Կառավարության աշխատակազմից մեկնաբանել են, որ բոլոր «գործընթացները գաղտնի են անցկացվել, հետևաբար, այդ տեղեկությունը հրապարակման ենթակա չէ»" />

Հայաստանի վարչապետը գաղտնի կրկնապատկել է նախարարների աշխատավարձերը

Կառավարության աշխատակազմից մեկնաբանել են, որ բոլոր «գործընթացները գաղտնի են անցկացվել, հետևաբար, այդ տեղեկությունը հրապարակման ենթակա չէ»

Նիկոլ Փաշինյան, նախարարների աշխատավարձ
Նիկոլ Փաշինյան, նախարարների աշխատավարձ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը կառավարության անդամների և պատգամավորների հետ

Հայաստանի վարչապետը 2019թ-ի հուլիսին գաղտնի հրահանգել է բարձրացնել նախարարների, փոխնախարարների և նախարարությունների ավագ քարտուղարների աշխատավարձերը։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Hetq առցանց թերթի կայքում։

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից իրավիճակը մեկնաբանել են և հայտարարել, որ բոլոր «գործընթանցերը գաղտնի են կատարվել, տեղեկությունը հրապարակման ենթակա չէ»։

Նիկոլ Փաշինյանի մասին․ թե ինչպես ընդդիմադիր գործիչը Հայաստանի վարչապետ դարձավ

Որքանո՞վ են աճել աշխատավարձերը

Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարության մասին տեղեկության ստուգման համար Hetq պարբերականը որոշ նախարարություններ գրավոր հարցում է ուղարկել աշխատակիցների քանակի և մայիս-օգոստոս աշխատավարձային ֆոնդի վերաբերյալ։

Պարզվել է, որ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը չորս ամսում 6-ական միլիոն դրամ են ստացել։ Այսինքն՝ նրանց ամսական աշխատավարձը կազմել է 1,5 մլն դրամ։

Բանն այն է, որ, «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրման մասին» օրենքով, նախարարների աշխատավարձերի ցուցիչը 12 է։ Այսինքն՝ նախարարի աշխատավարձի չափը ստանալու համար պետք է բազային աշխատավարձի գումարը՝ 66 140 դրամը, բազմապատկել 12-ով։ Ստացվում է 793 680 դրամ ներառյալ հարկերը։

Այսպիսով, պարբերականը պարզել է, որ առանց օրենքում փոփոխություններ կատարելու վարչապետի գաղտնի որոշման հիման վրա նախարարների աշխատավարձերը կրկնապատկվել են։

Դա վերաբերում է նաև փոխնախարարների աշխատավարձերին։ Ըստ օրենքով սահմանված ցուցիչի՝ փոխնախարարի աշխատավարձը 562 160 դրամ է։ Սակայն Փաշինյանի հանձնարարականից հետո այն աճել է մինչև 1 մլն 60 հազար դրամ։

Ինչ վերաբերում է նախարարությունների ավագ քարտուղարներին, ապա նրանք այժմ հասանելիք 595 260 դրամի փոխարեն ստանում են 870 000 դրամ։

Վարչապետի աշխատակազմի մեկնաբանությունը

Փաշինյանի գաղտնի կարգադրության հետ կապված իրավիճակն արդեն մեկնաբանել են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը հայտարարել է․

«Անհրաժեշտ ենք համարում նշել, որ նշված․․․ պաշտոնատար անձինք ներկայացնում են գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, ինչը ենթադրում է, որ վերը նշված գործընթացն ամբողջությամբ հրապարակային և թափանցիկ է»։

Քաղաքագետների և քաղաքական գործիչների մեկնաբանությունները

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել․

«Մեկ տարվա ընթացքում Փաշինյանի ոչ պրոֆեսիոնալ նախարարները այնքան աշխատանք չեն կատարել, որի համար պետք է 1 մլն 500 հազար դրամ ստանային։ Ինչի՞ է բարձրացրել աշխատավարձերը, ի՞նչ պրոֆեսիոնալ կադրեր է ներառել կառավարությունում, որոնք․․․ իրենց ունակությունները ներդնում են պետական կառավարման համակարգում»։

Համբարյանը ներկայիս իշխանություններին մեղադրում է այն բանի համար, որ նախկինում նրանք քննադատում էին նախորդ իշխանությանն ու «թավշյա» հեղափոխություն անում, իսկ հիմա դավաճանում են իրենց սկզբունքներին․

«Փաշինյանի ամենանողկալի արարքն այն է, որ այդ ամենը գաղտնի է տեղի ունեցել: Ի՞նչ հաշվետվողական լինելու մասին է խոսքը, ի՞նչ բաց ու թափանցիկ գործելաոճի մասին է խոսքը: Նախկինների համեմատ սրանք ամեն ինչ ավելի լկտի ձևով են անում»:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նույնպես կարծում է, որ վարչապետի խոսքերն ու գործերը չեն համընկնում․

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն իր գործելաոճում առաջնորդվում է ոչ թե թափանցիկությամբ և հանրության առաջ լիարժեք պատասխանատվությամբ, այլ ըստ իր քաղաքական նպատակահարմարության և ըստ իր քաղաքական ծրագրերի: Այսինքն` առաջնահերթություն տրվում է ոչ թե հռչակված արժեքներին և մոտեցումներին, այլ դրան, ինչը լավագույնս համապատասխանում է Փաշինյանի քաղաքական թիմի նեղ շահերին»։

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ նախարարների աշխատավարձերի ժողովրդից գաղտնի բարձրացնելն անթույլատրելի քայլ է․

«Եթե մարդիկ տեսնում են, որ տվյալ նախարարը գործը լավ է կատարել, իրենք արդյունքը զգում են իրենց առօրյայի վրա, կարելի է տասնապատիկ բարձրացնել։ Խնդիր չկա։ Բայց թաքունը վիրավորական է՝ և պատգամավորների, և ժողովրդի համար։ Թաքուն բառը հեղափոխությունից հետո մեզ համար անընդունելի է», – ասել է Ծառուկյանը։

Մեկնաբանություններ սոցցանցերում

Ֆեյսբուքի հայկական տիրույթում նորությունն ամենաքննարկվածներից մեկն է դարձել։

Ահա մի քանի մեկնաբանություն․

«Ասացեք, խնդրեմ, այդ «հպարտ» պաշտոնյաների մեկ ամսվա աշխատավարձը թոշակառուի քանի՞ տարվա թոշակն է կամ ուսուցչի քանի՞ ամսվա, գուցե և տարվա աշխատավարձը»։

«Թող ստուգեն նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը մայիս – սեպտեմբեր ամիսների տրված պարգևատրումները։ Այնտեղ կա արտոնյալների խումբ, որոնք ամսական աշխատավարձից շատ պարգևատրումներ են ստանում»։

«Վիրավորական է այն, որ դա գաղտնի է արվել։ Ի վերջո, դա պետական անվտանգության հարց չէր։ Նման բաները  պետք է հրապարակային լինեն, չէ՞ որ մենք նման պահվածքի համար ենք փոխել նախորդ իշխանությունը։ Մարդիկ պետք է իմանան, թե ինչպես են ծախսվում բյուջետային փողերը»։

«Եթե արդյունքում պարզվի, որ այս ամենը ճիշտ է, սարսափելի խայտառակություն կլինի։ Մենք պայքարել ենք թափանցիկ և ազնիվ կառավարության համար»։


Կարդալ ավելին JAMnews-ում