկ Եվրամիությունը՝ օժանդակել դրանց իրականացմանը:

Ստորագրված համաձայնագիրը, ըստ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արտացոլում է երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները և սահմանում դրանց խորացման ուղենիշները: Ավելին, Սերժ Սարգսյանը նշել է, որ համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների քառորդդարյա պատմության կարևոր հանգրվաններից մեկն էր:

«Այս համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք։ Համաձայնագրի հիմքում ընկած են ժողովրդավարության արմատավորման այնպիսի կարևոր դրույթներ, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, արդարադատության ամրապնդումը, պետական և հասարակական ինստիտուտների զարգացումը, լավ կառավարումը»,- նշել է Հայաստանի ղեկավարը:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը ևս խոսել է այդ թեմայով և ասել, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի մասնակցելու ցանկացած պայմանագրի և միավորման, որոնք չեն հակասում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

Սակայն ռուսաստանցի դիվանագետը միևնույն ժամանակ կարծիք է հայտնել, թե Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում Եվրամիությունը չի կարող փոխարինել Ռուսաստանին:

Ստորագրված փաստաթուղթը ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ Հայաստանի ու Եվրամիության անդամ բոլոր պետությունների խորհրդարանները վավերացնեն այն: Ինչպես տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը, փաստաթղթի առանձին որոշ դրույթներ կարող են ուժի մեջ մտնել ստորագրումից հետո՝ չսպասելով բոլոր անդամների խորհրդարանների վավերացմանը:

13:40

Հայաստանում ուշի ուշով հետևում են Բրյուսելում մեկնարկած Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթնաժողովի ընթացքին, որի ժամանակ նախատեսվում է Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրել համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանել է գագաթնաժողովի ացկացմանը վայրը և միջոցառման մեկնարկից առաջ լուսանկարվել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:

Մինչև գագաթաժողովի մեկնարկը Սերժ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ փաստաթուղթը շատ կարևոր է Հայաստանի համար:

«Եթե կարևոր չլիներ, մենք չէինք ստորագրի այն»,– նշել է Ս. Սարգսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է ստանալու շարքային քաղաքացին այս պայմանագրի ստորագրումից, Հայաստանի նախագահը պատասխանել է.

«Վաղը չէ մյուս օրը, երևի թե՝ ոչինչ, անմիջապես իր վրա չի զգա, բայց ժամանակի ընթացքում կզգա, որովհետև մենք բարեփոխումները ի վիճակի ենք արագ անցկացնել Եվրամիության աջակցությամբ։ Ինքներս հեծանիվ հնարելու ունակությունը չունենք և ոչ էլ ցանկությունը, կան բացարձակ ճշմարտություններ, և այդ ճշմարտություններով մենք պետք է ղեկավարվենք»:

Փաստաթղթի մշակման շուրջ 2 տարի բանակցություններ են անցկացվել, համաձայնագիրը նախաստորագրվել է 2017 թ.-ի մարտին: Սակայն, նախաստորագրված համաձայնագրի տեքստի հրապարակումից թե՛ առաջ, թե՛ դրանից հետո հայաստանյան փորձագիտական շրջանակների կողմից կասկածներ էին հնչում, որ, հնարավոր է, դրա ստորագրումն այդպես էլ տեղի չունենա: Պատճառը՝ 2013թ.-ի սեպտեմբերի 3-ն էր:

Այդ օրը նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն ընտրելու է եվրասիական տնտեսական գոտու հետ ինտեգրման ուղին: Արդյունքում  Եվրամիության հետ Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ աևտրի ստեղծման մասին համաձայնագրերը, որոնց շուրջ 3.5 տարի շարունակ բանակցություններ էին ծավալվել, չստորագրվեցին: 2015թ.-ից Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է:

Փորձագետների կարծիքով՝ 4 տարի առաջ տեղի ունեցածը ճնշում էր Ռուսաստանի կողմից և չի բացառվում, որ պատմությունը նորից կրկնվի, այսինքն Ռուսաստանը չի համակերպվի Հայաստանի բազմակողմանի արտաքին քաղաքականության հետ:

Միաժամանակ պաշտոնական Երևանը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի հավաստիացնում է, որ իր 10 տարիների նախագահության ընթացքում ճնշում չի եղել.

«…Երբեք կես բառ անգամ չեմ լսել Ռուսաստանի որևէ ղեկավարից, հատկապես նախագահ Պուտինից, որն իր մեջ կշտամբանք պարունակի Եվրամիության հետ մեր համագործակցելու առումով»:

Ինչ վերաբերում բուն համաձայնագրին, թե՛ ԵՄ, թե՛ ՀՀ փորձագետները նշում են, որ ստորագրվելիք փաստաթուղթը զիջում է Ասոցացման համաձայնագրին, բայց, այնուամենայնիվ, այն բավականին լուրջ բարեփոխումների սկիզբ է դնելու Հայաստանում, եթե ՀՀ իշխանությունները քաղաքական կամք դրսևորեն կյանքի կոչելու այն:

Նրանք նշում են, որ ներկայիս համաձայնագիրը պարունակում է Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածները և չի նախատեսում խորը ու համապարփակ ազատ աևտրի գոտու ստեղծումը, ինչը թույլ կտար Հայաստանին ԵՄ տարածք առանց խոչընդոտների ապրանքներ արտահանել կամ ներմուծել:


Կարդալ ավելին JAMnews-ում