Տասը տարվա մեջ առաջին անգամ կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը կայացել է ԱՄՆ-ում" />

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը․ միջնորդները կոչ են արել երկու երկրներին զերծ մնալ սադրանքներից

Տասը տարվա մեջ առաջին անգամ կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը կայացել է ԱՄՆ-ում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը հունիսի 20-ին Վաշինգտոնում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Տասը տարվա մեջ առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  հանդիպումը կայացել է ԱՄՆ-ում։

Բանակցությունների ավարտից հետո միջնորդներն, ավանդույթի համաձայն, հայտարարությամբ են հանդես եկել։ Այս անգամ նրանք Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել զերծ մնալ շփման գծում սադրանքներից։ Դա հետքայլի է նման, քանի որ դեռևս 2019 թ-ի հունվարին ԱԳ նախարարներն արդեն պայմանավորվել էին բնակչություններին խաղաղության պատրաստել։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր պայմանավորվածությունները

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են բնակչություններին խաղաղության նախապատրաստել

Ինչպե՞ս է անցել հանդիպումը Վաշինգտոնում

Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել հիմնական հարցերի և խաղաղության գործընթացի ընթացիկ իրավիճակի շուրջ։

Կողմերն անդրադարձել են շփման գծում լարվածության հարցին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակի հաղթահարման և խաղաղության մթնոլորտի ստեղծման համար։

Համանախագահների հայտարարության մանրամասները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջերս շփման գծում առաջացած լարվածության առնչությամբ կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին

  • զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից
  • զերծ մնալ, այդ թվում, դիպուկահարներ օգտագործելուց և շփման գծում և միջազգային սահմանին ինժեներական աշխատանքներից
  • հաստատել հրադադարի ռեժիմը պահպանելու իրենց պարտավորությունները։

Բանն այն է, որ վերջին ժամանակներս հրադադարի խախտման մասին հաղորդագրություններ են տարածում և հայկական, և ադրբեջանական կողմերը։ Պարբերաբար և Հայաստանի, և Ադրբեջանի լրատվամիջոցները տեղեկություններ են ստանում զինծառայողների մահվան մասին, որը մյուս կողմը հերքում է։

«Ափսոսանքով նշելով վերջին կորուստները, համանախագահները համառորեն կոչ են անում կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել խաղաղությանը նպաստող և առարկայական բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի վերականգնման համար», – ասված է համանախագահների հայտարարությունում։

Դրա մեջ տեղեկություն կա նաև այն մասին, որ արտգործնախարարները ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները, նաև մարդասիրական և անվտանգության միջոցների վերաբերյալ, որոնք միջնորդների կողմից առաջարկվել են տարածաշրջան կատարած նրանց վերջին այցի ժամանակ։

Նրանք համաձայնել են նաև մոտակա ամիսներին շարունակել խորհրդատավությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

Պաշտոնական տեղեկատվություն Երևանից

Հայաստանի արտգործնախարարությունը բանակցությունների ավարտից հետո հետևյալ հաղորդագրությունն է տարածել․

«Հայկական կողմը ընդգծեց հրադադարի ամրապնդման և լարվածության ռիսկերի նվազեցման միջոցների իրականացումը՝ միջադեպերի կանխարգելման և արագ արձագանքման համար: Վերահաստատվեցին նաև խաղաղ գործընթացում հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները և մոտեցումներրը»։

Հայ փորձագետների կարծիքը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նշում է, որ յուրաքնաչյուր հանդիպումից առաջ խախտելով հրադադարի ռեժիմն՝ Ադրբեջանը մթնոլորտ է ստեղծում, որն անբարենպաստ է ազդում ընդհանուր իրավիճակի վրա։

Փորձագետի կարծիքով՝ հստակ քայլեր պետք ձեռնարկվեն, որպեսզի հնարավոր լինի թուլացնել լարվածության մթնոլորտը․

«Խոսքը, մասնավորապես, Վիեննայի կոնվենցիայի, հրադադարի խախտման մեխանիզմների մասին է, և Երևանը վերջին օրերին հաճախ է սկսել հիշատակել այդ մեխանիզմները։ Պետք է այդ հարցը մտցնել օրակարգ, քանի որ, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն ամեն անգամ փորձում է  ինչ-որ լարվածություն ստեղծել և սպառնալ»։

Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Երևանը պետք է ավելի կոշտ արձագանքի Ադրբեջանի կողմից շանտաժին, սադրիչ գործողությունների ցանկացած փորձ կասեցնելու համար․

«Պետք է նշել, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանը մտադիր էր դուրս գալ այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների շրջանակից»։

Դա, ըստ փորձագետի, ամենակարևոր հարցն է։ Նա համոզված է, որ, եթե Հայաստանը չկարողանա դրան հասնել, ապա թույլ կտա Արդբեջանին շարունակել իր կանոններով խաղալ։

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը կարծում է, որ Վաշինգտոնի հանդիպումը շատ բանով չի տարբերվում երկու երկրների ԱԳ նախարարների այլ հանդիպումներից։ Նրա կարծիքով՝ միամիտ կլիներ որևէ բեկման սպասել․

«Ոչ մի նախանշան չկա, որ մենք պետք է բեկման ականատես դառնայինք։ Ադրբեջանը պատրաստ չէ, և հազիվ թե մոտ ապագայում պատրաստ լինի որևէ իրական զիջումների Արցախի անկախ կարգավիճակի միջազգայնորեն ճանաչման հարցում»։

Ինչ վերաբերում է հանդիպման անցկացմանն ու Վաշինգտոնի նախաձեռնությանն, ապա Ներսիսյանը կարծում է, որ ԱՄՆ իշխանությունները այս կերպ փորձում են իրենց շահերն առաջ տանել․

«Վաշինգտոնի որոշակի ակտիվացումը կապված է Երևանին և Բաքվին Իրանի բլոկադային ներքաշելու փորձի հետ՝ կողմերի միջև տարաձայնությունների կարգավորման ճանապարհով։ Սակայն նման սցենարի իրականացման հավանականությունը չնչին է»։  

Պաշտոնական տեղեկատվություն Բաքվից

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով հանդիպումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներն, ասել է, որ որևէ նոր բան չի լսել, և դեռևս լուրջ տարաձայնություններ կան։

«15 տարի է՝ մենք նույն գաղափարներն ենք տեսնում, խաղաղության նույն պլանը», – ասում է նա։

Միաժամանակ Մամեդյարովը կարծում է․

«Մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է ավելի շատ քաղաքական կամք դրսևորել։ Շփման գծում իրավիճակը չպետք է խոչընդոտի դեպի հռչակագիր կամ խաղաղության պայմանագիր առաջխաղացմանը»։

Ադրբեջանցի փորձագետների կարծիքը

Ադրբեջանցի փորձագետներն ի սկզբանե բանակություններից հետաքրքիր ոչինչ չէին սպասում, առավելևս՝ լավ բան։ Եվ այն բանից հետո, երբ հանդիպումը կայացավ, նրանք համոզվեցին դրանում։

«Գործընթացը, ցավոք, արդյունավետ շրջափուլում չէ», – արձանագրում է քաղաքագետ Իլգար Վելիզադեն։

Նա հիշատակում է, որ Մոսկվայում կայացած վերջին հանդիպմանը հումանիտար քայլեր էին քննարկվում, մասնավորապես, պատանդների հանդիպում նրանց ընտանիքների հետ, Ադրբեջանի և Հայաստանի լրագրողների փոխադարձ այցեր։ Սակայն դեռևս այդ պայմանավորվածությունները չեն կատարվել, փոխարենը սրացում կա շփման գծում, և նվազել է միմյանց հանդեպ երկրների վստահության մակարդակը։ Այդ ամենը վկայում է այն մասին, որ կողմերը հեռու են ընդհանոր հայտարարի գալուց և ուժեղացված կերպով պատրաստվում են ռազմական գործողությունների։

«Հավանաբար, այդ պայմաններում բանակցային գործընթացը ընթանալու է իր, ոչ միշտ հասկանալի տրամաբանությամբ, սակայն իրական գործընթացները տեղի են ունենալու ճակատային գծում», – ենթադրում է Վելիզադեն։

«Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն նույնպես կարծում է, որ վաշինգտոնյան հանդիպումը ոչ մի արդյունք չի տվել։ Բացի նրանից, որ «երկար տարիների ընթացքում առաջին անգամ է նման հանդիպում կազմամկերպվում ԱՄՆ կողմից»։ Սակայն, ըստ փորձագետի, դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն ավելի ակտիվ է սկսել մասնակցել ղարաբաղյան հարցի լուծմանը։

«Վաշինգտոնը պարզապես հասկացնում է Ռուսաստանին, որ Ամերիկան Հարավային Կովկասում իր շահերն ունի», – ասել է Շահինօղլուն։

Բանակցություններից առաջ տիրող իրավիճակի մասին

Հայաստանում 2018թ-ի գարնանը տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո երկու երկրների միջև բանակցություններն ակտիվացել են։ Իսկ Դուշանբեում 2018 թ-ի սեպտեմբերին ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճ հանդիպումից հետո հակամարտության գոտում նկատվում էր լարվածության լուրջ անկում։

Միաժամանակ, Հայաստանի վարչապետը բանակցությունների շարունակման իր տեսլականն ունի, որի մասին նա հայտարարել է իր պաշտոնին անցնելուց անմիջապես հետո։ Նա պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ Նա հայտարարում է, որ դա քմահաճույք չէ, այլ անհրաժեշտություն․ նա լիազորված է հանդես գալու Հայաստանի բնակիչների անունից, սակայն ոչ Ղարաբաղի ժողովրդի, որը նրան չի ընտրել։ Ադրբեջանական կողմը կտրականապես դեմ է այդ ձևաչափով բանակցությունների շարունակմանը։

Ինչ վերաբերում է ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վաշինգտոնյան հանդիպումը բնավ առաջինը չէր։ 2019թ-ի հունվարի Փարիզում կայացած հանդիպման ընթացքում նրանք պայմանավորվել էին երկրների բնակչություններին խաղաղության պատրաստել։ Իսկ Մոսկվայում կայացած ապրիլյան հանդիպմանը նախարարներն ավելի էին առաջադիմել բանակցային գործընթացում։

Այն ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները «պատրաստակամություն էին հայտնել մարդկանց միջև կապերի ստեղծման գործնական աշխատանք սկսել, ներառյալ ԶԼՄ ներկայացուցիչների այցերը», – ասված էր հանդիպումի ավարտից հետո Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարությունում։

Ավելին, Մնացականյանն ու Մամեդյարովը քննարկել էին իրավիճակը սահմանին և հումանիտար ոլորտում փոխգործակցություն ստեղծելու հնարավորությունը։

«Նրանք [նախարարները] նաև պայմանավորվել են փոխադարձ հիմքով միոցներ ձեռնարկել ազգականներին թույլ տալու այցելել կողմերի տարածքում կալանքի տակ գտնվող անձանց»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում