Փաշինյանը մայրաքաղաքից էլեկտրագնացքով մեկնել է երկրի երկրորդ քաղաք և փորձել պարզել, թե ինչ խնդիրների կարող են առնչվել զբոսաշրջիկները" />

Հայաստանի վարչապետն անձամբ է ստուգել, թե արդյոք երկիրը պատրաստ է զբոսաշրջիկների ընդունել

Փաշինյանը մայրաքաղաքից էլեկտրագնացքով մեկնել է երկրի երկրորդ քաղաք և փորձել պարզել, թե ինչ խնդիրների կարող են առնչվել զբոսաշրջիկները

Հայաստանի վարչապետը մեկնել է Գյումրի նոր էլեկտրագնացքով և դարձել դրա առաջին ուղևորը։ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ տրանսպորտի այս տեսակը կարող է ծառայել զբոսաշրջության զարգացմանն ու աահովել ավելի անվտանգ և էկոլոգիապես մաքուր տեղաշարժ։ Սակայն այցի գլխավոր հարցը հետևյալն էր․ որքանո՞վ է երկրի տրանսպորտային ենթակառուցվածքն ընդհանուր առմամբ պատրաստ արժանապատիվ կերպով զբոսաշրջիկ ընդունել։

Գյումրի․ նոր առաջարկ՝ Հայաստանի զբոսաշրջային քարտեզի վրա

• Տեսանյութ և լուսանկարներ Ռուսթավելի փողոցից, որը գտնվում է Հայաստանի երկրորդ քաղաքում

• Հայաստանում պահանջում են Գյումրիից դուրս բերել ռուսական ռազմաբազան

Անձամբ ծանոթանալ երթուղուն  

Վարչապետին Երևանից Գյումրի ուղևորության ժամանակ ուղեկցում էին տրանսպորտային տեղաշարժի համար պատասխանատու անձինք՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ու տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախևառաջ, Փաշինյանը մանրամասն ծանոթացել է Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի իրավիճակին՝ ընդհուպ մինչև դրամարկղերի աշխատանքը։

Գյումրիի ճանապարհին վարչապետն ուսումնասիրել է նոր էլեկտրագնացքի պայմանները՝ մեքենավարի խցից մինչև վագոններ և սանհանգույցներ, հետաքրքրվել կազմի տեխնիկական հնարավորություններով։ Նա կիսվել է իր տպավորություններով երկրի բնակիչների հետ Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում, գնացքից ուղիղ հեռարձակում կատարելով։ Վարչապետը զննել է ողջ ճանապարհն ու եկել այն եզրակացությանը, որ այն կարող է գրավիչ լինել զբոսաշրջիկների համար, սակայն ողջ պատկերը փչացնում է ամենուր լցված աղբը։

 «Ես առաջին անգամ եմ Հայաստանով ճամփորդում երկաթուղով։ Գյումրիի ճանապարհը բավականին հետաքրքիր և ուշագրավ է, հնարավորություն տվեց Հայաստանը բոլորովին նոր կողմից տեսնել», – իր տպավորություններն է ամփոփել Փաշինյանը։

Նոր էլեկտրագնացքի մասին

Նոր էլեկտրագնացքը ձեռք է բերվել ռուսական «Տրանսմաշհոլդինգ» ընկերությունից Երևան-Գյումրի մշտական չվերթներ իրականացնելու համար։

Այն Երևանից Գյումրի է հասնում 2 ժամ 10 րոպեում։ Դա շատ ավելի արագ է, քան սովորական գնացքի դեպքում։ Տոմսի արժեքը 2500 դրամ է։ Իշխանությունները հույս ունեն, որ նոր էլեկտրագնացքն ավելի շատ զբոսաշրջիկ կբերի ոչ միայն Գյումրի, այլև երկրի հյուսիսի այլ քաղաքներ և գյուղեր։

Էլ ինչ տեղի ունեցավ Գյումրիում

Արդեն Գյումրիի կայարանում վարչապետին հսկայական թվով մարդիկ էին սպասում, որոնք ցանկանում էին նրան հարցեր տալ, օգնություն խնդրել իրենց խնդիրների լուծման համար և պարզապես լուսանկարվել նրա հետ։

Հենց Գյումրիում կառավարական պատվիրակությունն այցելել է քաղաքային ավտոկայան։ Այստեղ տեղի իշխանությունների հետ քննարկվել է ավտոկայանի գործունեությունը, պլանավորվող կապիտալ վերանորոգումն ու այն ժամանակակից տրանսպորտային հանգույց դարձնելու հնարավորությունը։

Կառավարության անդամների այցի հաջորդ  կետը «Շիրակ» օդանավակայանն էր։ Այստեղ նրանց ներկայացվել են ընթացիկ ներդրումային ծրագրերը։ Մասնավորապես, օդանավակայանում արդեն իրականացվել է ենթակառուցվածքների բարելավման ծրագիր, բարելավվել է տեխնիկական հագեցվածությունը։ Դրա շնորհիվ անցյալ տարվա ընթացքում «Շիրակ» օդանավակայանը կարողացել է ավելի քան 200 հազար ուղևոր ընդունել։ Այս տարի,  նոր ներդրումային ծրագրերի շնորհիվ, ժամանման նոր դահլիճ կկառուցվի։

Վարչապետը հանձնարարել է շարունակել «Շիրակ» օդանավակայանի և Գյումրիի ողջ ենթակառուցվածքների բարեփոխումները՝ քաղաքը զբոսաշրջիկների համար առավելագույնս գրավիչ դարձնելու համար։

Գյումրի կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև 102-րդ ռուսական ռազմաբազա։ Սակայն այցի այս հատվածը լրագրողների համար փակ է եղել։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում