Բոլոր մանրամասները՝ կողմերի դիրքորոշումների, հայ և ադրբեջանցի փորձագետների սպասումների մասին" />

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի պաշտոնական առաջին հանդիպումը կկայանա Վիեննայում

Բոլոր մանրամասները՝ կողմերի դիրքորոշումների, հայ և ադրբեջանցի փորձագետների սպասումների մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Վիեննայում մարտի 29-ին։ Եվ հայկական, և ադրբեջանական կողմերն արդեն հաստատել են այս տեղեկությունը։ Հանդիպումը կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ։ Այն, ըստ էության, կգրանցի Հայաստանի և Ադրբեջանի միջև պետությունների ղեկավարների մակարդակով բանակցային գործընթացի մեկնարկը, որն ընդհատվել էր ավելի քան երկու տարի առաջ։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունները հայտարարել են․ ադրբեջանցիները կարող են Հայաստան գալ

 Ի՞նչ է հայտնի հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մարտին կայանալիք հանդիպումը կլինի պետությունների ղեկավարների պաշտոնական առաջին հանդիպումը։

Մինչև այս պահը Փաշինյանն ու Ալիևը մի քանի անգամ հանդիպել են ոչ պաշտոնական միջավայրում։ Սակայն այդ չպլանավորված հանդիպումների ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շփման գծում ավելի հանգիստ իրավիճակ հաստատելու մասին։

Հենց այդ ժամանակ են Հայաստանն ու Ադրբեջանը որոշել նաև մեխանիզմներ մշակել և հակամարտության կողմերի համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապ հաստատել։

Սակայն Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպումները չի կարելի բանակցային գործընթացի մեկնարկ համարել, իրենք միայն հստակեցրել են իրենց դիրքորոշումներն ու փորձել նախանշել բանակցությունների առարկան։

Մի քանի հանդիպում են հասցրել անցկացնել նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները, որոնց ընթացքում  հնչել է ԵԱՀԿ հայտարարությունը երկու երկրների ժողովուրդներին խաղաղության պատրաստելու անհրաժեշտության մասին։

Այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպմանը, հայտնի էր դեռ մարտի սկզբին։

 Տեղեկատվություն Երևանից

Հայաստանի վարչապետի մոտեցումը

Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հանդեպ իր մոտեցումը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է վարչապետ դառնալուց անմիջապես հետո։

Դրա համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Դրա հետ համաձայն չէ ադրբեջանական կողմը, թեև 1994թ-ի հրադադարի մասին փաստաթուղթը ստորագրել է նաև ղարաբաղյան կողմը, ինչը խոսում է բանակցային գործընթացի առաջին փուլին նրա մասնակցության մասին։

Բանակցությունների միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, վերջերս արված հայտարարությունում կոչ էին արել զերծ մնալ միակողղմանի կերպով բանակցությունների ձևաչափը փոխելու պահանջներից։

Պատասխանելով համանախագահների այս հայտարարությանը, Հայաստանի վարչապետը վերահաստատել էր՝ իր մոտեցումն անփոփոխ է․ 

«Մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ներդրել են և ներդնում են կարգավորման գործընթացում: Բայց գլխավոր հարցը հետևյալն է՝ իսկ բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին․․․ Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա, որովհետև բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի կամ, ինչպես մեր որոշ գործընկերներ գերադասում են ասել, Ղարաբաղի հայության քվեն, լիազորությունն ստացած որևէ սուբյեկտ:

Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի վարչապետը չի կարող նման լիազորություն կատարել․․․ Եվ սա ոչ թե քմահաճույքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմության հարց է, իսկ լեգիտիմությունը ժամանակակից հարաբերությունների առանցքային գործոն է՝ ոչ միայն ներքաղաքական, այլև միջպետական և միջազգային հարաբերություևններում: Ի դեպ, անհեթեթ են բոլոր այն մեկնաբանությունները, թե Հայաստանի Հանրապետությունը կամ վարչապետը այս դիրքորոշմամբ իրենց ուսերից թոթափում են պատասխանատվությունը և այն դնում են Արցախի իշխանության կամ ժողովրդի վրա: ․․․Հարկ եմ համարում ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում»։

Իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ, որը կայացել է մարտի 19-ին, այն հարցին, արդյո՞ք իր մոտեցումը երկրների ղեկավարների միջև երկխոսությունը փակուղի չի տանի, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․

«Հայաստանի նոր նախաձեռնությունները Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում ոչ թե մարտահրավեր են, այլ երկխոսության կոչ․․․ Մենք կշարունակենք քննարկումները մեր ընկերների հետ` փաստերի հիման վրա: Այնտեղ, որտեղ մեր գործընկերները կարծում են, որ մեր դիրքորոշոմը կարող է համարվել չափազանց կոշտ, մենք կարող ենք մեղմել այն, սակայն նույնն ենք ակնկալում նաև մեր գործընկերներից, հակառակ դեպքում դա բանակցություններ չեն լինի»։

Սակայն պարզ չէ, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ Հայաստանի վարչապետը բանակցությունների ձևաչափի առնչությամբ։

Իր մամուլի ասուլիսին նա պատրաստակամություն է հայտնել նաև ուղղակիորեն խոսելու Ադրբեջանի ժողովրդի հետ և նախապատրաստելու նրան խաղաղության․

«Չեմ կարծում, որ միայն յուրաքանչյուր նախագահ պետք է իր հասարակությանը խաղաղության նախապատրաստի: Կարծում եմ, որ ես պետք է մասնակցեմ ադրբեջանական հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելուն և հակառակը: Ինձ հետաքրքիր է՝ Ադրբեջանի նախագահը ասելիք ունի՞ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդներին: Ես ասելիք ունեմ ադրբեջանցի ժողովրդին և ես շատ ուրախ կլինեի նման հանարավորության համար: Բայց նման մոտեցումը չի կարող միակողմանի լինել: Կարևոր է կառուցողական մթնոլորտը»։

 Հայաստանը պատրաստ է պաշտպանությունից հարձակման անցնել

Այն բանից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են շփման գծում հրադադարի ռեժիմն ամրապնդելու մասին, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարությամբ է հանդես եկել, որ Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանը պատրաստ է հարձակման։

Նա հայտարարել էր նաև, որ ռազմավարության փոփոխման կապակցությամբ ձեռք են բերվում նոր զինատեսակներ, սակայն հրաժարվել էր նշել, թե ինչպիսի։ Այս համատեքստում Դավիթ Տոնոյանը հիշատակել էր միայն ռուսական ՍՈՒ-30ՍՄ կործանիչներ գնելու և Մոսկվայի հետ 100 մլն դոլար արժողութամբ նոր՝ պաշտպանությանն ուղղված վարկի շուրջ պայմանավորվածության մասին։

«Փոխվում են ժամանակներն ու պայմանները, բանակը պետք է համապատասխանի ժամանակակից մարտահրավերներրին և հաղթահարի դրանք։ Այդ պատճառով մենք պարտավոր ենք այս քայլին գնալ, քանի որ, ինչպես ասում են, պաշտպանվող բանակը պարտություն է կրում», – այն ժամանակ ասել էր նախարարը։ 

Ավանդական սրացում սահմանին՝ հանդիպումից առաջ 

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպն, ըստ հայկական մամուլի, տեղի է ունեցել մարտի 26-ին։ Ադրբեջանի զինված ուժերը փորձել են ինժեներական աշխատանքներ տանել և իրենց դիրքերը մոտեցնել հայկական Բերդավան գյուղի տարածքին։

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, սակայն «պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել»։

 Ինչ են ասում փորձագետները

Հայ փորձագետները կայանալիք հանդիպմանը բավականին զուսպ են արձագանքել։ Մեծ մասը կարծում է, որ արագ պրակտիկ արդյունքների չարժե սպասել, և դա կլինի առաջին ծանր, լուրջ երկխոսությունը պետությունների ղեկավարների միջև։ Դա բացատրվում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցի վերաբերյալ Բաքվի կտրուկ անհամաձայնությամբ։ Ընդ որում, փորձագետներն, ընդհանուր առմամբ, սատարում են Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությանը։

Հայ քաղաքագետներից շատերը ենթադրում են, որ կողմերն այժմ ոչ թե փոխզիջման են տրամադրված, այլ իրենց նպատակներին հասնելուն՝ շահեկան բացառապես իրենց պետությունների համար։

Տեղեկություններ Բաքվից

Նախագահ Ալիևը ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել Հայաստանի վարչապետի հետ կայանալիք հանդիպման մասին։ Սակայն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն, որից երևում է, որ պաշտոնական դիրքորոշման զգալի փոփոխությունների մասին խոսք չկա։

«…Այս կապակցությամբ կրկին հարկ է հիշատակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, որում նրանք միանշանակ կողմ են արտահայտվել բանակցային գործընթացի ձևաչափն անփոփոխ թողնելուն։ Նույնատիպ հայտարարություններ են արել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները։ Համաշխարհային հանրության տվյալ դիրքորոշումը Հայաստանի համար լուրջ ուղերձ է, ինչպես նաև վկայում է Ադրբեջանի հիմավորված դիրքորոշմանն աջակցելու մասին»։

Բանակցությունների ձևաչափի փոփոխման, այսինքն՝ Ղարաբաղը որպես երրորդ կողմ ներառելու մասին հայտարարությունում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայկական և ադբեջանական համայնքները կարող են հրավիրվել «Մինսկի համաժողովին, որը ենթադրվում է անցկացնել Ադրբեջանի օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերը դուրս բերելուց հետո»։

Պատգամավոր Էլման Նասիրովն ասել է, որ Ադրբեջանի նախագահն այս բանակցություններին առավելություն է ունենալու, քանի որ Փաշինյանին չհաջողվեց փոխել դրանց ձևաչափը․

«Իլհամ Ալիևն այս հարցում վճռորոշ և սկզբունքային դիրքորոշում է ցուցաբերել, որի հետ համաձայնել է ԵԱՀԿ Մինսկի խումբն ու Եվրամիության ղեկավարությունը։ Այսինքն՝ Փաշինյանը մեկնում է հանդիպման՝ լուրջ ճնշման տակ լինելով։

Եթե բանակցային գործընթացում երկար դադար առաջանա, հրադադարի փխրուն ռեժիմը կարող է լրջորեն խախտվել։ Ապրիլյան մարտերը ցույց տվեցին, որ իրադարձությունները կարող են զարգանալ ամենաբարդ սցենարով։ Փաշինյանը պետք է գիտակցի ռազմական գործողությունների վերսկսման պատասխանատվությունն ու կանխատեսի, թե ինչ հետևանքների կարող են հանգեցնել խամաճիկային ռեժիմը բանակցությունների մասնակից դարձնելու փորձերը»։

Սրացում շփման գծում

Ադրբեջանական բանակի զինծառայող Էլեզ Էլեզովը զոհվել է մարտի 26-ի երեկոյան շփման գծում Ֆիզուլիի ուղղությամբ հայկական և ադրբեջանական կողմերի միջև փոխհրաձգության հետևանքով։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ փոխհրաձգության սադրիչը հայկական կողմն է եղել․

«Մարտի 26-ին օրվա ընթացքում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները սադրանքների էին դիմում ճակատային գծի տարբեր ուղղություններով։ Ադրբեջանական բանակը ճնշել է հակառակորդի կրակակետերը»։

Նախարարությունը հերքել է նաև հայկական մամուլի այն հաղորդագրությունը, որ ադրբեջանական կողմը փորձել է մոտեցնել իր դիրքերը․

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, հայկական կողմի հերթական սադրանքն է և ճակատում իրավիճակը սրելու նպատակ ունի»։

Ադրբեջանն ամրացնում է պաշտպանական դիրքերը

Պետական սահմանային ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը ստուգել է «Ղազախ» սահմանապահ ջոկատի ստորաբաժանումների մարտունակությունը, որը տեղակայված է Հայաստանի հետ պետական սահմանին, ONA տեղեկատվական գործակալությանը հաղորդել է ծառայության մամուլի բաժինը։ Միջոցներ են ձեռնարկվել տարածքի պաշտպանությունն ուժեղացնելու և սահմանային պաշտպանությունն ամրապնդելու համար։

Հանձնարարություններ են տրվել պաշտպանական դիրքերն ամրացնելու և ամրացման աշխատանքներ կատարելու վերաբերյալ։


Կարդալ ավելին JAMnews-ում