Դատարանի որոշումը լրատվամիջոցներին մեկնաբանել է Քոչարյանի փաստաբանը, քանի որ ոչ իրավաբանների համար դժվար էր հասկանալ հրապարակված տեքստը" />

Հայաստանի Սահմանադրական դատարանը ճանաչել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության իրավունքի խախտումը։ Թարմացում

Դատարանի որոշումը լրատվամիջոցներին մեկնաբանել է Քոչարյանի փաստաբանը, քանի որ ոչ իրավաբանների համար դժվար էր հասկանալ հրապարակված տեքստը

Սահմանադրական դատարանում հրապարակվել է ութ դատավորների վճիռը, որոնք երկու օր քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող հոդվածների սահմանադրականությունը։ Քանի որ տեքստը դժվար էր հասկանալ իրավաբանական գիտելիքներ չունեցող անձանց, լրագրողները մեկնաբանություն են խնդրել Քոչարյանի փաստաբանից։ Եվ Արամ Վարևանյանը պարզաբանել է, որ հակասահմանադրական է ճանաչվել 35-րդ հոդվածն, ինչը նշանակում է․ խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության իրավունքը։

Նախկին նախագահի փաստաբանը հայտարարել է, որ պաշտպանությունն իր հետագա պլաններն ու գործողությունները կորոշի և կձեռնարկի այն բանից հետո, երբ առձեռն ստանա վճիռը և ծանոթանա մանրամասներին։

2019թ-ի սեպտեմբերի 3

Հայաստանում սեպտեմբերի երեքին սպասվում էր երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի վճիռը։

Մեղադրյալը դատարանին խնդրել էր ստուգել Քրեական օրենսգրքի այն հոդվածների սահմանադրականությունը, որոնք կիրառվում են իր հանդեպ։ Մասնավորապես, խոսքը գնում է Ռոբերտ Քոչարյանի՝ որպես պետության նախկին ղեկավարի անձեռնմխելիության և նրա կալանքի իրավաչափության մասին։

Սակայն դատավորներն այդպես էլ դուրս չեկան խորհրդակցական սենյակից, նրանց վճռի հրապարակումը հետաձգվել է սեպտեմբերի չորսին։

Նախկին նախագահի փաստաբանների հայտարարությունները

Մինչ դատավորները քննարկում էին գործի նրբությունները, լրագրողները պարզում էին նախկին նախագահի փաստաբանների սպասելիքները։ Նրանցից մեկը՝ Հայկ Ալումյանը, նշել է, որ դատարանը չի քննարկում նախկին նախագահի՝ կալանքի տակ գտնվելու հարցը․

«ՍԴ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված օրենքի սահմանադրականության հարցը և այդ օրենքին ընդհանուր իրավասության դատարանների կողմից տրված մեկնաբանությունների լույսի ներքո։ Եթե այդ օրենքը կճանաչվի Սահմանադրությանը համապատասխանող, ապա մենք կանցնենք մեր մյուս անելիքներին»։

Միաժամանակ փաստաբանը հայտարարել է, որ եթե Սահմանադրական դատարանը հաստատի պաշտպանության բոլոր փաստարկներն, ապա Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, իսկ քրեական հետապնդումը դադարեցվի։

Նախկին նախագահի մյուս փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ Քրեական դատավարության օրենսգրքում իրավական բացեր կան։ Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարան դիմելու համար առիթ է հանդիսացել Քոչարյանին կրկին կալանավորելու մասին Վճռաբեկ դատարանի 2018թ-ի նոյեմբերի 15-ի վճիռը։

Այն ժամանակ Վճռաբեկ դատարանը չեղարկել էր Վերաքննիչ դատարանի վճիռը, որի համաձայն՝  Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել կալանքից՝ հաշվի առնելով որպես նախկին նախագահ նրա անձեռնմխելիությունը։

«Հայաստանի իշխանությունները ճնշում են գործադրում դատարանի վրա»

Հայաստանի երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, հայտարարել է, որ երկրի իշխանությունները ճնշում են գործադրում դատարանի վրա։

«Հուսով եմ, որ Սահմանադրական դատարանը չի տրվի ճնշմանն ու օրենքի շրջանակում արդար վճիռ կկայացնի», – ընդգծել է Քոչարյան-կրտսերը։

Նրա խոսքով՝ Հայաստանի դատական համակարգի վրա գործադրվող ճնշումն ակնհայտ է․

 «Որտե՞ղ եք աշխարհում տեսել, որ դատարանների մուտքերն արգելափակեն առաջին դեմքի կոչով»։

Քոչարյանի որդին նկատի ուներ 2019-ի մայիսի 19-ին բոլոր դատարաններն արգելափակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչն իր կողմնակիցներին։

Ընդ որում, նախկին նախագահի կողմնակիցները բացահայտ հայտարարում են, որ այդ կոչի պատճառը դատարանի մայիսի 18-ին կայացրած որոշումն էր Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին։

Ավանդական ակցիաները

Դատարանի շենքի մոտ ավանդաբար հավաքվել էին նախկին նախագահի կողմնակիցներն ու հակառակորդները։ Նրա կողմնակիցները վանկարկում էին «Քոչարյան՝ հերոս»։ Հակառակորդներն այս անգամ թվով ակնհայտորեն զիջում էին։ Նրանցից մեկը՝ Վարդգես Գասպարին, ավանդույթի համաձայն, բողոքի պառկած ակցիա էր անցկացնում։

Ժամանակ առ ժամանակ կողմերի միջև կոնֆլիկտներ էին առաջանում, որոնք ստիպված էին հարթել ոստիկանները։

Վենետիկի հանձնաժողովի դերը Քոչարյանի գործում

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Հայաստանի դատական իշխանություններին խորհրդատվություն տրամադրել Ռոբերտ Քոչարյանի գործով։ Այս մասին օգոստոսի 22-ին հաղորդել են Սահմանադրական դատարանից։

Հուլիսի 18-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով Հայաստանի նախկին նախագահի գործով խորհրդատվություն ստանալու նպատակով՝ նախկին նախագահի նկատմամբ նկատմամբ սահմանադրական կարգի տապալման մասին հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ, ինչպես նաև, ըստ Սահմանադրության, նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էության սահմանման համար։

Վենետիկի հանձնաժողովի համաձայնությունն արդեն մեկնաբանել է Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը․

«Ակնկալում ենք, որ վերջնական գնահատականն այն է լինելու, որ այդ հոդվածները [որոնցով մեղադրվում է Քոչարյանը] այնքան էլ հասկանալի չեն և չեն կարող [Քոչարյանի] պատասխանատվության համար հիմք լինել»։

Սակայն, Խուդոյանի խոսքով, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը միայն խորհրդատվական բնույթ է կրում, և Սահմանդրական դատարանն, այնուամենայնիվ, կարող է այլ վճիռ կայացնել։

Մանրամասներ․ ինչի՞ համար է մեղադրվում նախկին նախագահը

2018թ-ի հուլիսին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ։

Խոսքը  2008թ-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հետևած դեպքերի մասին է։ Այն ժամանակ հայկական ընդդիմությունը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որը թեկնածուներից մեկն էր,  բողոքի ակցիաներ էր անցկացնում։ Ընդդիմադիրները վստահ էին, որ Տեր-Պետրոսյանն է հաղթել, և պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները։ Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչել Սերժ Սարգսյանին։

Ցույցը ցրելիս մարտական զենք էր կիրառվել, մարդիկ էին զոհվել։ Այն ժամանակ երկրի նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր։ Ըստ ԿԸՀ տվյալների ընտրված Սերժ Սարգսյանը դեռ չէր զբաղեցրել իր պաշտոնը։ Այդ պատճառով էլ այժմ՝ ցույցը դաժանաբար ցրելու և սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվում է Քոչարյանը։

«Մարտի 1»-ի գործի հետաքննությունը մեռյալ կետից սկսեց շարժվել 2018թ-ի հայկական «թավշյա» հեղափոխությունից հետո։ Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությունը անմիջապես սկսեց զբաղվել դրանով։

Հուլիսի 28-ին նախկին նախագահն առաջին անգամ կալանավորվեց «Մարտի 1»-ի գործով։ Սակայն երկու շաբաթ անց նրան ազատ արձակեցին։ Վերաքննիչ դատարանն ապօրինի ճանաչեց ավելի վաղ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով նա կալանավորվել էր։ Ազատ արձակելու համար հիմք էր հանդիսացել Ռոբերտ Քոչարյանի՝ որպես նախկին նախագահի անձեռնմխելիության մասին Սահմանադրության դրույթը։

2018 թ-ի օգոստոսին Քոչարյանին ազատ արձակվեց, իսկ նոյեմբերի 15-ին, Վճռաբեկ դատարանը գործը հետ ուղարկեց Վերաքննիչ դատարան նոր քննություն իրականացնելու համար։ Եվ 2018թ-ի դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը վճիռ կայացրեց նախկին նախագահին կրկին կալանավորելու մասին։

Այդ օրվանից Հայաստանի երկրորդ նախագահը նորից հայտնվեց բանտում՝ մինչև 2019թ-ի մայիսի 18-ը։ Այդ օրը, քննելով Քոչարյանի փաստաբանների՝ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը, դատավոր Դավիթ Գրիգորյանը նրան կալանքից ազատելու որոշում էր կայացրել։ Նա հաշվի էր առել Լեռնային Ղարաբաղի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջնորդությունը։ Նրանք դատարանին իրենց պատասխանատվության տակ խնդրել էին Քոչարյանի հանդեպ խափանման միջոցը փոխել՝ հաշվի առնելով «նրա ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում, ղարաբաղյան պատերազմում և հայկական բանակի կայացման գործում»։

Ի դեպ, 2019թ-ի փետրվարից նրա դեմ ևս մեկ մեղադրանք առաջադրվեց՝ 927 մլն դրամ [մոտ $3 մլն] կաշառք ստանալու համար։ Մեղադրանքը կապված էր 2018թ-ին նոյեմբերին նախկին նախագահի դեմ գործարար Սիլվա Համբարձումյանի հայտարարության հետ։

Քոչարյանը հայտարարել էր, որ երկրորդ գործն իր դեմ հարուցվել է, որպեսզի իր գույքի վրա կալանք դրվի։ Նա հիշեցրել է, որ առաջին մեղադրանքով իր գույքի վրա կալանք արդեն դրվել է։ Սակայն սահմանադրական կարգի տապալման գործով լրացուցիչ պատժամիջոց՝ մասնավորապես գույքի բռնագանձում չի ենթադրվում, ինչը չի բացառվում ենթադրվող կաշառքի մասին գործով։

Վերջին անգամ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է հունիսի 25-ին։

Նախկին նախագահն իր դեմ առաջադրված ոչ մի մեղադրանք չի ընդունում և դրանք որակում է որպես Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքական պատվեր և վենդետա։

Հայաստանի երկրորդ նախագահին նոր մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափի կալանքի ստացում

Քոչարյանը 2008թ-ի անկարգությունների համար պատասխանատվությունը Փաշինյանի վրա է դնում

Հունիսի 24-ին տեղական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նախկին նախագահ Քոչարյանը հայտարարել էր․

«Հայաստանի ներկայիս վարչապետն ուղիղ պատասխանատվություն է կրում 2008թ-ի մարտի 1-ի զանգվածային անկարգությունների համար և ցանկանում է վերանայել պատմությունն ու մեղավորների գտնել։ Նրա պատկերացմամբ մեղավորը ես եմ»։

Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ողջ կարիերայի ընթացքում խիստ ընդդիմադիր կեցվածք է ունեցել։ 2008թ-ի նախագահական ընտրություններին նա ներկայացնում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շահերը։ Նա ակտիվորեն մասնակցում էր նաև բողոքի ցույցերին, որոնք սկսվել էին ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո։ Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ընդդիմադիր գործիչը մեկ տարի չորս ամսով ընդհատակ էր անցել զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մեղադրանքների պատճառով։

2010թ-ի հուլիսի 1-ին Փաշինյանն ինքնակամ ներկայացել էր դատախազություն, կալանավորվել և դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Մեկ տարի և 11 ամիս անց նրա վրա տարածվել էր Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներումը։ Իրավապաշտպանները կարծում են, որ իշխանությունները ստիպված էին այդ քայլին գնացել՝ միջազգային կառույցների ճնշման տակ։

Իր գործով դատարանի 2019թ-ի հունիսի 25-ին որոշման հրապարակման նախօրեին տված հարցազրույցում Քոչարյանն ասել է, թե իր համար դրական վճիռ չի սպասում։ Նրա խոսքով, գործի լսումների ժամանակ «արվել է ամեն ինչ, որ պաշտպանությունը չկարողանա ներկայացնել իր դիրքորոշումը»։

Ռոբերտ Քոչարյանը բացահայտ և ոչ առաջին անգամ արտահայտել է իր վերաբերմունքը երկրի գործող իշխանությունների հանդեպ․

«Ակնհայտ է, որ ես այս իշխանությանը դեմ եմ լինելու։ Քաղաքական գործընթացները ցույց կտան՝ հիմնական, թե ոչ հիմնական և թե ինչ դեր ես կխաղամ ընդդիմադիր դաշտում»։

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն է վերադառնում կալանքից հետո

Միաժամանակ Հայաստանի երկրորդ նախագահն ուղիղ պատասխան չի տվել լրագրողի այն հարցին, թե որդյոք նա պատրաստվում է կրկին իշխանության գալ․

«Եթե լինեն ավելի երիտասարդ, աշխույժ, խորը գիտելիքներով մարդիկ, որոնց մեջ ուժ տեսնեմ, որն ունակ կլինի երկիրն առաջ տանելու, խնդիր չեմ տեսնում, ընդհակառակը, ես կուրախանամ՝ տեսնելով այդ մարդկանց։ Բայց․․․ այս հարցը դեռ բաց թողնենք»։


Կարդալ ավելին JAMnews-ում