Մարդու իրավունքների պաշտպանը խախտումներ է արձանագրել. ընտրությունների ընթացքից մինչև փաստաբանների իրավունքներ" />

6000 քաղաքացի 2017-ին դիմում է ներկայացրել Հայաստանի օմբուդսմենի գրասենյակ իր իրավուքների խախտման վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը խախտումներ է արձանագրել. ընտրությունների ընթացքից մինչև փաստաբանների իրավունքներ

Ավելի քան 6000 քաղաքացի անցած տարի դիմում է ներկայացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ իր իրավունքները պաշտպանելու և վերականգնելու խնդրանքով: Նման վիճակագրություն է ներկայացրել օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ ներկայացնելով 2017թ.-ի զեկույցը:

Մարդու իրավունքների պաշտպանն ասել է, որ անցած տարի 1300-ով ավելի շատ մարդ է դիմել գրասենյակ, քան 2016թ.-ին:  Միաժամանակ 3 անգամ աճել է այս դիմումների հիման վրա դրական լուծված գործերի թիվը:

Մտահոգիչ դիտարկումներ ընտրություններից

2017թ.-ին Հայաստանում անցկացվել են խորհրդարանական, Երևանի ավագանու և համայնքների ղեկավարների ընտրություններ:

Տեղի ունեցած խախտումները, Արման Թաթոյանի խոսքով, բացասական ազդեցություն ունեցան ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից.

«Պաշտպանի աշխատակազմի կողմից ընտրական գործընթացների դիտարկման արդյունքներով 2017թ.-ին արձանագրվել են մտահոգիչ տեղեկություններ ու դեպքեր ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ: Եղել են լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու դեպքեր:

Արձանագրվել են հանրային ծառայողների, հանրակրթական դպրոցների աշխատակիցների վրա ճնշումներ գործադրելու, ընտրողներին վախեցնելու դեպքեր, առկա են եղել աշխատանքից հեռացնելու սպառնալիքներ, հարկադրանքի միջոցով աշխատակիցների ընտրական իրավունքի իրացման վրա ներգործելու հրապարակումներ»:

Լրագրողների մասնագիտական աշխատանքի խոչընդոտում

Արմեն Թաթոյանի խոսքով, 2017թ.-ին լրագրողների աշխատանքը խոչընդոտելու տարատեսակ դեպքեր են արձանագրվել, այդ թվում պաշտոնյաների կողմից.

«Պետության ներկայացուցիչը պետք է առաջնորդվի լրագրողի օրինավորության, բարեխղճության, ազնվության կանխավարկածով: Ցանկացած պետական գործառույթի իրականացման վերջնական հասցեատերը հասարակությունն է, և հենց լրագրողի միջոցով է ստեղծվում կապը: Երկրում պետք է ձևավորվի այնպիսի մթնոլորտ, որ լրագրողը զգա, որ պետության կողմից պաշտպանված է մասնագիտական աշխատանքի հանդեպ ցանկացած գործողությունից»:

Սոցիալական ապահովության իրավունք

ՄԻՊ զեկույցում տեղ են գտել այնպիսի դիմումներ, որտեղ մարդիկ բողոքում են թոշակի և աշխատանքային ստաժի հաշվարկման, մայրության նպաստի նշանակման հետ կապված խախտումների վերաբերյալ:

Դատական համակարգ

Արման Թաթոյանը հայտարարել է, որ դատական համակարգում անհրաժեշտ են սկզբունքային բնույթի փոփոխություններ, կարևոր է նաև դատավորների իրավական ընկալումների փոփոխությունը, հատկապես կապված կալանքի կիրառման հետ՝ որպես ներգործության բացառիկ միջոց:

«Ազատությունից զրկման սկզբմնական փուլում կամ բերման ենթարկելու ժամանակ չի պահպանվում անձի իրավունքները: Այս հարցում կարևոր նշանակություն ունի ազատությունից զրկման ճիշտ պահի որոշումը: Անձն իր կամքին հակառակ տարվում է ոստիկանության բաժին՝ փողոցից սկսած:

Անձնական ազատությունից անձը զրկվում է՝ չունենալով իրավունքների նվազագույն շրջանակ: Հիմնական խնդիրները հենց այստեղ են՝ անձին փողոցից ոստիկանության բաժին տանելու փուլի հետ: Բերման ենթարկվածին սահմանված ժամից ավել են պահում, մատյանները սխալ են լրացվում և այլն»,- ասել է օմբուդսմենը:

Խախտվում են նաև փաստաբանների իրավունքները

Արման Թաթոյանը հատուկ շեշտել է, որ փաստաբանական գաղտնիքը հրապարակային չէ: Նա բացասական վերաբերմունք է հայտնել այն որոշաման վեաբերյալ, ըստ որի սահմանվել է փաստաբանների կողմից դատարանի շենք մուտք գործելու ժամանակ արգելված իրերի ցանկը: Մարդու իրավունքների պաշտպանը նաև արդարացի է համարում փաստաբանների բողոքը մասնագիտական պարտականություններն իրականացնելու ժամանակ խուզարկման ենթարկվելու կապակցությամբ:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում