Պուտինը ժամանել է՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար։ Ի՞նչ է հայտնի երկկողմ հանդիման մասին, նաև մանրամասներ՝ պետությունների ղեկավարների նիստից " />

Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի բանակցություններն անցկացվել են Երևանում

Պուտինը ժամանել է՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար։ Ի՞նչ է հայտնի երկկողմ հանդիման մասին, նաև մանրամասներ՝ պետությունների ղեկավարների նիստից

ԵԱՏՄ, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Սինգապուր, Եգիպտոս, ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր

Ռուսաստանի նախագահը Երևան է ժամանել՝ հոկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու։ Նիստից հետո, մոտ 22.00-ին կայացել է նաև Պուտինի երկկողմանի հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ։

Մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի է, որ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ խոսել է Երևանի համար Մոսկվայի հետ հարաբերությունների կարևորության մասին․

«Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և մենք հույս ունենք մեր գործընկերությունն էլ ավելի ուժեղ դարձնել։ Շնորհակալություն ձեր պատրաստակամության, մեր հարաբերությունների ընկալման համար։ Կարծում եմ, դրանք ավելի ու ավելի ուժեղ կդառնան։ Համենայնդեպս, մենք այդպես ենք տրամադրված»։

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, դրան առաջին անգամ մասնակցում էին ոչ միայն ԵԱՏՄ անդամ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Ռուսաստան) ղեկավարներն, այլ նաև պատվավոր հյուրեր՝ Սինգապուրի, Իրանի ղեկավարներն, ինչպես նաև Մոլդովայի նախագահը՝ որպես միությունում դիտորդ պետության ներկայացուցիչ։

Այդ նիստի շրջանակում Եվրասիական տնտեսական միությանն երկրները Սինգապուրի հետ Շրջանակային համաձայնագիր են ստորագրել համապարփակ տնտեսական համագործակցության մասին և Համաձայնագիր ազատ առևտրի մասին։

Ավելի վաղ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր է ստորագրվել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև, ինչով էլ բացատրվում է նիստին Իրանի առաջնորդ Հասան Ռոհանիի ներկայությունը։

Գագաթաժողովի օրակարգում շուրջ երկու տասնյակ հարցեր կային։ Սակայն ամենասուր խնդիրը, որը քննարկում էին պետությունների ղեկավարները, միության ներսում առևտրային խոչընդոտները հաղթահարելն էր։

Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը գործում է Ռուսաստանի հովանու ներքո և ներառում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։ Կազմակերպությունն իր անդամներին ապահովում է աշխատուժի, ապրանքի, ծառայությունների և կապիալի ազատ տեղաշարժ։ Միությունը գործում է 2015թ-ի հունվարի 1-ից։ 2019թ-ին կազմակերպության նախագահող անդամը Հայաստանն է

։

Միջադեպ նիստից առաջ

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը մեկնարկեց մի փոքր միջադեպով, որը տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Միջոցառման բոլոր մասնակիցների ընդհանուր լուսանկարն անելուց անմիջապես հետո, երբ նրանք աստիճաններով բարձրանում էին նախագահական նստավայր, վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի լրագրողը հասցրեց Պուտինին երկու հարց տալ․

«Ե՞րբ եք սկսելու կատարել 2008-ին ձեր վրա վերցրած պապրտավորությունները»։

Այս հարցին Պուտինը բավականին հանգիստ և ժպիտով պատասխանեց․

«Մենք միշտ կատարում ենք մեր պարտավորությունները»։

Ինչ վերաբերում է վրացի լրագրողի երկրորդ հարցին, թե «երբ են զորքերը դուրս գալու Վրաստանի օկուպացված տարածքներից», Պուտինն արդեն ավելի լուրջ ասաց․

«Երբ մենք նման որոշում կայացնենք»։

Դրանից հետո Ռուսաստանի նախագահը ներս մտավ շենք, իսկ  անվտանգության աշխատակիցները «Ռուսթավի-2»-ի լրագրողին խնդրեցին հետ գնալ։

Ինչի՞ մասին են խոսել նիստին

Իր ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․

«Կրկնակի հաճելի է անցկացնել այսօրվա նիստը, քանի որ դրան մասնակցելու են երկու երկրների՝ Իրանի և Սինգապուրի ղեկավարները, որոնց հետ միությունն առևտրատնտեսական հարաբերություններ է զարգացնում՝ ուղղված ազատ առևտրի ռեժիմի հաստատմանը։

Մեր կազմակերպության բոլոր օղակների միջև սերտ և արդյունավետ համագործակցության արդյունքում մեզ հաջողվել է էլ ավելի ընդլայնել միության համագործակցության աշխարհագրությունը, որի շնորհիվ այսօրվա հանդիպումն առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում»։

Սկզբից կայացել է նեղ կազմով հանդիպում, որին մասնակցում էին եվրասիական հնգյակի երկրների ղեկավարներն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Այն փակ էր մամուլի համար։ Լրագրողները դահլիճ վերադարձան միայն ընդլայնված նիստի մեկնարկին, որին մասնակցում էին նաև հրավիրված պետությունների ղեկավարները։

Հիմնական բացասական հարցը, որը լուծում է պահանջում և որը բարձրացրել էին անդամ երկրների ղեկավարները, միության ներսում համագործակցության  խոչընդոտների վերացման հարցն էր։ Դեռևս անցյալ տարի Սանկտ Պետերբուրգում կայացած համանման հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացահայտ հայտարարել էր, որ այդ ուղղությամբ աշխատանքն ընթանում է «անթույլատրելի դանդաղ»։

Երևանում Լուկաշենկոն կրկին խոսեց բազմաթիվ խոչընդոտների մասին, որոնք անհրաժեշտ է հաղթահարել․

«Առանձնապես մտահոգում է այն, երբ դրանք վերաբերում են այնպիսի զգայուն ոլորտների, ինչպիսին են, օրինակ, պետական գնումները»։

Բելառուսի նախագահը հայտարարեց, որ անհրաժեշտ է մեծ ուժ և միջոցներ կենտրոնացնել արդյունավտ տնտեսական միություն ստանալու համար։ Ընդ որում, նա դրական գնահատեց այն, որ Երևանում հաստատվել է ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը և հիմքեր են դրվել կապիտալի ու ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովման համար։

Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետին, ապա որպես իր երկրի բնակիչների առաջնահերթություն նա պնդել է, որ անհրաժեշտ է լուծել աշխատուժի տեղաշարժի հարցը։ Նրա կարծիքով, ԵԱՏՄ շրջանակում աշխատուժի տեղաշարժի դժվարությունները խոչընդոտում են ընդհանուր աշխատաշուկայի ձևավորմանը։ Եվ այս հարցն անհրաժեշտ է լուծել համագործակցության արդյունավետության բարձրացման համար։

Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ գործունեությունը գնահատելով՝ Հայաստանի վարչապետը հայտարարել է․

«Մեր կազմակեպությունը տարեցտարի ամրապնդվում է։ Այն ապացուցել է իր կենսունակությունն ու գրավչությունը որպես միջազգային ինտեգրացիոն միավորում։ Հայաստանը, որն այս տարի ԵԱՏՄ նախագահող երկիրն է, իր ներդրումն է կատարում այդ գործում»։

Միությունում Հայաստանի դերի մասին խոսելիս Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի, Սինգապուրի և Մոլդովայի ղեկավարների մասնակցությունը Հայաստանի նախագահության յուրօրինակ գագաթնակետն էր։

Վերջերս ԵԱՏՄ-ն ազատ առևտրի մասին համաձայնագիր է ստորագրել Սերբիայի հետ, բանակցություններ են տարվում Հնդկաստանի, Եգիպտոսի և Իսրայելի հետ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան այդ առնչությամբ հայտարարել է․

«Մենք լավ տեմպերով ենք առաջ շարժվում և լուրջ բեկման ենք պատրաստվում»։

Սինգապուրի հետ համաձայնագրերը

ԵԱՏՄ-ն Սինգապուրի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր է կնքել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո։

Այն նախատեսում է ապրանքների մեծ մասի մաքսատուրքերի չեղարկում, սակայն կան նաև բացառություններ։

ԵԱՏՄ անդամ պետությունների նախաձեռնությամբ, չեն չեղարկվել որոշ պարենային ապրանքների տուրքերը (տավարի միս, կաթ, մանկական սնունդ, պանիր, շաքար), ինչպես նաև մարդատար ավտոմեքենաներինը։

Սինգապուրը կչեղարկի մաքսատուրքերը միանգամից, իսկ ԵԱՏՄ երկրները՝ փուլ առ փուլ տասը տարվա ընթացքում։

Ազատ աևտրի մասին համաձայնագրից բացի Սինգապուրի հետ կողմերը ստորագրել են նաև Համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր։

Ռոհանիի հայտարարությունները

Սեպտեմբերի 30-ից Հայաստանում է գտնվում նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Սա նրա առաջին այցն է Հայաստան «թավշյա» հեղափոխությունից հետո։

Ըստ Ռոհանիի՝ առաջին անգամ է երկիրը միանում տարածաշրջանային տնտեսական միության, և սա կարևոր քայլ է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն ուժեղ ճնշում է գործադրում Իրանի վրա։

ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումն, ըստ նրա, արտահայտում է տարածաշրջանային և բազմակողմանի առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ Իրանի անկոտրում քաղաքական կամքը։

«Իրանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս տարանցում իրականացնել Եվրոպայից դեպի Ասիա, արևմուտքից դեպի արևելք, հյուսիսից՝ հարավ։ Մենք ձգտում ենք օգտագործել այդ հնարավորությունը երկրի կայուն զարգացման և տնտեսական ինտեգրման համար», – նշել է Ռոհանին։

ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ աևտրի գոտին կգործի հոկտեմբերի 27-ից։ ԵԱՏՄ հետ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հարյուրավոր իրանական ապրանքներ կարող են օգտվել հատուկ արտոնյալ պայմաններից։ Ազատ առևտրի ռեժիմը վերաբերելու է գյուղատնտեսական վաղ բերքին և շինարարական ոլորտի որոշ ապրանքների։

Երևանում անցկացվել է նաև Իրանի նախագահի և Հայաստանի վարչապետի երկկողմ հանդիպումը։

Հայաստանը մաքսային արտոնություններ է ստանում Իրանից ավելի քան 500 ապրանքի համար

Ռոհանին նշել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին։ Նա ընդգծել է նաև, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը զգալիորեն աճել է Փաշինյանի թիմի աշխատանքի ժամանակահատվածում, իսկ համատեղ նախագծերը շարունակվում են հաջողությամբ իրականացվել։

2009 թ-ի մայիսի 15-ից Հայաստանն Իրանից գազ է ստանում Իրան-Հայաստան գազատարով։ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում իրանական վառելիքը Հայաստանի տարածքում վերածվում է էլեկտրաէներգիայի, որը Իրան է վերադառնում 3կՎտ ժամ էլեկտրաէներգիա մեկ կուբամետր գազի դիմաց հաշվարկով։

«Մենք պատարստ ենք շարունակել աշխատանքը ձեր կառավարության հետ նոր նախածգերի մշակման և իրացման, «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալների ընդլայնման ուղղությամբ։ Միաժամանակ մենք պատրաստ ենք Հայաստանում գազից, քամուց և արևից էլեկտրաէներգիայի արտադրության նախագծեր իրականացնել։ Մենք հետաքրքրված ենք տարածաշրջանային էներգետիկ նախագծերի իրականացմամբ և ենթակառուցվածքների զարգացմամբ», – ասել է նա։


Կարդալ ավելին JAMnews-ում