Երկու երկրների փորձգատներն էլ գործնական արդյունքների դեռ չեն սպասում " />

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար

Երկու երկրների փորձգատներն էլ գործնական արդյունքների դեռ չեն սպասում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են հստակ քայլեր ձեռնարկել հակամարտության մեջ ներգրավված երկրների բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։

Հանդիպումն անցկացվել է Փարիզում, դրան մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Մնացականյանի և Մամեդյարովի չորրորդ հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարների հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հացերի լայն շրջանակ, անդրադարձել բանակցային գործընթացի ներկայիս փուլի հիմնական սկզբունքներին և պարամետրերին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը քննարկել են երկու երկրների առաջնորդների հանդիպման նախապատրաստման քայլերը։

Հայաստանում փորձագետները մեծ սպասումներ չունեն

Հայաստանի փորձագետները բավականին զուսպ են վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությանը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նշում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը հիմնված է փոխհամաձայնության վրա, սակայն ստեղծված իրավիճակում այս սկզբունքը չի աշխատում․

«Այս խնդիրը փոխզիջումային լուծում չունի։ Այս սկզբունքը թույլ է տալիս միայն հույս ունենալ, որ խնդիրը վերահսկվում է։ Սակայն հավատալ, որ փոխզիջումային լուծում կա, միամիտ է։ Երկու երկրներն էլ խնդրին վերաբերվում են որպես պետականության հարցի։ Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու անհրաժեշտության մասին հայտարարությունը պետք է ընկալել որպես ազդակ, որ խնդիրը մոտ ապագայում չի լուծվի։

Այն կարելի է մեկնաբանել որպես ժողովուրդներին այն իրավիճակին նախապատրաստելու մտադրություն, որը հիմա է ձևավորվել։ Որպեսզի պատրանքներ չլինեն, թե հնարավոր է փոխզիջումային լուծման գալ։ Եվ ապրիլյան պատերազմից հետո [խոսքը 2016թ-ի ապրիլին շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին է -JAMnews] պարզ է դարձել, որ պետք է քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար»։

Ադրբեջանի փորձագետները նույնպես զգուշանում են գնահատականներ տալ

Ադրբեջանցի փորձագետներն այն կարծիքին են, որ վաղ է խոսել ինչ-որ շուտափույթ փոփոխությունների մասին։

JAMnews-ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաև

«Կողմերից յուրաքանչյուրը հույս ունի, որ մյուսն առաջին քայլը կանի, սակայն ինքն, իմ կարծիքով, չի շտապի։ Ադրբեջանական կողմը որոշակի հույսեր է կապում Փաշինյանի նոր կառավարության հետ գոնե այն պատճառով, որ անձնական հարթությունում այդպիսի չընդունում չկա, ինչպես հայկական կողմի նախորդ բանակցողների հետ էր, և Ռուսաստանի հիպոթետիկ աջակցության հույսը կա։

Նախարարները մի փոքր տարօրինակ ժամանակ են ընտրել նման հայտարարության համար։ Չէ՞ որ առջևում փետրվարն է՝ ինչպես այս, այնպես էլ այն կողմից ագրեսիվ ագիտացիայի գագաթնակետի ամիսը։ Հենց փետրվարին են Սումգայիթի և Խոջալուի ողբերգական իրադարձությունների տարելիցները։ Սակայն, մյուս կողմից, դա միջուցե լավ է։ Մենք հնարավորություն կունենանք գործնականում գնահատելու նախարարների խոսքերի լրջությունը։

Հայկական կողմն, իհարկե, հետաքրքրված է Ադրբեջանի կողմից ռևանշիստական հռետորաբանության նվազեցմամբ։ Սակայն այդ ամենը կարող է աշխատել միայն, եթե կողմերը համաձայնեցված գործողությունների պլան ունեն, իսկ դրան դժվարությամբ կարելի է հավատալ։ Միակողմանի կերպով առաջին քայլ կատարողի վարկանիշը շատ մեծ վնաս կկրի՝ ընդհուպ մինչև իշխանություն կորցնելը»։

 

 


Կարդալ ավելին JAMnews-ում