«Նապաստակի նման ենք քնում, մի աչքներս բաց, մեկը՝ փակ, որ հանկարծ կրակոց եղավ, երեխեքին հավաքենք իջնենք նկուղ»" />

Հայաստանի սահմանային Բերքաբեր գյուղի լավ ու վատ օրերի մասին

«Նապաստակի նման ենք քնում, մի աչքներս բաց, մեկը՝ փակ, որ հանկարծ կրակոց եղավ, երեխեքին հավաքենք իջնենք նկուղ»

Սահմանամերձ Բերքաբեր գյուղը Ադրբեջանից ընդամենը 800 մետր հեռավորության վրա է գտնվում։ Իսկ մայրաքաղաքը հեռու է՝ Երևան հասնելու համար պետք է 160 կմ անցնել։ Տավուշի մարզի այս գյուղը Ադրբեջանի հետ ունի երկու կմ ջրային սահման, այդքան էլ ցամաքային:  

Բերքաբերը հայտնի է Ջողազի ջրամբարով։ Այն կառուցվել է դեռ 1980-ականներին։ Սովետական տարիներին դրա ջրով իրենց հողերը ոռոգել են և հայկական, և ադրբեջանական մոտակա գյուղերի բնակիչները։

Հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով ջրամբարը այլևս չի օգտագործվում ըստ նշանակության և վերածվել է ջրային բուֆերային գոտու։

Ձկնորսների մասին

Թաթուլ Մայիլյանի աշխատավայրը Ջողազի ջրամբարն է, որի մի ափին Ադրբեջանն է, մյուսին՝ Հայաստանը:

29-ամյա Թաթուլն իր ընտանիքը ձկնորսությամբ է պահում։ Եվ իր նման՝ ևս հինգ հոգի։ Ամեն անգամ ջրամբար մտնելուց առաջ Թաթուլը մտավախություն ունի դիմացի ափից կկրակե՞ն այսօր, թե՞ էլի բախտը կբերի:

«Վտանգը միշտ էլ կա, բայց դե ինչ անենք, մեր գործն է։ Ափից էլ ենք բռնում, խորքից էլ։ Էս սեզոնին ձուկը խորքում է, խորից ենք հանում։ Վերջին շրջանում ավելի հանգիստ է իրավիճակը: Իրենք էլ են ձուկ բռնում մեկ-մեկ, մենք՝ ավելի շատ։ Այս հատվածը, որտեղից մտնում եմ, 400 մետր է հեռավորությունը հակառակ ափից,  իրենք մեզ են տեսնում, մենք՝ իրենց: Ի՞նչ ասեմ՝ մեզ նման մարդ են էլի իրենք էլ», – ասում է Թաթուլ Մայիլյանը:

Վախերի մասին

Բերքաբերի 567 բնակիչը մշտական հրետակոծության վախի ու անհանգստության պայմաններում է ապրում։  

«Նապաստակի նման ենք քնում, մի աչքներս բաց, մեկը՝ փակ, որ հանկարծ կրակոց եղավ, երեխեքին հավաքենք իջնենք նկուղ: Էս իրավիճակն է`ոչ պատերազմ, ոչ խաղաղություն… Իհարկե, ապրում ենք հույսը սրտներումս, որ հեսա կլինի խաղաղություն: Բայց տունը չենք վերանորոգում՝ բա որ էլի խփեն, քանդվի։

Ու ստեղից գնացողն էլ չեմ։ Ո՞ւր գնամ, սա է տունս։ Ես գնամ, նա գնա, բա վերջը, ո՞վ մնա: Կռիվներից հետո մարդիկ իրենց երեխեքի լավ ապագայի համար դուրս եկան, կեսը՝ Երևան, կեսը՝ Ռուսաստան», – ասում է երեք երեխաների հայր, պատերազմի մասնակից 45-ամյա Ռոբերտ Խուդավերդյանը։

Նրա կինը 39-ամյա Արմինե Եգանյանն էլ է համարում, որ ոչ մարդկային պայմաններում են ապրում՝ վախը սրտներում

«Մանավանդ որ երեխեք ունենք։ Բայց կոփվել ենք, գիտենքոր պահին կրակոցներ են՝ երեխեքի հետ վազում ենք թաքստոցներ կամ նկուղային հարկեր»։

Հույսերի մասին

Միաժամանակ պնդում են, որ ապագայի նկատմամբ լավատեսորեն են։ Երկրում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունն այստեղ էլ է մարդկանց մոտ հույսեր առաջացրել։

«Կա հավատ, վստահություն, ոգևորված են մարդիկ, որ ամեն ինչ այսուհետ արդար կլինի, արդար կբաշխվի, ավելի ճիշտ մոտեցում կցուցաբերեն սահմանամերձ համայնքներին։ Նախկին իշխանությունների կողմից ոչ արդար մոտեցում է հաճախ եղել: Ընտանիք էլ ունենք, որ անգամ հետ է վերադարձել դրսից։ Մարդիկ նոր գաղափարներ են մտածում, կյանքի կոչում, որ գյուղը զարգացնեն», – ասում է Բերքաբերի համայնքապետ Արգամ Արզումանյանը։

Հողերի մասին

Համայնքի գյուղատնտեսական հողերի 75 տոկոսը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Խոսքը 817 հեկտար հողերի մասին է, որից մոտ 700-ը՝ այգիների տեսքով:

«Սեփականաշնորհված հողատարածքները բացառապես բոլորը գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ: Այնտեղ հիմա նրանց դիրքերն են, կրակակետերը, խրամատները: Ֆիզիկապես հնարավոր չէ մուտք գործել այնտեղ», – ասում է համայնքապետը:

Գյուղացիներից Սուրեն Խուդավերդյանը իր տան պատուհանից ցույց է տալիս ջրամբարի այն ափին մնացած իր հողատարածքները: Ասում է, որ գյուղն  այսօր ունի ընդամենը 84 հեկտար վարելահող, ամեն ընտանիքի տրամադրել են 5000-6000 մետր հող, ինչը շատ քիչ է գյուղացու համար։

Ստեղծված իրավիճակից ելնելով, գյուղացիներն անցել են ջերմոցային տնտեսությունների։

Ջերմոցների մասին

Գյուղացիների տնամերձ հողատարածքներում ճերմակ առագաստների նման հեռվից արևի տակ շողում են  ցելոֆանապատ ջերմոցները։ Համայնքապետ Արգամ Արզումանյանի խոսքով, այս պահին գյուղում ունեն 22 ջերմոցային տնտեսություն, աճեցնում են լոլիկ, վարունգ, ծիծակ, պղպեղ։

Սուրեն Խուդավերդյանը պատմում է, որ իր ջերմոցը կառուցվել է «Սահման» հասարակական կազմակերպության կողմից։  Նպատակն այն էր, որ այստեղ ջերմոցի սածիլներ աճեցվեն մարզի բոլոր ջերմատների համար

«Տարեկան 10 հազարին մոտ սածիլ ենք դնում,  մարդիկ մեզնից գնում են, տանում իրենց ջերմոցների համար։ Ժամանակից շուտ բերք են ստանում` ավելի շուտ, քան բոստաններում է աճում, դրա համար ավելի թանկ են վաճառում, ինչն իրենց ավելի ձեռնտու է»։

Խորհրդային տարիներին Բերքաբերը հայտնի է եղել նաև լիմոնի ջերմոցներով։ Գյուղը տարեկան արտադրել է երկուսից մինչև երեք տոննա լիմոն։ Հիմա գյուղում փորձում են վերականգնել այդ ավանդույթը։

65-ամյա Էդիկ Հարությունյանի ջերմատանը 31 լիմոնի ծառերն այնքան են խտացել, որ դրանց արանքներով քայլելն անգամ դժվար է։ Խորհրդային տարիներին  գյուղում ավագ գյուղատնտես աշխատած Հարությունյանի նպատակն է Բերքաբերում երկու մեծ լիմոնարիում հիմնադրել։

«Ֆինանսական հարցեր կան, դա այնքան էլ հեշտ չէ, բայց ուզում եմ հիմնել։ Նոր ջերմոցում կդնենք 200-300 ծառ: Այս տարի մեկ ամիս ենք տաքացրել մեր լիմոնի ջերմոցը։ Այ, որ գյուղը գազիֆիկացվի, հոյակապ կլինի: Ջերմոցում աշխատում ենք ես ու տղաս, տարեկան մինչև 500-600 կգ լիմոն ենք ստանում։ Բերքաբերն ունի այդ պոտենցիալը, միայն փող լինի», – ասում է Էդիկ Հարությունյանը։

Խնդիրների մասին

Գումար վաստակելն այստեղ հեշտ չէ։ Մարդիկ վարկեր են վերցնում բանկերից, որ կարողանան իրենց գործն առաջ տանել, ու հետո տոկոսների տակ խեղդվում։

Սուրեն Խուդավերդյանն ասում է, երեք միլիոն դրամ վարկ է վերցրել ու ջերմոցում ջեռուցման համակարգ անցկացրել։ Դա որոշակի առավելություն է տալիս՝ կարողանում է ձմեռվա ընթացքում էլ բերք ստանալ։ Բայց այս տարի փայտ չի կարողացել գնել՝ գումարը չի բավարարել, և հունվարից հետո չի կարողացել ապահովել ջեռուցումը։ Արդյունքում ունեցած բերքը ցրտահարվել է։

«Եզակի գյուղերից ենք, որ գազ չունենք, եթե ունենայինք, այս հարցն ավելի հեշտ կլուծեինք։ Ամեն դեպքում, հիմա արդեն ջերմոցի մաքրման աշխատանքներն ենք անում, որպեսզի նոր սածիլները դնենք։ Մինչև մարտի քսանը դրանք արդեն պետք է վաճառքի համար ունենանք, որ մեր տունը պահենք», – ասում է Խուդավերդյանը։

Բերքաբերցիները հպարտությամբ են նշում, որ իրենց գյուղը Հայաստանի այն գյուղերից է, որտեղ ամեն տեսակի միրգ աճում է։ Սակայն բոլորը չեն, որ նոր այգի հիմնելու համար բավարար միջոցներ ունեն։

Սուրեն Խուդավերդյանը հաշվարկում է, որ իր ունեցած 5000 մետր հողակտորում 250 հատ արքայանարնջի տնկի դնելու համար, իրեն անհրաժեշտ է գրեթե 250 հազար դրամ գումար, մեկ տնկիի արժեքը 800-1000 դրամ է։

«Գյուղատնտեսական վարկերի դեպքում, չէի ասի տոկոսներն են բարձր, բայց այգին միայն չորրորդ տարում է սկսում բերք տալ, մինչդեռ բանկին պետք է ամեն ամիս տոկոս վճարել։ Ինչպե՞ս մուծես այդ փողը», – ասում է Սուրեն Խուդավերդյանը։

Սպասումների մասին

Սուրեն Խուդավերդյանը կարծում է, որ քիչ բան է պետք է գյուղացուն ոտքի կանգնելու համար։

«Բերքաբերում շատ լավ կլիմայական պայմաններ են: Այստեղ պետությունը պետք է ներդրում անի, աջակցի գյուղացուն։ Գյուղացին այսօր չունի միջոցներ այգի հիմնելու համար: Եթե պետությունը կարողանա աջակցել, այգիներ հիմնենք, դրանով գյուղացիների ապրելակերպը էլ ավելի կբարձրանա։ Մարդիկ չեն դժգոհի, չեն հեռանա գյուղից, կնվիրվեն հողին, իրենց այգիները կմշակեն ու դրանով իրենք լավ եկամուտ կունենան իրենց ընտանիքը ապահովելու համար»:

Նրա կարծիքով, պետությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի սահմանամերձ գյուղերին

«Պետք է պետության աջակցությունը: Օգնի, չգիտեմ՝ իրենք պետք է մտածեն, մի ծրագիր անցկացնեն, մարդիկ կարողանան էդ դժվարին պայմաններից հասնեն իրենց նպատակին։ Մյուս տարբերակն էլ այն է, որ ներդրողները գան, այստեղ որևէ արտադրություն հիմնեն։ Ըստ օրենքի հարկերից  կազատվեն, քանի որ մենք սահմանային գյուղ ենք», –  առաջարկում է Սուրեն Խուդավերդյանը։

Ռոբերտ Խուդավերդյանը համամիտ է․

«Մի փոքր արտադրամաս բացեն՝ էս ժողուվուրդը աշխատի, էլ բան պետք չի, մարդիկ կապրեն»։

Օգնություն չսպասողների մասին

Արմինե Եգանյանը գյուղի մի քանի կանանց հետ արդեն չորս տարի է սեփական բիզնես է հիմնադրել։ Հելունով էկոլոգիապես մաքուր թելերից գործում են էկո-խաղալիքներ։ Ոչ հայերեն անվանում են հորինել իրենց գործի համար՝ «Բերքաբեր թոյզ», ու իրենց արտադրանքը վաճառում են արտասահմանում՝ հիմնականում ԱՄՆ-ում:

