Թերևս Պուտին-Փաշինյան հանդիպումը նախանշում է երկու երկրների միջև հարաբերությունների նոր ձևաչափ" />

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները Մոսկվայում քննարկել են գազի գներն ու այլ սուր հարցեր

Թերևս Պուտին-Փաշինյան հանդիպումը նախանշում է երկու երկրների միջև հարաբերությունների նոր ձևաչափ

Պաշտոնական այցով Մոսկվայում էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը։ Նա հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ։ Վերջին ժամանակներս Ռուսաստանի ու Հայաստանի միջև մի շարք հարցեր են կուտակվել, որոնց շուրջ կողմերը պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն։ Այդ թվում գազի նոր համաձայնագրի պայմաններն են։

Հանդիպման արձանագրային մասը

Հանդիպման սկզբում, որը բաց էր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, Վլադիմիր Պուտինը ողջունել է Նիկոլ Փաշինյանին և հայտարարել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճում է․

«Ես կարծում եմ, որ դինամիկան լավն է, պետք է այն պահպանել։ Մենք պատրաստ ենք դա անել, կանենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի հարաբերությունների այս մակարդակը մեզ մոտ պահպանվի ոչ միայն այս ոլորտում [տնտեսությունում], այլև մյուս ուղղություններով։ Նկատի ունեմ անվտանգության ապահովման ոլորտը, մեր համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում։ Կխոսենք ԵԱՏՄ շրջանակում տնտեսության ոլորտում պլանային համագործակցության մասին»։

Ի պատասխան Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով․

«Վստահ եմ, որ նորընտիր խորհրդարանը կզարգացնի նաև մեր միջխորհրդարանական հարաբերությունները: Մենք դրական ենք տրամադրված նաև տնտեսական հետագա հարաբերությունների առումով:

Մենք հետաքրքրված ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիայի հետագա խորացմամբ, և մենք շատ լուրջ ենք վերաբերվում Եվրասիական տնտեսական միությունում մեր նախագահությանը: Վստահ եմ, որ մեր նախագահության արդյունքում կունենանք ավելի արդյունավետ ինտեգրում ԵԱՏՄ շրջանակում:

Ես արդեն մեր հանդիպումների հաշիվը կորցրել եմ։ Սակայն արարողակարգի աշխատակիցները հուշեցին, որ ես Ռուսաստանի Դաշնություն ամենահաճախ այցելող արտասահմանյան առաջնորդներից եմ, ավելի ճիշտ՝ եռյակում եմ։ Ես վստահ եմ, կարծում եմ, որ դա ընդգծում է մեր առանձնահատուկ ռազմավարական հարաբերությունների համատեքստը։ Եվ վստահ եմ, որ հարաբերություների այս դինամիկան մեզ մոտ կպահպանվի։ Եվ հույս ունեմ, որ էլ ավելի կզարգանա։ Իհարկե, հաջորդ տարի մենք Ձեզ պաշտոնական այցով սպասում ենք Հայաստանում։ Եվ դա մեզ համար շատ հաճելի կլինի»:

• Ռուսաստանը կշարունակի Հայաստանին զենք մատակարարել

• Հայաստանի վարչապետ․ Ռուսաստանը տարածաշրջանում պատերազմ թույլ չի տա  

• Գազպրոմ Հայաստան» ընկերությունը մեղադրվում է հարկերի չվճարման համար

Ինչի՞ մասին չեն խոսել Պուտինն ու Փաշինյանը լրագրողների ներկայությամբ

Մի շարք հարցեր կան, որոնց պատասխանները սպասվում են Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքում։

1

Վերջին ժամանակներս հայկական լրատվամիջոցներն անընդհատ հաղորդում են, որ Ռուսաստանը մտադիր է վերանայել Հայաստանին մատակարարվող գազի գինը։ Եվ գազի նոր պայմանագիրը հայտարարվել է որպես բանակցությունների թեմաներից մեկը։ Երևանը հույս ունի ռուսական գազն ավելի ցածր կամ գոնե նույն գնով ստանալ, այն հիմա 150 դոլար է հազար խորանարդ մետրի դիմաց։ Ռուսական կողմի մոտեցումն այս հարցին բանակցություններից առաջ չէր հաղորդվում։

2

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հինգերորդ հանդիպումն անցկացվում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման չլուծված հարցի համատեքստում։

Նախապատմությունը հետևյալն է․ մեկ ամիս առաջ Հայաստանն այդ պաշտոնից հետ կանչեց իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին, որը որպես մեղադրյալ ներգրավված էր «Մարտի 1»-ի գործում։ 2018թ-ին Երևանում հետաքննություն սկսվեց 2008թ-ի մարտի 1-ի իրադարձություններին Խաչատուրովի մասնակցության կապակցությամբ։ Այն ժամանակ ցույցը ցրելու արդյունքում տասը մարդ էր զոհվել։ Այդ ժամանակ Յուրի Խաչատուրովը Երևանի կայազորի պետն էր, և, ըստ քննության վարկածի, ղեկավարում էր ցուցարարներին ցրելու գործընթացը։

Պաշտոնական Երևանը հույս ունի պահպանել մանդատն այդ ռազմական միությունում, որին անդամակցում են նաև Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։ Սակայն լրատվամիջոցները հաղորդում են, որ կազմակերպության անդամները հակված են նոր գլխավոր քարտուղար նշանակել Բելառուսի ներկայացուցչին։

Ռուսական կողմը վրդովված էր նրանով, որ կազմակերպության գլխավոր քարտուղարին, որը գործում է իր հովանու ներքո, Հայաստանում քրեական պատասխանատվության են ենթարկել։ Ռուսաստանում սպասում էին, որ Հայասատնի ղեկավարությունը սկզբից հետ կանչի իր ներկայացուցչին այդ պաշտոնից, որպեսզի չվնասի կազմակերպության հեղինակությանը։

3

Հայաստանում շատերը կարծում են, որ Ռուսաստանի ղեկավարությունը դժգոհ է նաև Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքից, որը հայրենիքում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։ Եվ խոսքը կրկին «Մարտի 1»-ի աղմկահարույց գործի մասին է։

Բանակցություններից առաջ հայկական լրատվամիջոցները գրում էին, որ ակնհայտ է ռուսական կողմի դժգոհության գործոնը, և այդ մասին է վկայում այն փաստը, որ Մոսկվան Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորել արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Դրանք անցկացվել են դեկտեմբերի 9-ին, և ձայների ավելի քան 70%-ը հավաքել էր Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը։

4

Դեկտեմբերի սկզբին հերթական սկանդալը բարձրացավ ռուսական ռազմաբազայի շուրջ, որը տեղակայված է Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում։ Այստեղ կին էր սպանվել, և այդ սպանությունը կատարելու մեջ կասկածվում է ռուսական բազայի զինծառայողը։ Եվ քանի որ սա առաջին դեպքը չէ, Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ ակցիա տեղի ունեցավ՝ Հայաստանի տարածքից բազան դուրս բերելու պահանջով։ Ճիշտ է, դրանից անմիջապես հետո դեսպանատան մոտ մեկ այլ ցույց տեղի ունեցավ՝ «Հավետ Ռուսաստանի հետ» կարգախոսով։ Սակայն առաջին ակցիան ռուսական կողմի համար աննկատ չանցավ։

Հայ-ռուսական հարաբերությունները

Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են։ Պաշտոնական Երևանը մասնակցում է Մոսկվայի բոլոր ինտեգրացիոն նախագծերին։ Խոսքը Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ մասին է։ «Թավշյա» հեղափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունները հայտարարեցին, որ չեն պատրաստվում փոխել արտաքին քաղաքականության ուղղվածությունը։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրային-տնտեսական գլխավոր գործընկերը։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում