Փաշինյանը հայտարարել է, որ կողմերը փորձում են հասկանալ միմյանց դիրքորոշումները, Ալիևն էլ ասել է, որ բանակցություններին նոր խթան է հաղորդվել, սակայն դրա ձևաչափը չի փոխվելու" />

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի առաջին պաշտոնական հանդիպման արդյունքները

Փաշինյանը հայտարարել է, որ կողմերը փորձում են հասկանալ միմյանց դիրքորոշումները, Ալիևն էլ ասել է, որ բանակցություններին նոր խթան է հաղորդվել, սակայն դրա ձևաչափը չի փոխվելու

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը կայացել է Վիեննայում։

Ինչպե՞ս է անցել հանդիպումը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջին 40 րոպեն անցկացվել է միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

Արդյո՞ք փոխվում է Վրաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

Հայաստանի վարչապետը՝ մեծ քաղաքականության, ադրբեջանցիների հետ ուղիղ երկխոսության, շաբաթօրյակի և ընտանիքի մասին

Փաշինյանի և Ալիևի անձնական հանդիպումը տևել է երկու ժամ։ Այնուհետև բանակցողներին կրկին միացել են Մինսկի խմբի համանախագահները։

Հանդիպումից հետո լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չի արվել։ Իլհամ Ալիևը մեկնել է Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցից՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է միայն «ՏԱՍՍ» տեղեկատվական գործակալության հարցին։

«Հանդիպումը նորմալ է անցել», – կարճ պատասխանել է նա լրագրողին։

Նա շտապում էր պլանավորված հանդիպման․ նրան սպասում էր Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը։

Ավելի ուշ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին Փաշինյանի և Ալիևի հանդիպումն անվանել է «երկար, բովանդակալից և արդյունավետ»։

Նա հաղորդել է նաև, որ միջնորդներն արդեն սպասում են հաջորդ հանդիպմանը` մոտ ապագայում։

Հայաստանի վարչապետի գնահատականը 

Մարտի 29-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ավստրիայի հայ համայնքի հետ և հայտարարել, որ դրական է գնահատում այդ բանակցությունները։ Նրա խոսքով՝ առաջին անգամ էր, որ բանակցողները չէին մտածում դրանք հաղթողի կարգավիճակով ավարտելու մասին։ Նրանք լսել են միմյանց կարծիքը, գնահատել, թե ինչ օգտակար բան կա մյուս կողմի դիրքորոշման մեջ, թեկուզև մնացել են իրենց կարծիքին։

Ադրբեջանի նախագահի գնահատականը 

Այդ նույն ժամերին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում Իլհամ Ալիևն ասել է, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական միջավայրում և կողմերին հնարավորություն է տրվել պարզելու միմյանց դիրքորոշումները։ Նա ընդգծել է, որ բանակցությունների ձևաչափն անփոփոխ է մնացել։ Երկրների առաջնորդները կրկին հաստատել են հրադադարի ամրապնդման և ուղիղ շփման մեխանիզմի կատարելագործման անհրաժեշտությունը։

Փաշինյանի և Ալիևի հանդիպումների պատմությունը

Մինչ այս Փաշինյանն ու Ալիևն ադեն մի քանի անգամ հանդիպել են՝ ոչ պաշտոնական միջավայրում։ Սակայն այդ չպլանավորված հանդիպումների ընթացքում կողմերը կարողացել են պայմանավորվել շփման գծում ավելի հանգիստ իրավիճակ հաստատելու մասին։

Հենց այդ ժամանակ են Հայաստանն ու Ադրբեջանը որոշել մեխանիզմներ մշակել և հակամարտության կողմերի համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապ հաստատել։

Սակայն այն ժամանակ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպումները չի կարելի բանակցային գործընթացի մեկնարկ համարել, իրենք միայն հստակեցրել են միմյանց դիրքորոշումներն ու փորձել կոնկրետացնել բանակցությունների առարկան։

Մի քանի հանդիպում են հասցրել անցկացնել նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները, որոնց ընթացքում հնչել է երկու երկրների ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտության մասին ԵԱՀԿ հայտարարությունը։ 

Հանդիպման նախօրեին ստեղծված իրավիճակը

Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո արտահայտել էր իր դիրքորոշումը բանակցությունների վերաբերյալ։

Այն է․ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Դրա հետ համաձայն չէ ադրբեջանական կողմը, թեև 1994թ-ի հրադադարի մասին փաստաթուղթը ստորագրել է նաև ղարաբաղյան կողմը, ինչը խոսում է բանակցային գործընթացի առաջին փուլին նրա մասնակցության մասին։

Բանակցությունների միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, իրենց վերջերս արված հայտարարությունում կոչ են արել ձեռնպահ մնալ միակողմանի կերպով բանակցությունների ձևաչափը փոխելու պահանջներից։

Պատասխանելով համանախագահների այդ հայտարարությանը՝ Հայաստանի վարչապետը հաստատել էր, որ իր մոտեցումն անփոփոխ է․

«Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա․․․ Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի վարչապետը չի կարող նման լիազորություն կատարել․․․ Եվ սա ոչ թե քմահաճույքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմության հարց է։ Ի դեպ, անհեթեթ են բոլոր այն մեկնաբանությունները, թե Հայաստանի Հանրապետությունը կամ վարչապետը այս դիրքորոշմամբ իրենց ուսերից թոթափում են պատասխանատվությունը․․․ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում»։

Եվս մեկ կարևոր հայտարարություն էր ավելի վաղ արել Հայաստանի պաշտպանության նախարարը։ Դավիթ Տոնոյանն ասել էր, որ Ղարաբաղում մարտական գործողությունները վերսկսելու դեպքում Հայաստանը պատրաստ է պաշտպանությունից գրոհի անցնել․

«Փոխվում է հոգեբանությունը, փոխվում են մոտեցումները, քանի որ պաշտպանվող բանակները միշտ պարտություն են կրում։ Մենք չենք պատրաստվում պաշտպանողական դիրքերում մնալ», – ասել էր նախարարը։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում