Մարզերի գործարանների աշխատակիցները աշխատավարձի բարձրացում են ուզում, Երևանում՝ Տարոն Մարգարյանի հրաժարականն են պահանջում " />

Հայաստանի տարբեր վայրերում բողոքի ցույցեր են անցկացվել

Մարզերի գործարանների աշխատակիցները աշխատավարձի բարձրացում են ուզում, Երևանում՝ Տարոն Մարգարյանի հրաժարականն են պահանջում

Հայաստանի տարբեր համայնքներում իշխանափոխությունից հետո էլ բնակիչները շարունակում են պայքարել իրենց իրավունքների համար:

Արարատի ցեմենտի գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերն ու ճիշտ ժամանակին վճարել: Գործարանի աշխատակիցներն ասել են, որ վարձատրությունը քիչ է՝ 60—ից 80 հազար դրամ:

Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատակիցներն էլ գործադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են, որ գործարանի ղեկավարությունն իրենց իրավունքները չոտնահարի:

«Գործարանի ղեկավարությունը խախտում է մեր իրավունքները՝ շատ աշխատացնում են, քիչ աշխատավարձ են տալիս: Ղեկավարները բարձր աշխատավարձ են ստանում, իսկ բանվորները՝ քիչ»,- ասել է աշխատակիցներից մեկը:

Բացի աշխատավարձի բարձրացումից, ոսկու կորզման գործարանի աշխատակիցները պահանջում են սոցիալական փաթեթի տրամադրում:

«Գործարանում աշխատելը վտանգավոր է առողջության համար, մենք թունավոր նյութերի հետ ենք աշխատում: Բայց, երբ հիվանդանում ենք, գնում ենք հիվանդանոց, և եթե բյուլետենի օրերը շատ են լինում, աշխատավարձից են հանում»,- դժգոհել է աշխատակիցներց մեկը:

Գործադուլ են հայտարարել նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները: Նրանք ևս պահանջում են աշխատավարձի բարձրացում։ Կոմբինատի մոտ հավաքված աշխատակիցները ասել են, որ չեն աշխատելու, քանի դեռ աշխատավարձը պայմանագրով չի բարձրացվել:

Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները համաձայնել են բանակցել ղեկավարության հետ: Կոմբինատի տնօրեն Անդրեյ Սինյակովը նշել է, որ կարող է բարձրացնել աշխատավարձերը 30 տոկոսով, բայց մի քանի ամիս հետո ստիպված է լինելու փակել գորժարանը:

Իսկ Երևանում շարունակում են պահանջել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Մայրաքաղաքի բնակիչներն ասել են, որ քաղաքում չլուծված բազում խնդիրներ կան, վանկարկել են՝ «Դեմն առնենք Տարոնի», «Տարոն, հեռացիր»:

«Նա պետք է հեռանա, առանց ամաչելու աթոռը գրկել, նստել է: 15 տարի է՝ պայքարում ենք մեր իրավունքների համար, բայց մեզ լսող չկա»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը:


Կարդալ ավելին JAMnews-ում