Փոխադարձ մեղադրանքներից պարզ են դարձել բանակցությունների մանրամասները․ յուրաքանչյուր կողմ հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր պահանջներին" />

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կոշտ հայտարարություններով են փոխանակվել Բրատիսլավայի բանակցություններից հետո։ Թարմացում

Փոխադարձ մեղադրանքներից պարզ են դարձել բանակցությունների մանրամասները․ յուրաքանչյուր կողմ հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր պահանջներին

Зограб Мнацаканян, Эльмар Мамедъяров, ОБСЕ,

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում կայացած հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կոշտ հայտարարություններով են հանդես եկել։ Մեծ հաշվով, դրանք նոր չեն բովանդակային տեսանկյունից։ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը հերթական անգամ ներկայացրել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց երկրների դիրքորոշումները։

Սկզբում Մամեդյարովը հնչեցրել է ադրբեջանական մոտեցումը ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովին։ Նա խոսել է տարածքային ամբողջականության սկզբունքի, հայկական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի շրջանից դուրս բերելու, ադրբեջանական բնակչության այնտեղ վերադառնալու մասին՝ անվտանգության անհրաժեշտ միջոցների պահպանմամբ։ Մնացականյանի հետ հանդիպումից հետո նա հայկական կողմին մեղադրել է բանակցությունները ձախողելու և «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման Ադրբեջանի ներկայացրած առաջարկը մերժելու համար։

Մնացականյանը, որը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովին իր ադրբեջանցի գործընկերոջ ելույթի և նրա հետ հանդիպման հաջորդ օրը, ներկայացրել է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։ Նա հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չպետք է սահմանափակվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ, ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի «բացառապես խաղաղ ճանապարհով»։

Բոլոր մանրամասներն այն մասին, թե ինչ է հայտարարել Էլմար Մամեդյարովն ու ինչ է դրան պատասխանել Զոհրաբ Մնացականյանը։

Զոհրաբ Մնացականյանի ելույթը

Հայաստանի արտգործնախարարը սկսել է նրանից, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով և արդեն գործող ձևաչափով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։

Նախարարն ընդգծել է, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չպետք է սահմանափակվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ․

«Արցախի ժողովրդի  ինքնորոշման անքակտելի իրավունքը  հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը։ Այս սկզբունքի ճանաչումը  ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի: «Առանց սահմանափակման» տերմինը պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը ունենալ և որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս:

Ադրբեջանի կողմից որդեգրած շարունակական թշնամական  քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչն արտահայտվեց նաև 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայով. այս ամենն ընդգծում է Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը»։

Հայաստանի նախարարը ևս մեկ անգամ հիշեցրել է ղարաբաղյան կողմի՝ բանակցությունների սեղանին վերադառնալու պահանջի մասին։ Սա պնդում է Հայաստանի վարչապետ Փաշինյանը, ով իշխանության է եկել 2018 թ-ի «թավշյա» հեղափոխությունից հետո։ Նա բացատրում է դա նրանով, որ ինքը չի ընտրվել Ղարաբաղի ժողովրդի կողմից և նրա անունից ելույթ ունենալու մանդատ չունի։

«Խաղաղ կարգավորումը պետք է լինի ներառական՝ հակամարտության բոլոր կողմերի անմիջական ներգրավմամբ: Ուստի, Արցախն իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի: Այս առնչությամբ մենք ընդգծում ենք խաղաղ գործընթացում, մասնավորապես բովանդակային հարցերում Արցախի ընտրված ներկայացուցիչների լիակատար ներգրավման անհրաժեշտությունը», – հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը։

Մամեդյարովի հայտարությունը բանակցություններից հետո

Արդեն դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի արտգործնախարարը դժգոհություն է հայտնել բանակցությունների ընթացքից և հայկական կողմի դիրքորոշումից։ Ըստ Մամեդյարովի՝ ողջ անցյալ տարին Հայաստանի ղեկավարությունը սադրիչ հայտարարություններով էր հանդես գալիս, որոնք ուղղված էին բանակցային գործընթացի խաթարմանը․

«Ցավոք, այն մեկ տարվա ընթացքում, որն անցել է Միլանի հանդիմումից, ես չեմ կարող խոսել հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացի մասին։ Շփման գծում այսօր համեմատաբար խաղաղ է, սակայն բանակցություններում, այնուամենայնիվ, առաջընթաց չկա։ Չնայած նրան, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նույնպես հայտարարում են ստատուս քվոյի անընդունելիության մասին։ Հայաստանն անգամ հրաժարվել է Ղարաբաղում պահվող Ադրբեջանի քաղաքացիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակումից»։

Գերիներին փոխանակելու պատրաստակամության մասին Ադրբեջանը հայտարարել է 2019 թ-ի սեպտեմբերի 11-ին։ Հայաստանն այն ժամանակ մտածելու ժամանակ էր վերցրել, թեև երկու երկրների փորձագետների մեծ մասը վստահ էր, որ փոխանակումը չի կայանա։

Արդյունքում Հայաստանը հրաժարվել է գերիներով փոխանակվել։ Մերժումը հաստատվել է նաև Բրատիսլավայում երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

Խոսքը չորս գերիների մասին է՝ երկուական յուրաքանչյուր կողմից։ Բանն այն է, որ Բաքուն ու Երևանը հակառակ վարկածներ ունեն այն մասին, թե ինչպես են այդ մարդիկ անցել սահմանը։

Այսպես, ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին Ղարաբաղում ցմահ և 22 տարվա ազատազրկման են դատապարտել սպանությունների, լրտեսության և առևանգումների համար։ Իսկ Ադրբեջանում կարծում են, որ նրանք Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածք են մեկնել իրենց նախնիների գերեզմաններն այցելելու համար։

Եվ ընդհակառակը, Կարեն Ղազարյանին Ադրբեջանում դիվերսանտ են համարում և դատապարտել են 20 տարվա ազատազրկման, իսկ Հայաստանում՝ հոգեպես անառողջ մարդ են հայտարարում։

Ինչ վերաբերում է երիտասարդ զինծառայող Արայիկ Ղազարյանին, ապա ադրբեջանական կողմն ասում է, որ նա ինքն է փախել զորամասից անմարդկային վերաբերմունքի պատճառով։ Հայաստանը, սակայն, կարծում է, որ երիտասարդը մոլորվել է։

Դեկտեմբերի

Բրատիսլավայում դեկտեմբերի 4-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի այս տարվա արդեն հինգերորդ հանդիպումը։ 

Այն անցկացվել է ԵԱՀԿ նախարարական 26-րդ խորհրաժողովի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ և մանսակցությամբ։

Սովորականի պես բանակցությունների ավարտից հետո աղքատիկ տեղեկություններ են հայտնվել կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։ Սակայն, ըստ ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովի հաղորդագրության, կարելի է ենթադրել, թե ինչ են քննարկել նախարարներն ու որքան լարված են եղել բանակցությունները։

Ադրբեջանական ԱԳՆ ղեկավարը Բրատիսլավայում ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իր երկրի դիրքորոշումը, որը Հայաստանը կտրականապես մերծում է։ Խոսքն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի և Ադրբեջանի կազմում Ղարաբաղի կարգավիճակի մասին է։ 

Բոլոր մանրամասները Երևանից և Բաքվից։

• Հայաստանի վարչապետի տիկինն Ադրբեջանի առաջին տիկնոջը Ղարաբաղ է հրավիրել, բայց պայմաններով

• TRACECA եվրոպական տրանսպորտային նախագծի վերաբերյալ Բաքվի խորհրդաժողովին հայկական պատվիրակության մասնակցության շուրջ գաղտնիքները

• Հայ և ադրբեջանցի լրագրողները միմյանց երկրներ են այցելել լիակատար գաղտնիության ռեժիմում

Տեղեկություններ Երևանից

Պաշտոնական ձևակերպումները հանդիպման արդյունքների վերաբերյալ

Հայաստանի նախարարի մամուլի քարտուղարը հաղորդել է․

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը»:

Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է նաև, որ Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը՝ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացման միջոցով։ Ծրագիրն իրականացվել է նոյեմբերի վերջին և որևէ առանձնահատուկ տպավորություն չի գործել ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի լրագրողական շրջանակների վրա։

Ի՞նչ են ենթադրաբար քննարկել նախարարները

Հայկական լրատվամիջոցների ուշադրությունն ավելի շատ գրավել է ղարաբաղյան համարտության վերաբերյալ ադրբեջանական կողմի դիրքորոշման մասին տեղեկությունը, որը ներկայացվել է հենց Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովի ընթացքում Մամեդյարովի կողմից։

Նրա ներկայացրած փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ կարգավումը պետք է տեղի ունենա միայն Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» շրջանակում։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի վերջնական կարգավիճակին, ապա այն պետք է լինի Ադրբեջանի կազմում։

«Առաջին քայլը պետք է դառնա հայկական զինված ուժերի անառարկելի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի շրջանից և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից։

Դրան պետք է հետևի բռնի տեղահանված ադրբեջանական բնակչության վերադարձն` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը: 

Որպես հաջորդ քայլ Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան:

Այդ կարգավիճակը պետք է ապահովի տարածաշրջանի հայկական և ադրբեջանական համայնքների խաղաղ համագոյակցությունը, երաշխավորի մարդու իրավունքների և ազատությունների լիակատար պաշտպանություն հավասար և ոչ խտրական հիմքի վրա»։

Վերջում ասվում է նաև, որ Ադրբեջանը հակամարտության քաղաքական լուծում չի տեսնում վերոնշյալ շրջանակներից դուրս։

Արձագանքը Բաքվի փաստաթղթին Հայաստանում

Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը քննարկման առակա է դարձել Հայաստանում։

Առաջիններից մեկը Բրատիսլավայում ներկայացված փաստաթղթի բովանդակությանն արձագանքել է Հայաստանի վարչապետը։ Նա փորձել է հանդարտեցնել դրա բովանդակությունից վրդովված քաղաքական գործիչներին և քաղաքագետներին․

«Ղարաբաղյան կարգավորման թեման այն հարցն է, որտեղ ցանկացած նախադասություն ինչ-ոչ սենսացիայի է հավակնում։ Որպես կանոն, նման ձևաչափով հանդիպումնրից առաջ և հետո ինչ-որ հայտարարություններ են լինում։ Մի բան կարող եմ հստակ ասել․ սեղանին քննարկվող փաստաթուղթ չկա»։ 

Սակայն վարչապետի այս հայտարարությունից հետո Հայաստանի քաղաքական շրջանակներում քննադատությունը շարունակվել է։ Մասնավորապես, միջազգային իրավունքի մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ծանոթացա Ադրբեջանի դիրքորոշման հետ: ԼՂ հիմնահարցի շուրջ բանակցություններն այս պահից համարում եմ անիմաստ:

Կոչ եմ անում բոլոր կարողությունները համախմբել բանակի շուրջ»։ 

Փորձագիտական կարծիք Երևանից

Քաղաքագետ Հակոբ Բադալյանն ընդգծել է Բրատիսլավայի հանդիպման կարևորությունն այն գործընթացների համատեքստում, որոնք նկատվում են Ադրբեջանի ներքին քաղաքականությունում։

«Ադրբեջանում տեղի ուեցող ներքին իշխանության փոխակերպման գործընթացն այս հանդիպման ֆոնին գլխավոր և առանցքային նորությունն է։

Մեհրիբան Ալիևան արդեն, այսպես ասենք, «մկրտվել է» Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Մենք տեսանք, թե ինչպես նրա այցից, Պուտինի հետ հանդիպելուց և նրանից մեդալ ստանալուց հետո [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մեհրիբան Ալիևային Բարեկամություն շքանշանով էր պարգևատրել – JAMnews] Ադրբեջանում հայտարարվեց խորհրդարանը ցրելու մասին»։

Միաժամանակ Բադալյանն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական կապերի ակտիվացմանն, այսինքն՝ երկու երկրների և Լեռնային Ղարաբաղի լրագրողների փոխադարձ այցերին, ինչպես նաև Եվրամիության TRACECA տարածաշրջանային տրանսպորտային նախագծի վերաբերյալ Բաքվում անցկացվող միջազգային խորհրդաժողովին հայկական պատվիրակության մասնակցությանը։

«Ադրբեջանի կողմից ռազմական շանտաժի ներկայիս քաղաքականությունը շատ խնդիրների է բախվում։ Այսինքն՝ բավականին ակնհայտ է, և ապրիլյան պատերազմն էլ դա ապացուցեց, որ Ադրբեջանը չի կարող հաղթել Հայաստանին և Արցախին ռազմական ճանապարհով։ Կարող է պատերազմ սկսվել՝ լայնածավալ ռազմական գործողություններ, իսկ դա ոչ մեկին էլ պետք չէ։ Այլ տաբերակներ չկան։ Այս տեսանկյունից Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան խաղաղության հասնելու ճանապարհ գտնել», – ասում է փորձագետը։

Տեղեկություններ Բաքվից

Հանդիպման արդյունքում Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդել է, որ կողմերը քննարկել են ընթացիկ իրավիճակն ու ապագայում հակամարտության խաղաղ լուծման ուղիները։ Նախարարները պայմանավորվել են նաև բանակցությունները շարունակելու և հերթական հանդիպումը հաջորդ տարեսկզբին անցկացնելու մասին։

Դեռևս հանդիպման մեկնարկից առաջ քաղաքագետ Էլհան Շահինօղլուն վստահ էր, որ այն ապարդյուն է անցնելու։

Նա հիշեցրել է, որ Մամեդյարովի և Մնացականյանի նախորդ չորս հանդիպումները ոչ մի արդյունք չեն տվել։ 

«Հանդիպման նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարությունը ԵԱՀԿ նախարարների խորհրդին էր ներկայացրել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը։ Այդ փաստաթղթում ասվում է, որ հակամարտությունը պետք է լուծվի փուլերով, պետք է ապահովվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու վերջ դրվի օկուպացիային։

Փաստաթղթում նշված է նաև, որ, Ադրբեջանի սահմանադրության և օրենսդրության համաձայն, կարգավորման գործընթացի հաջորդ փուլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի շրջանի ինքնակառավարման կարգավիճակի որոշումն Ադրբեջանի կազմում։ Պաշտոնական Բաքվի նման հայտարարությունը, որն արվել է Բրատիսլավայի հանդիպումից առաջ, նշանակում է, որ Ադրբեջանը չի ընդունելու Հայաստանի ոչ մի պայման և ցանկություն։

Հայաստանի կառավարությունը նույնպես յուրովի էր պատրաստվում Բրատիսլավայի հանդիպմանը։ Այսպես, օրինակ, հանդիպումից մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանը, ինչպես և Հայաստանի արտգործնախարարը, իր երևանյան նստավայրում ընդունել էր Ղարաբաղի «արտգործնախարարին», որի հետ դրանից առաջ հանդիպել էր հենց Ղարաբաղում։ Այդ կերպ Փաշինյանը ցույց է տալիս, որ իր և ղարաբաղյան անջատողականների միջև ոչ մի կոնֆլիկտ և տարաձայնություն չկա, և անջատողականները հաշվի են նստում իր հետ։ Բացի այդ, այս կերպ Փաշինյանը Բաքվին և միջազգային հանրությանը հասկացնում է, որ հակամարտության լուծումը պետք է բխի ղարաբաղյան անջատողականների շահերից։

Դա ինքնին վկայում է այն մասին, որ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն անարդյունք էր արդեն նախքան մեկնարկելը», – ասել է Էլհան Շահինօղլուն։

Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմանի կապերի ակտիվացում

2019 թ-ի աշնանը կտրուկ ակտիվացել են հայ-ադրբեջանական շփումները տարբեր մակարդակներում։

Նոյեմբերի 17-21-ին Հայաստանից երկու լրագրող և Ղարաբաղից մեկ լրագրող է այցելել Ադրբեջան, ինչպես նաև երեք ադրբեջանցի լրագրող եկել է Հայաստան և Լեռնային Ղարաբաղ։

Վերջին անգամ հայ լրագրողները կազմակերպված ձևով Ադրբեջան են մեկնել 2001 թ-ին։

Դեկտեմբերի 4-ին, ըստ Հայաստանի վարչապետի հաղորդագրության, Բաքու է մեկնել Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ TRASECA-ի 14-րդ նիստին, ինչպես նաև կառույցի 20-ամյակին նվիրված համաժողովին մասնակցելու համար։ Սակայն պաշտոնական Բաքուն հայկական պատվիրակության այցի մասին տեղեկությունը դեռ ոչ հաստատել է, ոչ էլ հերքել։

Վերջին անգամ Հայաստանի պաշտոնատար անձինք Բաքու են մեկնել 2017 թ-ին։ Բաքվում «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի նիստին ներկա էին այդ պահին Հայաստանի արտաքին կապերի խորհրդարանական կոմիտեի այն ժամանակվա նախագահ Արմեն Աշոտյանն ու պատգամավոր Մանե Թանդիլյանը։

 

Հրապարակման եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնելու հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:


Կարդալ ավելին JAMnews-ում