Վերջին հանդիպման ընթացքում Մնացականյանն ու Մամեդյարովը պայմանավորվել են «միջոցներ ձեռնարկել՝ թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը»" />

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների նոր պայմանավորվածությունները

Վերջին հանդիպման ընթացքում Մնացականյանն ու Մամեդյարովը պայմանավորվել են «միջոցներ ձեռնարկել՝ թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը»

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը բանակցություններ են անցկացրել Մոսկվայում։

Ավանդական համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել է նախարարների հանդիպումից հետո, նոր կետեր են հայտնվել։ Հավանաբար, դրանք արդեն քննարկվել էին պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը կայացել էր մարտի 29-ին։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեխանիզմների մասին դեռ պատկերացումներ չկան»․ Հայաստանի վարչապետ

Ղարաբաղում «ապրիլյան պատերազմի» երրորդ տարելից։ Ի՞նչ է այն փոխել։ Բաքվի և Երևանի փորձագետներ

Ի՞նչ են պայմանավորվել նախարարները 

Հանդիպումը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Սկզբից բանակցություններն անցկացվել են եռակողմ ձևաչափով․ ներկա է եղել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այնուհետև նրանց են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։

Ռուսաստանի ԱԳՆ կայքում բանակցությունների ավարտից հետո հրապարակված հայտարարությունում, ասվում է․

«Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հաստատել են քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելուն ուղղված ջանքերը շարունակելու կողմերի մտադրությունը։ Ընդգծվել է  շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում:

Նրանք պայմանավորվել են նաև փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել՝ թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը։ Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկելու մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, ներառյալ՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները»։

Նախարարները քննարկել են նաև իրավիճակը սահմանին և հումանիտար ոլորտում փոխգործակցություն հաստատելու հնարավորությունը։ Այս մասին ավելի վաղ պայմանավորվածություն էին ձեռք բերել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում։

Տեղեկություններ Երևանից

Մոսկովյան հանդիպման ավարտից հետո հայկական լրատվամիջոցները հրապարակել են ԼՂ նախագահի մամուլի քատուղար Դավիթ Բաբայանի հայտարարությունը․

«Ստեփանակերտը պատրաստ է թույլ տալ Արցախի Հանրապետության տարածքում կալանքի տակ գտնվող Ադրբեջանի քաղաքացիների հարազատներին այցելել նրանց։ Ղարաբաղյան կողմը թաքցնելու բան չունի, քանի որ այստեղ հարգում են բանտարկյալների իրավունքներն, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ կտտանքների են ենթարկում Հայաստանի և ԼՂ մոլորված քաղաքացիներին [որոնք հատել են Ադրբեջանի սահմանը – JAMnews]։ Արցախը միշտ հանդես է եկել առաջարկներով, որոնք նպաստում են հակամարտության կողմերի միջև վստահության հաստատմանը»։

Փորձագիտական կարծիք Երևանից

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Մամեդյարովի և Մնացականյանի հանդիպումը երկու երկրների ղեկավարների բանակցությունների տրամաբանական շարունակությունն է։

Նրա կարծիքով՝ համատեղ հայտարարությունում նշված պայմանավորվածություններից բացի այլ օրակարգ բանակցային գործընթացում չկա․

«Հայկական կողմը պնդում է, որ բանակցային գործընթացին պետք է մասնակցի նաև Ղարաբաղը։ Եվ որպես փաստարկ բերում է այն հայտարարություններն ու պայմանավորվածությունները, որոնք ժամանակին ձեռք են բերվել այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում։ Ադրբեջանը դեմ է դրան, և ներկայիս միակ օրակարգը սահմանի իրավիճակն է և հումանիտար հարցերը»։

Միաժամանակ փորձագետը ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր է համարում․

«Պետք է ողջունել այն փաստը, որ Բաքուն իր ռազմատենչ հռետորաբանությունը փոխարինում է խաղաղության դիսկուրսով»։

Հակոբ Բադալյանն ուշադրություն է հրավիրում բանակցություններում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի դերին․

«Ռուսաստանի դերն առանձնահատուկ է։ Հենց Ռուսաստանն է անմիջական պատասխանատվություն կրում տարածաշրջանային անվտանգության համար։ Ապրիլյան պատերազմի ընթացքում մենք տեսանք Ռուսաստանի ձախողումը։ Մոսկվան փորձում էր ապահովել իր ռազմական ներկայութունը տարածաշրջանում խաղաղապահ զորքերի տեսքով։ Ձախողումից հետո Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղության համար պատասխանատվության մեծ ճնշման տակ է»։

Տեղեկություններ Բաքվից

Մոսկովյան հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը մեկնաբանել է այն։ Էլմար Մամեդյարովն այդ հանդիպման գլխավոր ձեռքբերումն է համարել այն, որ հնարավոր է եղել հայտնաբերել «փորձաքարերը», որոնք խանգարում են բանակցային գործընթացին․

«Օրինակ, Հայաստանը հարցեր է առաջադրում, որոնք կապված են կարգավիճակի և անվտանգության հետ։ Իսկ մենք, առաջին հերթին, շեշտադրումն անում ենք օկուպացված տարածքներից հայկական զորքերը դուրս բերելու և հարազատ հողեր բռնի տեղահանվածների վերադարձի վրա։ Քննարկումներն անցկացվել են այս չորս հարցի շուրջ, որոշում է կայացվել շարունակել բանակցությունները»։

Փորձագիտական կարծիք Բաքվից

Քաղաքագետ Իլգար Վելիզադեն կարծում է, որ ձեռք բերված պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ, պակաս ռիսկային են քաղաքական տեսանկյունից․

«Չէ՞ որ հումանիտար մասը կապված չէ լուրջ քաղաքական քայլերի հետ, այլ միայն ֆոն է ստեղծում հետագայում ավելի հստակ թեմաներ քննարկելու համար։ Միաժամանակ այդ պայմանավորվածությունների իրականացումը կարող է ցուցադրել, թե որքանով են կողմերն ունակ հավատարիմ մնալ որևէ պայմանավորվածության և կատարել իրենց վրա վերցրած պարտականությունները։ Ադրբեջանական կողմը մեկ անգամ արդեն առաջարկել է ապահովել պատանդների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով։

 Եթե Հայաստանը դրան ամբողջությամբ համաձայն չէ, ապա սկզբի համար կարելի է համաձայնել այդ պատանդների հարազատներին թույլ տալ այցելել նրանց։ Միաժամանակ՝ չմոռանալով հենց նշված բանաձևով փոխանակման արդիականության մասին։ Ընդհանրացնելով՝ ասեմ, որ այդ պայմանավորվածություններին զգուշավոր լավատեսությամբ եմ վերաբերվում։ Հենց զգուշավոր, որովհետև ավելի վստահ լավատեսության համար քաղաքական հարթությունում ավելի հստակ քայլեր են անհրաժեշտ»։

«Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» նախագահ Աքիֆ Նագին հայտարարել է

«Այդ պայմանավորվածությունները ձեռնտու են միայն հայերին և համապատասխանում են հայկական սցենարին։ Հայաստանը շահագրգռված է, որ մեր հողերն իր օկուպացիայի տակ մնան, և այդ պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորվել են։ Արդյունքում՝ օկուպացիայի փաստը հետին պլան կմղվի, իսկ որոշ ժամանակ անց ամբողջությամբ կմոռացվի։

Իսկ մեր շահերը պահանջում են, որ ժողովուրդների մերձեցումը սկսվի Լեռնային Ղարաբաղից և հարակից տարածքներից հայկական զորքերն աբողջությամբ դուրս բերելուց հետո։ Ղարաբաղյան խնդրի լուծումը դեռ խաղաղ սցենար չունի»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում