Լրագրողները Նիկոլ Փաշինյանին մամուլի ասուլիսի սրահից բաց չէին թողնում մոտ 5 ժամ՝ նա խոստացել էր պատասխանել բոլոր հարցերին " />

Հայաստանի վարչապետը՝ մեծ քաղաքականության, ադրբեջանցիների հետ ուղիղ երկխոսության, շաբաթօրյակի և ընտանիքի մասին

Լրագրողները Նիկոլ Փաշինյանին մամուլի ասուլիսի սրահից բաց չէին թողնում մոտ 5 ժամ՝ նա խոստացել էր պատասխանել բոլոր հարցերին

Հայաստանի վարչապետի ասուլիսը ձցվեց մոտ 5 ժամ: Նիկոլ Փաշինյանը խոստացել էր պատասխանել բոլոր հարցերին, բայց չհասցրեց. արդեն պետք էր գնալ:

Մամուլի ասուլիսի հենց սկզբում վարչապետը լրագրողներին խորհուրդ տվեց չամաչել հարցեր տալուց և չվախենալ, որ հանկարծ ինքը չի կարողանա դրանց պատասխանել: Արդյունքում նա խոսեց Ղարաբաղի բանակցային գործընթացի մասին, որ կցանկանար խաղաղության նախապատրաստել ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի բնակչությանը: Փաշինյանին հարց ուղղեցին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացի և ընդհանուր առմամբ դատական համակարգի անկախության, նրա կողմից սկսված կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքների և իրանական գազի մասին:

Մամուլի ասուլիսում Փաշինյանը խոսեց նաև այն մասին՝ ինչպես է ապրում իր ընտանիքը, պատասխանեց իր կնոջ գործունեությանը վերաբերող հարցերին: Վարչապետը չմոռացավ նաև երկրի բնակիչներին հրավիրել միանալու «հեղափոխական շաբաթօրյակին», որը տեղի կունենա իր նախաձեռնությամբ:

Նիկոլ Փաշինյանի մասին. ինչպես ընդդիմադիր գործիչը դարձավ Հայաստանի վարչապետ

Աղմկոտ համաներում Ադրբեջանում. ազատ են արձակվել հայտնի քաղաքացիական ակտիվիստներ և ընդդիմադիրներ

Իրանական գազը

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը սկսվեց Հայաստանով  իրանական գազի տարանցման թեմայով՝ մասնավորապես դեպի Վրաստան:

Փետրվարի վերջին Փաշինյանը պաշտոնական այցով եղել էր Իրանում: Եվ իրանական գազի տարանցումը Հայաստանի տարածքով Թեհրանում նրա բանակցությունների օրակարգի կարևորագույն կետերից մեկն էր:

Մամուլի ասուլիսում Փաշինյանն ասաց, որ դեռ նախքան Իրան մեկնելն ինքն այդ հարցով բանակցություններ էր վարել Ռուսաստանի ղեկավարության, ինչպես նաև Վրաստանի կառավարության ղեկավարի և Թուրքմենստանի նախագահի հետ:

«Ես ցանկանում էի հասկանալ՝ որքանով են Վրաստանը, Թուրքմենստանը և Ռուսաստանը շահագրգռված նման նախագծերով: Այդ հանդիպումների արդյունքում ես եկա եզրակացության, որ այդ հարցը պետք է դառնա կարևորագույններից մեկը Իրանի հետ բանակցություններում: Բանակցությունները շարունակվում են, և մենք պետք է արագացնենք մեր համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով՝ և՛ Իրանի, և՛ Եվրամիության, և՛ ԱՄՆ-ի, և՛ մյուս հնարավոր գործընկերների հետ»:

Իրան-Հայաստան գազատարն ապահովում է Հայաստանի անվտանգությունն արտակարգ դեպքերում: Ստացվող իրանական գազի դիմաց հայկական կողմը, համաձայն բարտերային պայմանագրի, Իրանին մատակարարում է էլեկտրաէներգիա:

Վերջին հինգ տարում հայ-իրանական գազատարն օգտագործվել է իր հնարավորությունների միայն մեկ երրորդի չափով: Սակայն Իրանի հետ բանակցություններից հետո արդեն բացահայտ հայտարարություններ են արվում, որ գազատարի արդիականացումից հետո այն կարող է օգտագործվել ողջ ծավալով, որն անհրաժեշտ է Հայաստանի համար (տարեկան մոտ 2 մլրդ քառակուսի մետր): Դա կարող է թույլ տալ Հայաստանին դիվերսիֆիկացնել իր էներգետիկ համակարգը: Այժմ երկիրը գազի գրեթե ողջ անհրաժեշտ ծավալը գնում է Ռուսաստանից:

Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները

Լրագրողներին հետաքրքրում էր ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների հետագա ընթացքը: Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով՝ հայտարարել էր, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, ինչը ադրբեջանական կողմը չի ընդունում: Ավելին, միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս, իրենց վերջին հայտարարության մեջ կոչ արեցին զերծ մնալ բանակցությունների ձևաչափը փոխելու միակողմանի պահանջներից։

Լրագրողները հարցնում էին՝ արդյոք Փաշինյանի նոր մոտեցումը փակուղի չի գցում պետությունների ղեկավարների միջև երկխոսությունը: Այս կապակցությամբ վարչապետը հայտարարեց.

«Հայաստանի նոր նախաձեռնությունները Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ բանակցային գործընթացի շրջանակում մարտահրավեր չեն, այլ երկխոսության կոչ… Մենք կշարունակենք քննարկումները մեր բարեկամների հետ՝ հիմնված փաստերի վրա: Այնտեղ, որտեղ մեր գործընկերները կարծում են, որ մեր դիրքորոշումը կարող է համարվել չափազանց կոշտ, մենք կարող ենք մեղմացնել այդ դիրքորոշումը, բայց նույնը մենք ակնկալում ենք նաև գործընկերներից: Հակառակ դեպքում դրանք բանակացություններ չեն լինի»:

Փաշինյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակացային գործընթացին նախատեսված է փաստաթղթերով, որոնք ընդունվել են միջազգային հանրության կողմից:

Փաշինյանը պատրաստ է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ

Հայաստանի վարչապետը նաև հայտարարեց, որ պատրաստ է մասնակցել Ադրբեջանի հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելու գործին.

«Չեմ կարծում, որ միայն ամեն երկրի ղեկավար իր հասարակությանը պետք է պատրաստի խաղաղության: Ես կարծում եմ, որ պետք է մասնակցեմ Ադրբեջանի հասարակությանը խաղաղության նախապատրաստմանը և հակառակը: Ինձ հետաքրքիր է՝ Ադրբեջանի նախագահն ասելիք ունի՞ Հայաստանի և Արցախի բնակչությանը: Ես ասելիք ունեմ ադրբեջանցի ժողովրդին, և ես շատ ուրախ կլինեի նման հնարավորության համար: Բայց այդպիսի մոտեցումը չի կարող միակողմանի լինել: Կարևոր է կառուցողական մթնոլորտը»:

Փաշինյանը նաև կոչ արեց հայ և ադրբեջանցի օգտատերերին դադարեցնել վեճերը սոցցանցերում.

«Եկեք գոնե սոցցանցերում հասկանանք՝ արդյոք իրար ասելու բան ունենք՝ բացի վիրավորանքներից: Ես ուրախ կլինեի, եթե մարդիկ սկսեին քննարկել, ոչ թե վիճել: Լավ, իրար փոխադարձ վիրավորեցիք, իսկ հետո՞: Ես չեմ խոսում սիրալիրության մասին, բայց կարող են չէ՞ լինել քննարկման թեմաներ: Դա զրույցի հարթակ է: Եթե մենք կարողանում ենք խոսել պետությունների ղեկավարների, նախարարների, երբեմն լրագրողների մակարդակով, կարելի է դա անել առավել լայն ձևաչափով: Ես բարձրաձայն մտածում եմ: Եվ սա իմ ուղերձն է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի բնակչությանը»:

Ռոբերտ Քոչարյանի դեմ դատական գործընթացը և «Մարտի 1»-ի գործը

Հայաստանի վարչապետը նաև մեկնաբանեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատական գործը՝ կապված 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ:

Ինքը՝ նախկին նախագահը, հայտարարում է, որ դա քաղաքական հաշվեհարդար է Փաշինյանի կողմից: Եվ լրագրողները չէին կարող շրջանցել այդ հարցը:

Հարցի նախապատմությունը հետևյալն է. 2008թ. մարտի 1-ին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջին օրերին, հրաման եղավ բազմահազարանոց ցույցը ցրելու մասին: Այդ ժամանակ փողոց էին դուրս եկել հազարավոր մարդիկ, որոնք համաձայն չէին նախագահական ընտրությունների արդյունքների հետ: Նրանք հաղթող էին համարում ընտրություններին մասնակցած Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: ԿԸՀ-ն հաղթող էր ճանաչել այլ թեկնածուի՝ Սերժ Սարգսյանին: Ցույցը ցրելու ժամանակ կիրառվեց մարտական զենք, զոհվեց 10 մարդ:

Այդ ժամանակ ընդդիմադիր քաղաքական գործիչ Փաշինյանը ներկայացնում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շահերը: Մարտի 1-ի իրադարձություններից հետո նա մեղադրվում էր զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ և ստիպված էր ընդհատակ անցնել: Հետո Փաշինյանն ինքնակամ ներկայացավ դատախազություն, կալանավորվեց և դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Ազատ արձակվեց մեկ տարի և 11 ամիս հետո՝ համաներումով:

Մամուլի ասուլիսում վարչապետը հայտարարեց, որ Քոչարյանի դեմ դատական գործը հաշվեհարդար չէ նախկին ընդդիմախոսի հետ:

