Սա «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ակումբի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովի այն արտահայտության պատասխանն է, թե իրեն «հենց այնպես Հայաստան չեն թողնի» " />

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունները հայտարարել են․ ադրբեջանցիները կարող են Հայաստան գալ

Սա «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ակումբի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովի այն արտահայտության պատասխանն է, թե իրեն «հենց այնպես Հայաստան չեն թողնի»

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ակումբի գիտակ Ռովշան Ասկերովն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ, լինելով Ռուսաստանի քաղաքացի, բայց ազգությամբ ադրբեջանցի, նա չի կարող ազատ Հայաստան մուտք գործել։ Գիտակի այս հայտարարությունը մեկնաբանել են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ները։

Մոսկվան Ադրբեջանցիներին մեղադրում է Ռուսաստանի քաղաքացի էթնիկ հայերի հանդեպ խտրականության համար

• Յոթ ժամ գերության մեջ

Վրացական օդանավակայաններից ուղևորներն ամենաշատը մեկնում են Ռուսաստան

Հայաստանի ԱԳՆ մեկնաբանությունը

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ այլ երկրների քաղաքացի էթնիկ ադրբեջանցիներն, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց խոչընդոտների։

Նրա խոսքով՝ Ռովշան Ասկերովի հայտարարությունը զարմանք է առաջացնում․

«Ռուսաստանի քաղաքացիներն արդեն երկու տարուց ավել է՝ Հայաստան են այցելում ՌԴ ներքին անձնագրերով, ինչն էապես հեշտացնում է վերջիններիս մուտքը մեր երկիր՝ Հայաստանը դարձնելով ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ավանդաբար ամենապահանջված ուղղություններից մեկը»։

Պատասխանելով «Ինտերֆաքս» գործակալության հարցին՝ ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարել է նաև, որ Հայաստանը մշտապես բաց է բոլոր այցելուների, այդ թվում՝ Ռովշան Ասկերովի համար․

 «Հայաստան այցելողների աշխարհագրությունն առանց բացառության ընդգրկում է աշխարհի բացառապես բոլոր երկրները՝ առանց որևէ ազգային խտրականության»։

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակն այդ առնչությամբ անդրադարձել է նաև հայկական ազգանուններով անձանց Ադրբեջան մուտք գործելու խնդրին․

«Այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի՝ հայկական ազգանուններով քաղաքացիների մուտքը Արդբեջան արգելքի տակ է»։

Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանությունը

Ռովշան Ասկերովի հայտարարությունը մեկնաբանել է նաև Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ ոչ իրեն, ոչ Ռուսաստանի ԱԳՆ-ին հայտնի չեն դեպքեր, որ Հայաստանն արգելի Ռուսաստանի քաղաքացի էթնիկ ադրբեջանցիների մուտքը։ Նա նաև կոչ է արել տեղեկացնել ԱԳ նախարարությանն այն դեպքերի մասին, երբ Ռուսաստանի քաղաքացիները վտարվել են Երևանից ադրբեջանական ծագման պատճառով։

Ի՞նչ են գրում սոցցանցերում

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթի օգտատերերը նույնպես միացել են Ռովշան Ասկերովի հայտարարության քննարկմանը։ Գրառումների մեծ մասը հետևյալ բովանդակությունն ունի․

«Ասկերովը կարող էր սկզբից փորձել այստեղ գալ, հետո նոր նման հայտարարություն աներ»։

Ակտիվ օգտատերերին ամենաշատը վրդովեցրել էր Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարության հայկական ազգանուններով անձանց մուտքն Ադրբեջան արգելելու մասին հատվածը․

«Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ են հայերը կորցրել Ադրբեջանում։ Չէ՞ որ պարզ է, թե ինչ իրավիճակում ենք մենք այսօր գտնվում»։

«Չեմ հավատում այդ պատմությանը։ Ո՞ր հայն Ադրբեջան կմեկնի»։

Օգտատերեր կային նաև, որոնք հիշեցին մոսկվաբնակ ադրբեջանցի կնոջ ժամանումը Երևան։

Պատմություն այն մասին, թե ինչպես է ադրբեջանուհին Երևան եկել

Մոսկվայի հայտնի դիմահարդարներից մեկը՝ Գոհար Ավետիսյանը, երկու տարի առաջ Երևանում իր հարսանիքն էր արել։ Ընկերուհուն շնորհավորելու էր եկել նրա ադրբեջանցի գործընկերուհին Նազիլիա Մեհթիևան։

Մեհթիևայի ժամանումը Հայաստան սուր արձագանք էր առաջացրել նրա հայրենիքում, և նա այդ քննադատությանը պատասխանել էր Ինստագրամի իր էջում։ Հայկական լրատվամիջոցներն այն ժամանակ մեջբերում էին Մեհթիևայի գրառումը․

«Չգիտեի, որ նման բուռն արձագանք կառաջացնեմ ադրբեջանցիների և լրատվամիջոցների մոտ: Պատասխանեմ բոլորին և միանգամից: Ես ծնվել եմ Ռուսաստանում, ՌԴ քաղաքացիություն ունեմ: Ես կարող եմ հանգիստ Ադրբեջան և Հայաստան գնալ, և ոչ մեկը ոչինչ չի ասի, ամեն ինչ լավ է, պետք չէ ոչինչ հորինել: Կարող էի այս գրառումը չանել (բայց իսկապես բավական է), պարզապես զայրացրեց այն, որ իմ ընտանիքին և երեխաներին կպաք: Եվ այո, ես զտարյուն ադրբեջանցի եմ, իսկ այն, որ Երևան եմ գնացել՝ ընկերուհուս հարսանիքին, չեմ կարող հասկանալ, թե ի՞նչ կա դրա մեջ:

Ձեր կյանքով ապրե՛ք: Այն, որ ես գնացել եմ այնտեղ, իմ իրավունքն է: Իմ ընկերուհու հարսանիքն էր, կներեք, բայց ինձ թվում է, որ նվաստացուցիչ է ընկերուհիների, ընկերների ընտրել՝ ըստ ազգության: Եթե լավ մարդ է, բայց հայ է, ուրեմն վե՞րջ: Նրա հետ չի՞ կարելի շփվել, ընկերություն անել»։


Կարդալ ավելին JAMnews-ում