Իրանը Հայաստանի միջնորդությամբ Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր է ստորագրել։ Միությունը գործում է Ռուսաստանի հովանու տակ, Հայաստանն անդամակցում է դրան" />

Հայաստանն Իրանից ավելի քան 500 ապրանքի համար մաքսային արտոնություններ է ստանում

Իրանը Հայաստանի միջնորդությամբ Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր է ստորագրել։ Միությունը գործում է Ռուսաստանի հովանու տակ, Հայաստանն անդամակցում է դրան

Իրանի խորհրդարանը հունիսի 10-ին վավերացրել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը։ Միության անունից բանակցությունները վարել է Հայաստանը։ Արդյունքում՝ դրա բոլոր անդամներն՝ այդ թվում Հայաստանն, Իրանից ավելի քան 500 ապրանք ներկրելու և արտահանելու համար ավելի ցածր գին են վճարելու։ ԵԱՏՄ անդամ երկրներն արդեն վավերացրել են այդ համաձայնագիրն իրենց խորհրդարաններում։ Սակայն դա ժամանակավոր համաձայնագիր է։ Հիմնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկվեն 2020 թվականին։

Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը գործում է Ռուսաստանի հովանու ներքո։ Դրան անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Կազմակերպությունն իր անդամների համար ապահովում է աշխատուժի, ապրանքի, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժ։

Ի՞նչ է տալիս համաձայնագիրը կողմերին

Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև համաձայնագիրը ենթադրում է դրա բոլոր մասնակիցների համար մաքսային բեռի թեթևացում։ Խոսքն ավելի քան 500 ապրանքի մասին է, որոնց համար նախատեսված մաքսատուրքերը նվազեցվում են կամ ամբողջությամբ չեղարկվում։

Ենթադրվում է, որ համձայնագիրն ակտիվացնելու է ԵԱՏՄ և Իրանի միջև առևտուրը։

Միության անդամներն առավել հաճախ Իրան են արտահանում մսամթերք, քաղցրեցեն, կոսմետիկա, մեքենաներ և տեխնիկա։

Իսկ Իրանը ԵԱՏՄ երկրներ է արտահանում բանջարեղեն և միրգ, շինանյութ և գորգեր։

Համաձայնագիրը ենթադրում է, մասնավորապես արդյունաբերական ապրանքի մաքսատուրքերի նվազեցում։ Ընդ որում,

  • Իրանը դրանք նվազեցնելու է 22,4 տոկոսից մինչև 15,4,
  • ԵԱՏՄ-ն՝ 8 տոկոսից մինչև 4,7։

Գյուղմթերքի տուրքերն էլ են նվազում։ Իրանում գյուղատնտեսական ապրանքի սահմանային վճարները բավականին բարձր են՝ ավելի քան 32 տոկոս։ Համաձայնագրով դրանք կտրուկ նվազում են, իջնելով մինչև 13,2%։ ԵԱՏՄ գոտում գյուղմթերքի տուրքերը նույնպես իջեցվում են՝ 9,6%-ից մինչև 4,6%։

Ի՞նչ է դա տալիս Հայաստանին։ Փորձագետների կարծիք

Մաքսային ռեժիմի թեթևացումը Հայաստանին և ԵԱՏՄ մյուս անդամներին թույլ կտա Իրան արտահանել ավելի շատ ապրանք։ Այդ երկրի շուկան երկար տարիներ անհասանելի էր բարձր մաքսատուրքերի պատճառով։

«Իրանը շարունակում է անհասանելի լինել արտասահմանյան արտահանողների համար։ Այդ երկրում արդյունաբերական արտադրանքի տուրքերը 4,5 անգամ ավելին են, քան ԵԱՏՄ-ում։ Տուրքերի նվազումը այս համաձայնագրով վերաբերում է Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառության ցուցակի մեջ մտնող ապրանքների գրեթե կեսին», – ասում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Իրանի տնտեսությունը փակ է։ Երկիրը լուրջ հովանավորչական միջոցներ է կիրառում տեղական արտադրողին պաշտպանելու համար։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ Հայաստանը պետք է առավելագույնս օգտվի նոր հնարավորություններից․

«Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ։ Եվ Իրանում տեսակետ կա, որ Հայաստանն իր համար դարպասի դեր է կատարում, որը բացում է ճանապարհը դեպի ԵԱՏՄ, մյուս կողմից, ԵԱՏՄ երկրների համար այն դարպաս պետք է լինի դեպի Իրան։ Այնպես որ, մենք պետք է ձգտենք առավելագույնս մեզ վրա վերցնել այդ դարպասների գործառույթը երկու կողմից էլ»։

Վարդան Ոսկանյանի կարծիքով, դրա համար անհրաժեշտ նախադրյալներ կան, մանսավորապես, ազատ տնտեսական գոտին հայ-իրանական սահմանին։

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին հայ-իրանական սահմանին պաշտոնապես բացվել է 2017թ-ի դեկտեմբերին։ Այստեղ ապրանքը վաճառվում է ինքնարժեքով՝ duty free ռեժիմով։ «Մեղրի» ազատ տնտեսական գոտում աշխատող գործարարներն ազատվում են եկամտահարկից, ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և մաքսատուրքերից։ Նրանք վճարում են միայն շահութահարկ։

Իրանագետը վստահ է, որ այս համաձայնագրի շնորհիվ Հայաստանը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական դիվիդենդներ կշահի։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում Իրանի համար պայքար է գնում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Երկու երկիրն էլ ձգտում են Թեհրանին գրավել խոշոր նախագծերով, մասնավորապես՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում։ Այս համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա զգալիորեն ամրապնդել իր դիրքերը։


Կարդալ ավելին JAMnews-ում