«Հայաստանը ստացել է հստակ ազդակ այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավարական բարեփոխումներին»․ կոնգրեսմեն" />

Հայաստանն ԱՄՆ-ից 40 մլն դոլար լրացուցիչ ֆինանսական օգնություն կստանա

«Հայաստանը ստացել է հստակ ազդակ այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավարական բարեփոխումներին»․ կոնգրեսմեն

Հայաստանն ԱՄՆ-ից 40 մլն դոլար ֆինանսական լրացուցիչ օգնություն կստանա ժողովրդավարական բարեփոխումների համար։ Լրացուցիչ մեկուկես միլիոն կհատկացվի նաև Լեռնային Ղարաբաղին։

Ինչպես են քվեարկել կոնգրեսմենները

Հայաստանին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու մասին օրինագծին կողմ է քվեարկել 268 կոնգրեսմեն։ Դրա նախաձեռնողն ամերիկացի կոնգրեսմեն Ջեքի Կանչելյան-Շպեյերն էր։ Նա հայտարարել է, որ լրացուցիչ միջոցների տրամադրումը կարևոր խորհրդանշական քայլ է։ Եվ այն վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանի կառավարության գործողությունները թավշյա հեղափոխությունից հետո։

«Հայաստանը բացառիկ պոտենցիալ հնարավորություն ունի միավորվելու և հիմնավորվելու իր ժողովրդավարական ձեռքբերումների վրա։ Հայաստանը ստացել է հստակ ազդակ այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավարական բարեփոխումներին և որ այդ բարեփոխումների իրականացման համար ռեսուրսները տրամադրվելու են», – ասել է Շպեյերն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նիստի ժամանակ իր ելույթում։

Ի դեպ, Ներկայացուցիչների պալատի ֆինանսավորման կոմիտեի ղեկավար հանրապետական Հել Ռոջերսը դեմ էր հանդես գալիս Հայաստանին լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրելուն։ Նա իր դիրքորոշումը բացատրում էր նրանով, որ «դա կարող է հանգեցնել ֆինանսավորման մակարդակի կրճատման Եվրոպայի այն կարևոր գործընկերների, որոնք բախվել են ռուսական ագրեսիային»։

Ի՞նչ են այս մասին խոսում Հայաստանում

ԱՄՆ ֆինանսական օգնությունը Հայաստանում իր ներկայությունն ամրապնդելու հնարավորություն է, կարծում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Չէ՞ որ համագործակցության մյուս ուղղություններն արդեն զբաղեցրել են այլ խաղացողներ՝ մանսավորապես, Ռուսաստանը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ գումարը խորհրդանշական է նույնիսկ հայաստանյան չափանիշներով, սակայն տեղավորվում է Հայաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների ռազմավարության մեջ․

«Ամերիկյան իսթեբլիշմենթում շատ լավ հասկանում են տարածաշրջանում Հայաստանի դերն ու նշանակությունը։ Եվ եթե ամերիկացիները չեն կարողանում Հայաստանում առանցքային դեր խաղալ պաշտպանության և անվտանգության ոլորտում՝ հասկանալի պատճառներով, ապա կա ուրիշ ոլորտ, որտեղ նրանք իրենց բավականին վստահ են զգում։ Դա փողն է։ Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի [Հայաստանի առաջին նախագահ – JAMnews] նախագահության տարիներից՝ Ռուսաստանն ապահովել է Հայաստանի ռազմական և էներգետիկ անվտանգությունն, իսկ ԱՄՆ-ն և Արևմուտքն, ընդհանուր առմամբ, որպես ֆինանսական դոնորներ են հանդես եկել»։

Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ ֆինանսական օգնության մասին տեղեկությունը հայտնվել է լրատվամիջոցներում, որպեսզի երկրում դրական մթնոլորտ ապահովվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախօրեին։ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի բանակցությունները կայանալու են Վաշինգտոնում հունիսի 20-ին։


Կարդալ ավելին JAMnews-ում