«Եթե նման տրամադրություն լիներ, ապա շատ արագ և հստակ հնարավոր կլիներ ամեն ինչ որոշել: Եվ դրա համար կային հնարավորություններ և ժամանակ: Ես խնդրում եմ ոչ մեկին որևէ գործողություն չդիտարկել սեփական պատկերացումների և զգացողությունների պրիզմայով: Ես չեմ ցանկանում մանրամասն մեկնաբանել այդ գործը, որպեսզի դա չդիտարկվի որպես ճնշում դատական գործընթացի վրա»:

Լրատվամիջոցների աջակցության հիմնադրամ

Վարչապետը մամուլի ասուլիսում անդրադարձավ նաև որոշ լրատվամիջոցների իրենց զբաղեցրած գրասենյակային տարածքներից դուրս հանելու մասին հարցին: Բազմաթիվ լրատվամիջոցներ հոդվածներ էին հրապարակել այն մասին, որ դա Նիկոլ Փաշինյանի կողմից վրեժ է քննադատության համար:

«Եկեք ազատվենք ավանդական տրամաբանության շրջանակներից: Ես ոչ մեկից վրեժ չեմ լուծում և չեմ պատրաստվում: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ ինքս էլ ժամանակին ձեզանից մեկն եմ եղել»,- հայտարարեց վարչապետը:

Նա նախկին գործընկերներին հավաստիացրեց, որ նոր իշխանությունը գործողություններ չի ձեռնարկի մամուլի դեմ, եթե չլինեն օրենքի կոպիտ խախտումներ: Աշխարհում գլոբալ խնդիր կա՝ կապված կեղծ նորությունների հետ: Եվ այդ խնդիրը, Փաշինյանի կարծիքով, շատ արդիական է այն երկրների համար, որտեղ խոսքի ազատությունը հռչակված է որպես ժողովրդավարության բարձրագույն արժեքներից մեկը, որտեղ չկա գրաքննություն և մամուլի նկատմամբ հետապնդումներ:

Փաշինյանը հայտարարեց որ կառավարությունը պատրաստվում է բացել մամուլի աջակցության հիմանդրամ: Հիմնադրամի նպատակը կլինի ապահովել խոսքի ազատությունը, ինչպես նաև լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը: Իսկ հենց հիմնադրամի լիարժեք անկախության համար կառավարությունը պատրաստվում է ներգրավել մասնավոր միջոցներ.

«Հիմնադրամը չի գործի պետբյուջեի միջոցների հաշվին, որպեսզի այդպիսով բացառվի պետության կողմից մամուլի վրա ազդեցության ցանկացած օջախ»,- հայտարարեց Փաշինյանը:

Կնոջ և ընտանիքի մասին

Հայաստանի վարչապետի ընտանիքին ուշիուշով հետևում են ոչ միայն տեղի լրատվամիջոցները, այլև սոցցանցերի օգտատերերը: Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանը ղեկավարում է բարեգործական հիմնադրամներ և իրականացնում է բազմաթիվ հասարակական նախագծեր և նրա ակտիվությունը տարբեր խոսակցությունների տեղիք են տվել: Այդ թվում այն մասին, որ նա իբր մասնակցություն է ունենում երկրի կառավարմանը: Վարչապետն այդ խոսակցություններն անվանեց ծիծաղելի.

«Նման ոչ մի բան հնարավոր չէ անգամ պատկերացնել: Հայաստանի վարչապետի կինը Ռայիսա Գորբաչովա չի դառնա»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ իրեն սպասարկող փոխադրամիջոցները և այն, որ իր ընտանիքն իբր ճոխություններ ու ավելորդություններ է իրենց թույլ տալիս: Նա ընգծեց, որ իր ընտանիքն ապրում է այնպես, ինչպես նախատեսում է արարողակարգը և ոչ մի ավելորդություն իրեն թույլ չի տալիս:

«Հեղափոխական» մասշտաբի շաբաթօրյակ

Այն մասին, որ մարտի 23-ին Հայաստանում կկազմակերպվի «հեղափոխական» մասշտաբի շաբաթօրյակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ փետրվարի սկզբին: Մամուլի ասուլիսում վարչապետը կրկին հիշեցրեց այդ մասին.

«Ես հույս ունեմ, որ բոլորը կգան շաբաթօրյակին: Եվ ես ինքս էլ անձամբ կմասնակցեմ դրան, բայց նախապես չեմ հայտարարի՝ ուր եմ գնալու: Եվ ակնկալում եմ համաքաղաքացիներիս ակտիվ մասնակցությունը»:

Հայաստանի վարչապետի խոսքով՝ հեղափոխական մասշտաբի փոփոխություններ Հայաստանում տեղի կունենան միայն այն բանից հետո, երբ ամբողջ աղբը կհավաքվի.

«Եթե մենք կարողանանք ազատվել աղբից, թափոններից, ժանգոտած կրպակներից, ավտոմեքենաների թափոններից, ապա մենք կարող ենք հասնել գոնե վիզուալ առաջընթացի: Եվ ես ուրախ եմ, որ այդ գործընթացն արդեն սկսվել է»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում