Վարչապետի կողմնակիցները դեմ են այդ քայլին, և մինչ այս պահն այդ հարցի վերաբերյալ վստահություն չկար" />

Հայաստանի վարչապետը ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին

Վարչապետի կողմնակիցները դեմ են այդ քայլին, և մինչ այս պահն այդ հարցի վերաբերյալ վստահություն չկար

«Ֆրանս 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարական տալ հոկտեմբերի 16-ին:

«Ըստ էության, ես կարող եմ նախապես ասել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-10-ին՝ մի քանի օր ավել պակաս: Եվ այդ պատճառով ես պետք է հրաժարական տամ հոկտեմբերի 16-ին»:

Վարչապետի կողմնակիցները դեմ էին արտահայտվում նրա հրաժարականին, քանի որ ենթադրում էին, որ նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը կարող է  դրանից հետո ռևանշ վերցնել և կրկին իշխանության գալ: Մինչ այս հարցազրույցը վստահություն չկար, որ Փաշինյանը հրաժարական կտա:

Ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարական տալիս

Հրաժարական տալու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի որոշումը կապված է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու  ձգտման հետ: Հրաժարականը կնշանավորի Ազգային ժողովը ցրելու գործընթացի մեկնարկը:

Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ եթե պետության ղեկավարի հրաժարականից երկու շաբաթ անց երկրի պատգամավորները չեն կարողանում նոր վարչապետ ընտրել, խորհրդարանը ցրվում է, և նոր խորհրդարանական ընտրություններ են նշանակվում: Դրանք պետք է անցկացվեն վարչապետի հրաժարականից հետո 30 օրից ոչ շուտ, և 45 օրից ոչ ուշ:

 Ինչո՞ւ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն առաջացել

Բանն այն է, որ գարնանից Հայաստանն ամբողջությամբ անցում է կատարել կառավարման խորհրդարանական համակարգին: Սակայն անմիջապես դրանից հետո երկրում տեղի է ունեցել «թավշյա հեղափոխություն»: Իշխանության է եկել մի քաղաքական ուժ, որը խորհրդարանում մեծամասնություն չունի: Դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը գլխավորում է կառավարությունը, սակայն խորհրդարանը նրա որոշումներն արգելափակելու հնարավորություն ունի:

Ընդհանուր առմամբ, փորձագետները իրավիճակը երկրում հետևյալ կերպ են գնահատում. «Խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կամքը»: Այս եզրակացությունը հիմնավորվում է նրանով, որ 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Սակայն 2018թ-ի «թավշյա հեղափոխության» ընթացքում ՀՀԿ իշխանության դեմ հանդես եկան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք փողոց էին դուրս եկել ընդդիմության հետ մեկտեղ:

 Ըննտրությունների շուրջ վեճը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունն ընդունում են բոլոր քաղաքական ուժերը:

Սակայն Նիկոլ Փաշինյանն աշխատում է ընտրություններն անցկացնել 2018թ-ի դեկտեմբերի առաջին կեսին: Ինչին ի սկզբանե դեմ են արտահայտվել երկրի խորհրդարանի 4 խմբակցություններից երեքը:

Նախկին իշխող ՀՀԿ-ն նույնիսկ նախաձեռնեց և խորհրդարանում մի օրինագիծ անցկացրեց, որը փաստացի արգելափակում է Ազգային ժողովի ցրումը: Դա բազմահազարանոց ցույց և քաղաքական ճգնաժամ առաջացրեց երկրում: Մարդիկ Նիկոլ Փաշինյանի կոչով փողոց դուրս եկան և շրջապատեցին խորհրդարանի շենքը: Նրանք կրկին սատարեցին «հեղափոխության» վարչապետին:

Դրանից հետո բանակցություններ սկսվեցին վարչապետի և խորհրդարանական ուժերի միջև, որոնց արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի հետ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հուշագիր ստորագրվեց։ Ընտրությունների անցկացման օրվա վերաբերյալ բանավոր համաձայնություն են տվել նաև «Դաշնակցություն» կուսակցության պատգամավորները և ՀՀԿ տասնյակից ավելի պատգամավորներ:

Դա փաստացի նշանակում է, որ վարչապետն անհրաժեշտ քանակությամբ ձայներ ունի, և դեկտեմբերին ընտրությունների անցկացման համար խոչընդոտներ չկան:

Ինչո՞ւ հենց դեկտեմբերին

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու Նիկոլ Փաշինյանն իր որոշումը տնտեսական պատճառներով է բացատրում: Վարչապետը հայտարարում է, որ ներդրողները Հայաստանում կայունության են սպասում, իսկ բիզնեսի համար բարենպաստ պայմաններ կարող են հաստատվել միայն ընտրութունների անցկացումից հետո:

Քաղաքագետներն ու Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրները դրանում օրենսդրական իշխանությունն իր ձեռքերում ամրապնդելու ցանկություն են տեսնում, մինչ նրա վարկանիշը բարձր է: Երևանի ավագանու ընտրությունները, որոնք կայացան սեպտեմբերի 23-ին, ցույց տվեցին. Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ բարձր է: «Իմ քայլը» դաշինքը, որին նա սատարում էր, ստացավ 80-ից բարձր տոկոս ձայներ:

Ի՞նչ հույսեր ունեն վարչապետի ընդդիմադիրները

Նախկին իշխող կուսակցությունն ու դրա կողմնակիցները պնդում են, որ պետք է նախապատրաստվել ընտրություններին և որոշակի օրենդրական բազա ստեղծել արդար ընտրություններ անցկացնելու համար: Եվ միայն դրանով է բացատրվում մինչև հաջորդ տարվա մայիս ընտրությունները հետաձգելու ցանկությունը:

Սակայն քաղաքագետները ենթադրում են, որ դա բացատրվում է գործող վարչապետի վարկանիշի նվազման հույսով: Բանն այն է, որ, չնայած կոռուպցիայի դեմ պայքարին և ներկայիս իշխանությունների այլ դրական գործողություններին, մարդկանց սոցիալական դրությունը չի փոխվում:


Կարդալ ավելին JAMnews-ում