«Աշխատում ենք պատվերներով՝ տարբեր երկրներից։ Արդեն երրորդ պատվերն ենք ստացել «Հայ արծիվներ» կազմակերպությունից։ Համացանցով էլ ենք ունենում պատվերներ, զբոսաշրջիկներ են գալիս ամռանը գյուղ՝ գնում են։ Էսքիզները ես եմ անում։ Գործում ենք պանդա, շնիկ, փղիկ, ընձուղտ, նապաստակ, փիղ։ Մեկ օրում մեր ամենալավ վարպետը հասցնում է մեկ խաղալիք գործել։ Մի խաղալիքի համար 2000 դրամ ենք ստանում։ Ես միջինով մեկ ամսում մինչև 50 հազարի գումար եմ ստանում այս աշխատանքի համար», – պատմում է Արմինեն։

Երիտասարդների մասին

«Հիացած եմ գյուղի երիտասարդներով, նրանց մեջ ձգտումը շատ է։ Աշխատում են, ստեղծում, մտածում՝ ինչ անեն, որ գյուղատնտեսությունը զարգացնեն», – ասում է բերքաբերիավագ սերնդի ներկայացուցիչ Էդիկ Հարությունյանը։

Երիտասարդներից մեկը Արա Խուդավերդյանն է։ Ջողազի ջրամբարի ափին արքայանարնջի այգի ունի։ Տարեկան ստանում է 20-30 տոննա արքայանարինջ։

«Պատերազմից հետո մարդկանց մոտ կար այդ մտավախությունը. սահման է, այստեղ չունենան ինչ որ մի բան, որովհետև կարող է կորցնել։ Հեռանկար չէին տեսնում։ Բայց մեր նոր սերունդը կոտրեց այդ կարծրատիպը։ Գյուղում շատ երիտասարդներ ունենք, ովքեր դրել են իրենց բիզնեսները։ Ես 30 տոննա արքայանարնջից ստանում եմ հինգ տոննային մոտ օրգանական չիր։ Չրի գործն անում եմ արդեն երկու տարի», – պատմում է Արա Խուդավերդյանը։

Ասում է, որ գործը սկսել է դրամաշնորհով, որից հետո մասնակցել է միջազգային տարբեր ցուցահանդեսների։ Բերքաբերի արքայանարնջի չիրը ներկայացրել է Դուբայում ու Լոնդոնում, մի քանի փորձանմուշ ուղարկել է ԱՄՆ.

«Կան հետաքրքրված մարդիկ, կան պատվերներ, միակ խնդիրն այն է, որ օրգանիկ չիրը քիչ է Հայաստանում, իսկ պատվիրատուները մեծ քանակությամբ են ուզում։ Կա պահանջարկ, ինչը նշանակում է, որ Հայաստանում պետք է զարգացնենք օրգանական գյուղատնտեսությունը»։

Տուրիզմի մասին

Բերքաբերի աշխարհագրական դիրքը ինքնատիպ է, գյուղը փռված է գոգավորությունների վրա, Ջողազի ջրամբարն ու դիմացի լեռները ազդեցիկ տպավորություն են թողնում այցելուների վրա։

Համայնքապետ Արգամ Արզումանյանն ասում է, փորձում են նաև զարգացնել տուրիզմը, խորանալ ագրոտուրիզմի ու գաստրոտուրիզմի մեջ

«Սկզբում չէի հավատում, որ հնարավոր է այս վիճակում տուրիզմ զարգացնել, բայց հիմա հասկանում եմ`հնարավոր է։ Գյուղի բնությունը շատ սիրուն է, առանձնհատուկ օդ, ջուր ու խաղաղություն կա։ Խթաններից մեկն էլ կարող է լինել «Էքստրիմ սրճարանը», որը ակնհայտ գրավում է գյուղ այցելողներին»։

Սրճարանը կառուցված է գյուղի բարձրադիր գոտում, առաջնագծում՝ հատուկ էքստրիմի սիրահարների համար։ Նրանք կարող են այցելել սրճարանը, որտեղից տեսանելի են ադրբեջանական մի քանի գյուղ, Ջողազի ջրամբարը և ադրբեջանական զինուժի դիրքերը:

Այս պահին սրճարանը վերանորգվում է, մինչև ամառ աշխատանքները կավարտվեն։ Եվ զնոսաշրջիկները կկարողանան մեկ բաժակ սուրճը վայելել ադրբեջանական դիրքերից ընդմանեը 500 մետր հեռավորության վրա։

Բայց տեղացիների համար այն այլ խորհուրդ ունի․ կյանքը կանգ չի առել, այն շարունակվում է, թեև հակամարտությունը դեռ լուծված չէ։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում